Լրահոս
Օրվա լրահոսը

Սա նույն «Զանգեզուրի միջա՞նցքն» է, թե՞ թուրքերի և ադրբեջանցիների պատկերացմամբ՝ «Թրամփի երթուղին». Վիգեն Հակոբյան. «Փաստ»

Օգոստոս 19,2025 10:58

««Թրամփի երթուղու» մասին օբյեկտիվ և համապարփակ կարծիք հայտնելու համար պետք է տեսնենք այն փաստաթուղթը, որը ստորագրվել է։ Այդտեղ շատ կարևոր հարց կա, որի պատասխանը մինչև այս պահը չունենք՝ այդ ճանապարհը, որը 99 տարով տրվում է երրորդ կողմի վերահսկողությանը, սկսվում և վերջանում է հայ սահմանապահո՞վ, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մաքսավորո՞վ։ Ավելի կոնկրետ՝ ադրբեջանցին և թուրքը կամ բեռները տեղափոխող մեքենաների վարորդներն առնչվելո՞ւ են Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին՝ սահմանապահներին, մաքսավորներին և սանիտարական ծառայության ներկայացուցիչներին, թե՞, ինչպես Ալիևն էր վերջերս ասում, «չենք ուզում տեսնել հայերի դեմքը»։ Սա ամենակարևոր հարցն է, դրանից կարող ենք եզրակացնել՝ սա նույն «Զանգեզուրի միջա՞նցքն» է, թե՞ թուրքերի և ադրբեջանցիների պատկերացմամբ՝ «Թրամփի երթուղին»»։ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք օրեր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ՝ ՓաշինյանԹրամփ-Ալիև հանդիպմանը, նախաստորագրված պայմանագրին և ձեռք բերված պայմանավորվածություններին։

Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ կողմերը ստորագրեցին 17 կետանոց փաստաթուղթ։ Ըստ Հակոբյանի, այս պարագայում ոչ թե «Խաղաղության պայմանագրի» մասին է խոսքը, այլ ֆիքսվել է այն իրավիճակը, ուժային բալանսը, որը ձևավորվել է տարածաշրջանում, հայ-ադրբեջանական հարաբերություններում։ «Փաստաթղթում ամրագրվում է այն, ինչ իրականում գոյություն ունի 2020 թվականի պատերազմից հետո։ Դրանում չկան «Խաղաղության պայմանագրի» ռեալ երաշխավորներ ու երաշխիքներ, կան դեկլարատիվ խոստումներ, ստորագրություններ։ Այդ փաստաթուղթն էական գին չունի, քանի որ խաղաղության մասին ցանկացած փաստաթուղթ իրականում ուժերի բալանսի մասին փաստաթուղթ է։ Խաղաղություն կամ ստատուս-քվո չի հաստատվում ազնիվ խոսք ասելով, այն հիմնված է լինում ուժային իրական բալանսի վրա։ Պատերազմի նման արդյունքների պարագայում, ուժային բալանսի նման խախտման պայմաններում պարտադիր են երաշխավորները։ Տվյալ պարագայում չունենք երաշխավորներ, Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի դեպքում ամերիկյան կողմն ընդամենը վկա է՝ «հարսանիքի վկա»։ Իրենք ո՛չ միջնորդ են, ո՛չ երաշխավոր։ Սա փաստաթուղթ է, որն իրենից որևէ արժեք չի ներկայացնում։ Այն բացառապես ներքին օգտագործման համար է։ Արտաքին խաղացողները՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը, փորձում են ուժեղացնել իրենց շատ հարմար, կոմֆորտային, «չտեսնված» գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքական դիրքերը առաջիկա նախընտրական զարգացումներից առաջ։ Իրեն մի փաստաթուղթ են տալիս, որով նա պետք է ուղեղներ լվանա Հայաստանում նախընտրական զարգացումների ժամանակ՝ ցույց տալով, թե՝ «ես խաղաղություն եմ խոստացել, հիմա դրան մոտ եմ, եթե ինձ ձայներ տաք և լեգիտիմ իրավունք ստորագրել ամեն ինչ, ապա կլինի խաղաղություն վերջնական փաստաթղթում»։ Իրենք ամրացնում են Փաշինյանի դիրքը, որպեսզի նա վերընտրվի, և իրենք պահպանեն իրենց գործընկերոջը։ Փաստն այն է, որ Հայաստանը ոչ մի էական բան չի ստանում այս փաստաթղթի ստորագրմամբ, բայց Նիկոլ Փաշինյանը փորձում է այս փաստաթղթի նախաստորագրմամբ և «Զանգեզուրի միջանցք» կամ «Թրամփի երթուղի» ծրագրով փոքր-ինչ բարելավել իր նախընտրական դիրքերը, որովհետև իր ռեյտինգները բավականին ցածր են և չեն ենթադրում, որ նա կարող է որևէ կերպ վերընտրվել։ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ անձամբ ստացել է ինչ-որ քարտ բլանշ, որով կկարողանա հույս ունենալ, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում կարող է առհասարակ մրցունակ լինել։ Այս պահի դրությամբ իր վարկանիշով նա չի կարող հույս ունենալ, որ քիչ թե շատ լեգիտիմ ընտրությունների պարագայում կարող է վերարտադրել իր իշխանությունը»,-նշում է քաղտեխնոլոգը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031