Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի չէ միջազգային խաղաղության որեւէ մեխանիզմ, որը հիմնված լինի անձի վրա: Մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ Թրամփի հեռանալուց հետո էլ խաղաղությունը երաշխավորված լինի. Միքայել Նահապետյան. «Հրապարակ»

Օգոստոս 19,2025 10:46

Ալյասկայում շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին, որ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշ հարցեր դեռ պետք է քննարկվեն։

Այս պատմական հանդիպման, դրա հետեւանքների ու այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ:

– Այսինքն` Թրամփը չի կարողանում կատարել իր խոստումները, քանզի պատերազմը դադարեցնելու համար կողմերը միմյանցից զիջումներ են պահանջում:

– Այո, փաստը դա է, սակայն ինչ վերաբերում է Հայաստանի իրավիճակին, ապա հայտնի չէ միջազգային խաղաղության որեւէ մեխանիզմ, որը հիմնված լինի անձի վրա: Ամեն բան շահերի եւ ուժերի բալանսների վրա է հիմնված: Կարող է լինել Թրամփի կողմից առաջարկված, ճնշած համաձայնություն, սակայն մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ նույն Թրամփի հեռանալուց հետո էլ խաղաղությունը երաշխավորված լինի, եթե խոսքն իրական խաղաղության մասին է: Համենայնդեպս, մինչ այս պահը որեւէ տեղ չի նշմարվում, որ Թրամփի դիվանագիտական ճնշումները հանգեցրել են այդպիսի կայուն մեխանիզմների: Հայաստանի դեպքը բացառություն չէ:

– Թեպետ ռուսական կողմը պաշտոնապես ոչինչ չի հայտարարել Սյունիքի միջանցքի թեմայով, սակայն ռուսական մամուլը գրում է, թե Պուտինն ասել է, որ չի պատրաստվում միջանցքը որեւէ մեկին զիջել:

– Նախ, ՌԴ-ն այս պահին հակված է Թրամփին չնեղացնել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի քայլերին, ապա նույն Ռուսաստանը մինչ այս պահը նույնպես շատ բաներ չէր պատրաստվում զիջել, սակայն տեսնում ենք այլ պատկեր: Հայաստանում կա տեսակետ, որ ՌԴ-ն ինչ ուզի` կարող է անել, ուղղակի, հետո գալիս է ուղղակիների շղթան, տարբեր մեկնաբանություններով…. Իրականությունն այն է, որ ռուսական պատմությունն ունի կաղապարներ, որոնք անդադար կրկնվում են: Եթե մենք էպոսի նշանակությամբ պատմություններից զատ կարողանայինք սովորել նաեւ քաղաքագիտության հետ առնչություն ունեցող պատմություն, ապա կտեսնեինք, արեւելաեվրոպական ճակատը ռուսական կողմը մշտապես համարել է կենսական կարեւորության հարց, իսկ մյուս բոլոր ճակատները՝ ռազմավարական կարեւորություն ունեցող, սակայն, այնուամենայնիվ, զիջելու ենթակա…. ավելին` շատ ժամանակ արձանագրել է, որ իքս վայրում հայեր չկան, սակայն հետո տարբեր տեղերից հայերի է բերել ու բնակեցրել տվյալ վայրում: Մեր քաղաքական մտքի ողջ ողբերգությունն այն է, որ ինչին ռուսական կողմն ասում է «ռազմավարական խորություն», մենք դրան անվանում ենք հայրենիք: Մեր հաշվարկների ձախողումներն այդտեղ են թաքնված: Մեզ համար սա հայրենիք է, եւ եթե մի օր պարզվի, որ մեր չնահանջելու հույսը ռուսներն են եղել, Ռուսաստանը կարող է Ռոստովից հայեր բերել, բայց դա մեզ ի՞նչ, եթե մենք չենք….

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031