-Ես ինձ համար շատ ծանր որոշում եմ կայացրել՝ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունն ու զբաղվել այն գործունեությամբ, որը իսկապես կարող է փոփոխություն բերել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Նա մեկն է ՆԺԱՐ սահմանադրական շարժման հիմնադիրներից:
Շարժումը հանրային շարժում է, սակայն նաեւ նախընտրական քաղաքական հայտ է ներկայացնում ու պատրաստվում է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Կարդացեք նաև
-Իրավապաշտպանությամբ զբաղվելու 25 տարիները բավարար էին, որ կարողանաս գնահատել, համեմատել այն, ինչ ունեցել ենք ժամանակին, ինչ ունենք հիմա: Խոսքը գնում է քաղհասարակության մասին: Ցավալիորեն իրավապաշտպանությունը եւ քաղահասարակությունը շատ լուրջ հետընթաց են ապրել, ես կասեի՝ կազմաքանդման իրավիճակում ենք գտնվում: Դա վերաբերում է ոչ միայն պետական կառույցներին, այլեւ քաղհասարակությանը՝ ամենակարեւոր ինստիտուտներից մեկին, առանց որի հնարավոր չէ կառուցել պետություն, ժողովրդավարություն, հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ կառավարում: Մենք տեւական ժամանակ գնացել ենք մի ճանապարհով, որը չեզոքացրել է արժեքները ամեն ինչում, իսկ դա չէր կարող հետեւանք չունենալ քաղհասարակության վրա,- շարունակեց Կարապետյանցը:
Նա նաեւ հավելեց, որ իրենք առաջարկելու են կոնկրետ ծրագրեր ու գործողություններ :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ