Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևին բացահայտ աջակցելով՝ Բաքուն Արևմուտքում փորձում է ամրապնդել իր դիրքը՝ որպես հուսալի գործընկերոջ. «Գեղարդ» հիմնադրամ

Օգոստոս 19,2025 16:37

«Գեղարդ» հիմնադրամ. Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով Ուկրաինայում ոչնչացվել են նավթավերամշակման գործարաններ, որոնց ենթակառուցվածքների զգալի մասը կա՛մ պատկանում է Արևմտյան Եվրոպային, կա՛մ սպասարկում է նրա տնտեսական շահերը։ Ադրբեջանն այստեղ կարևոր խաղացող է։ Վերջինս մասնակցում է Ուկրաինային նավթ և նավթամթերք մատակարարելու շրջանցիկ սխեմաներին։ Բաքուն Ուկրաինայում վերահսկում է զգալի ակտիվներ, և, ամենակարևորը, Ադրբեջանը վերամշակման համար նավթ է մատակարարում ուկրաինական նավթավերամշակման գործարաններին։ Բաքվի տնտեսական շահերին զգալի վնաս հասցրած այս հարվածներն էլ ավելի են սրում ռուս-ադրբեջանական՝ առանց այն էլ լարված հարաբերությունները։ Կիևին բացահայտ աջակցելով՝ Բաքուն Արևմուտքում փորձում է ամրապնդել իր դիրքը՝ որպես հուսալի գործընկերոջ։

2025 թվականի հուլիսի վերջին ադրբեջանական գազի մատակարարման շուրջ համաձայանգիր է ստորագրվել ուկրաինական պետական «Նաֆթոգազ» և SOCAR Energy Ukraine[1] ընկերությունների միջև։ Փորձնական գազամատակարարումն առաջին անգամ իրականացվել է Տրանսբալկանյան երթուղով՝ Բուլղարիա-Ռումինիա-Ուկրաինա միջանցքով։ Ստորագրված համաձայնագիրն Ուկրաինայի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ պատերազմի հետևանքով երկրի գազի պաշարները վերջին 11 տարվա ընթացքում 2025 թվականին հասել են ամենացածր մակարդակին։ Թեև այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Կիևը ձմռան համար նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, սակայն ֆինանսական խնդիրները լուրջ խոչընդոտներ են ստեղծում գազի անհրաժեշտ պաշարների ձեռքբերման համար։

Ադրբեջանաուկրաինական այս համագործակցությունը կարող է նաև հնարավորություն ստեղծել ադրբեջանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցման համար։ Հատկանշական է, որ համաձայնագիրն ստորագրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սրման պայմաններում և կարող է նպաստել եվրոպական երկրների՝ ռուսական գազի մատակարարումներից վերջնականապես հրաժարվելուն։

Ադրբեջանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցման հնարավոր զարգացումների մասին դեռ այս տարվա հունվարին խոսել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իսկ փետրվարին երկրի արտգործնախարարությունը հայտարարել էր այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Դրան հաջորդել էր Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի այցը Բաքու, հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բնականաբար, չուշացան նաև ռուսական կողմի արձագանքները՝ կապված Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրված համաձայնագրի հետ։ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ «Ադրբեջանի առաջնային ցանկությունն է դիրքավորվել որպես մի պետություն, որն առնվազն ինքն իրեն չի պահում որպես ՌԴ դաշնակից, և որը որևէ կերպ չի սահմանափակի իր կապերը Ռուսաստանի հակառակորդների ու թշնամիների հետ»:

Բաքուն օգտվում է Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակից՝ ձգտելով ամրապնդել իր դիրքերը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական դաշտում։

44-օրյա պատերազմից հետո ձևավորված հաղթանակի էյֆորիան ադրբեջանական հանրության մեջ աստիճանաբար մարում է, իսկ ալիևյան ռեժիմին անհրաժեշտ է արտաքին «թշնամու» նոր կերպար՝ մարդկանց տնտեսական խնդիրներից շեղելու, ներքին դժգոհությունները զսպելու համար։ Արտաքին քաղաքական դաշտում Ադրբեջանի տնտեսական շահերը եվրոպական երկրների հետ պահանջում են բարիդրացիական հարաբերությունների կառուցում։

Վերջին շրջանում ռուսական ուժերի կողմից Ուկրաինայում նավթավերամշակման գործարաններին ու տերմինալներին հասցված հարվածները Բաքուն օգտագործեց որպես կրած տնտեսական վնաս։ Խոսքն Ուկրաինայում ավերված Կրեմենչուկի և Դրոգոբիչի նավթավերամշակման գործարանների մասին է, որոնք աշխատել են ադրբեջանական նավթի հումքով։ Կրեմենչուկի նավթավերամշակման գործարանը, մինչև ոչնչացումը, տարեկան արտադրել է մոտ 500 հազար տոննա արտադրանք։ 2017 թվականին Կիևն ու Բաքուն պայմանավորվածություններ էին ձեռք բերել Կրեմենչուկի զտիչներին տարեկան 1,3 մլն տոննա նավթ մատակարարելու վերաբերյալ։ Ընդ որում՝ նավթը մատակարարվում էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) վերահսկողության տակ գտնվող Օդեսայի բեռնափոխադրման տերմինալի միջոցով։

Ադրբեջանական «SOCAR»-ն ակտիվորեն ներդրումներ է կատարել Իլիչևսկի նավթային բեռնման տերմինալի գործունեության մեջ ևս, որը նույնպես տուժել է ռուսական հարվածներից։ Ըստ փորձագետների՝ նավթավերամշակման գործարանների ոչնչացման հետևանքով Բաքուն արդեն իսկ կորցրել է միլիոնավոր դոլարներ, իսկ իրադարձությունների հետագա զարգացումները կարող են Բաքվին զրկել կայուն շուկայից։

Ադրբեջանի համար էներգետիկ ոլորտը կենսական նշանակություն ունի, քանի որ երկրի տնտեսությունը մեծապես կախված է նավթի և գազի արտահանումից։ Երկրի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 33,898․554 միլիարդ դոլար, որից 91,5%-ը կամ 31,171․151 միլիարդ դոլարը կազմել է հանքային վառելիքի և հանքային յուղերի արտահանումը։ Այլ կերպ ասած՝ եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող նավթի ու գազի հետ կապված ցանկացած խնդիր կարող է ծանր հետևանքներ ունենալ Ադրբեջանի տնտեսության համար։

Հուլիսի սկզբին Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցով իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ուկրաինային և նրա տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։

Հուլիսի 10-11-ն Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին՝ վստահեցնելով, որ Ադրբեջանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Բացի այդ՝ Ադրբեջանը, որը Ուկրաինային օգնություն է ցուցաբերում ականազերծման ոլորտում ևս, հայտարարել է համապատասխան պահեստամասերի տրամադրման ու մասնագետների վերապատրաստման պատրաստակամության մասին։

Իր հերթին՝ Իլհամ Ալիևը հուլիսի 19-ին բռնազավթված Շուշիում անցկացված ֆորումի ժամանակ, զուգահեռներ տանելով Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի միջև, Կիևին խորհուրդ է տվել «երբեք չհամաձայնել օկուպացիայի հետ»։ Ավելի ուշ՝ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ուկրաինացի լրագրող Ելենա Կուրբանովան Ալիևին նվիրում է Ուկրաինայի Զինված ուժերի տարբերանշանը։

Որպես «երկու ժողովուրդների միջև անկեղծ աջակցության, բարեկամության ու համերաշխության դրսևորում»՝ Ադրբեջանը հյուրընկալել է նաև 300 ուկրաինացի երեխաների՝ վերականգնողական բուժման ու հանգստի նպատակով։

Նշենք, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրած ընդհանուր մարդասիրական օգնության ամբողջ արժեքը, ներառյալ՝ վերականգնման և վերակառուցման օգնությունն, արդեն գերազանցել է 44 միլիոն ԱՄՆ դոլարը։

Օրեր առաջ՝ օգոստոսի 11-ին, Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով Ադրբեջանը 2 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային՝ որպես մարդասիրական օգնություն։ Էլեկտրական սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է Ուկրաինա, երկրորդ մասը նախատեսվում է ուղարկել առաջիկա օրերին։

Ի հեճուկս ուկրաինաադրբեջանական մերձեցմանը՝ Ռուսաստանն օգոստոսի 6-ին անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ուկրաինառումինական սահմանին մոտ գտնվող գազատար ենթակառուցվածքին, որի միջոցով Ադրբեջանից բնական գազ է մատակարարվել Ուկրաինա։ Ըստ տեղացի փորձագետների՝ կայանի վերականգնումը հնարավոր է՝ ամիսներ տևի։ Ռուսական զինուժի կողմից մեկ այլ հարձակում տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամթերքի պահեստին, որի հետևանքով վնասվել է նաև դիզելային վառելիքի խողովակաշարը։

Օգոստոսի 17-ին՝ ուշ երեկոյան, «Գերան-2» անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին։

Այսպիսով՝ Բաքուն Ուկրաինային աջակցելու իր պատրաստակամությամբ միաժամանակ և՛ համերաշխություն է հայտնում Կիևին, և՛ ուղերձ է հղում Արևմուտքին։ Այս դիրքավորումն առավել ակնհայտ է դառնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման ֆոնին, երբ Ադրբեջանը ձգտում է ոչ միայն ամրապնդել հարաբերություններն Արևմուտքի հետ, այլև՝ ռազմավարական առավելություն ստանալ Մոսկվայի նկատմամբ։ Մինչդեռ Ադրբեջանի նման քայլերը կոշտ արձագանք են գտնում Ռուսաստանում և՛ քարոզչական, և՛ գործնական առումով։

[1] Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության դուստր կազմակերպություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031