Միքայել սրբազանի գործով հիմնական դատալսումները կանցկացվեն դռնբաց ռեժիմով։ Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Հաջորդ նիստում գրավոր ապացույցներն ենք հետազոտելու, դրա մի մասն է իրենց ներկայացրած ապացույցը, որտեղ ասում են, որ համակարգչի մեջ օրագիր են հայտնաբերել, դրա զննությունն է լինելու»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Երեմ Սարգսյանն ասաց, որ այսօրվա նիստում դատավորը բավարարեց իրենց միջնորդություններից երկուսը, բայց իրենք դրանով չեն ոգեւորվում։ «Մեզ համար պարզ է, սա թույլատրելիի սահմաններում է, այն, ինչն անթույլատրելի է ի սկզբանե, դրված է, որ դա չի կարելի, օրինակ, կալանքից ազատելը։ Այն, ինչը էական նշանակություն չունի իրենց համար, թույլատրելի է, դատարանն այդտեղ ինքնուրույն գործելու հնարավորություն ունի, օբյեկտիվ որոշում է կայացնում»,- նշեց փաստաբանը։
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ ասաց, որ դատավորի քայլերը ցույց են տալիս, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի այս գործի վերաբերյալ։ «Նմանատիպ վերաբերմունքով կարող ենք դատողություն անել, որ այս գործը քաղաքական ճնշում ունի։ Եվ մեզ մոտ տպավորություն է, որ քաղաքական հանձնարարությունների շրջանակներում մինչեւ սրբազանի կալանքի ժամկետի լրանալը դատարանն ուզում է արագ ավարտել եւ մեղադրական վերդիկտ տալ»,- նշեց Մարինե Ֆարմանյանը։
Կարդացեք նաև
Երեմ Սարգսյանը հավելեց, որ ինչ-որ պահի իրենց կողմից կարող է քննարկվել նաեւ դատավորի քրեական պատասխանատվության հարցը, որովհետեւ ընդդատության կանոնների ակնհայտ խախտմամբ դատական ակտ կայացնելը համարվելու է ակնհայտ անարդար դատական ակտ։
Երեմ Սարգսյանն ասաց, որ Բագրատ եւ Միքայել սրբազաններին հատուկ են միեւնույն խցում պահում, որպեսզի գաղտնալսեն․ «Ուզում են ինչ-որ խոսքեր լսել, որը կարող են իրենց նպատակների համար օգտագործել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ