Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գնահատականը տվել ենք անցյալին, մենք առաջարկում ենք այդ գնահատականով փակել անցյալի էջը ու քաղաքական առումով նայել ապագային. Միսկարյան

Օգոստոս 19,2025 13:11

ՆԺԱՐ նորաստեղծ սահմանադրական շարժումը այս աշնանը կներկայացնի Սահմանադրական փոփոխությունների իրենց փաթեթը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՆԺԱՐ-ի հիմնադիրներից Գարեգին Միսկարյանը:

Մինչ ներկայացնելը լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ փոփոխություններ են առաջարկում:

«Առաջինը՝ Սահմանադրական երաշխիքներով ինքնորոշման ազգային ինստիտուտի հիմնադրումն է, որը ձեւավորելու է Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական շերտերի ձեւավորմանը: Տարիներ շարունակ այն, ինչ կատարվել է ՀՀ-ում այդ ոլորտում, քաղաքական շերտը ծառայել է վճարողի շահին, ոչ թե պետական շահին: Իսկ քաղհասարակության մասով մի կողմից զարգացում նկատվել է, բայց շատ անարդյունավետ եւ թույլ քայլերով է առաջ գնացել: Այդ ինստիտուտի նպատակը լինելու է նաեւ ռազմավարական ծրագրերի մշակումը, եւ խորհրդատվությունը օրվա իշխանություններին: Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է պետական խորհրդի ինստիտուտի ներդրմանը պետական կառավարման մեջ: Դա, մեր գնահատմամբ, այն պակասող օղակն է, որը փխրուն ժողովրդավարություն ունեցող պետությունների համար կարող է լինել որպես, չասեմ փրկություն, բայց արդյունավետության կտրուկ բարձրացում կառավարման հարցում հակակշիռների ձեւավորման մեջ: Սրանք հիմնական երկու փոփոխություններն են, բայց կան նաեւ այլ առաջարկներ: Մենք Սահմանադրական փոփոխությունների փաթեթը կներկայացնենք հոկտեմբեր- նոյեմբերին» ,- պատասխանեց Միսկարյանը:

Նա նաեւ նկատեց, որ գործող իշխանությունները ոչնչով չեն տարբերվել նրանցից, ում քննադատել են. «Արցախը պահելը միայն ՀՀ ինքնիշխանությունը վաճառելու գնով, Արցախ պահել չէ: Մենք խնդիրը ախտորոշել են հետեւյալ կերպ՝ ՀՀ համակարգային ճգնաժամի պատճառը գոյություն ունեցող կառավարման կառուցվածքի, մշակույթի մեր ազգային մշակույթի ու առաջարկվող մոդելների մեջ գոյություն ունեցող ճեղքն է: Մենք փորձում ենք Սահմանադրական փոփոխության մեր մոդելով լրացնել այդ ճեղքը»:

Անդրադառնալով շարժման հիմնադիրներից Արտաշես Իկոնոմովի հայտարարությանը, թե իրենք գալիս են ոչ թե բաժանելու, այլ միավորելու, պարոն Միսկարյանը շարունակեց. «Դա նշանակում է՝ ժողովրդի հետ հարաբերություններում էդ գիծը նախկին-ներկա անձնավորված չի լինելու: Քաղաքական գնահատականը տվել ենք անցյալին, մենք առաջարկում ենք այդ գնահատականով փակել անցյալի էջը ու քաղաքական առումով նայել ապագային, խոսել ծրագրերի ու անելիքների մասին, ինչը տեւական ժամանակ Հայաստանում բացակայել է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031