Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

«Մերօրյա այս հերոսները մարդասիրական գործի հետեւակային զինվորներն են, որոնք աշխատում են տեղում եւ հաճախ մնում անտեսանելի»

Օգոստոս 19,2025 17:08

Մարդասիրության համաշխարհային օրն «Ավրորան» հարգանքի տուրք է մատուցում խիզախ մարդասերներին

Փառաբանենք նրանց, ովքեր փրկում են մարդկանց, եւ առաջադրենք նրանց «Ավրորա» մրցանակին

Օգոստոսի 19, 2025 թ․, Վաշինգտոն․ Մարդասիրության համաշխարհային օրն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր համերաշխությունն է հայտնում մարդասիրական աշխատանք իրականացնողներին ամբողջ աշխարհում, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց օգնելու, հույսը վերականգնելու եւ արժանապատվությունը պաշտպանելու համար։ Կարեւորելով այս օը՝ «Ավրորայի» գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը եւ «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) համահիմնադիր եւ նախագահ Ջուլիեն Լուսենգեն համատեղ հոդված են հրապարակել այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի էական աջակցություն ցուցաբերել առաջնագծում մարդասիրական գործունեություն իրականացնող մարդկանց։

«Մարդասիրության համաշխարհային օրը մեզ հիշեցնում է այն մասին, որ նույնիսկ ամենադժվարին վայրերում կան անձնազոհ մարդիկ, որոնք լուռ անում են իրենց գործը՝ ոչ թե ճանաչման համար, այլ որովհետեւ մարդկանց կյանքը դրանից է կախված»,- ասաց «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան, որը միակ մշտական վիրաբույժն է Սուդանի Նուբայի լեռներում՝ սպասարկելով ավելի քան մեկ միլիոն բնակչության։ «Չմոռանանք, որ այս պահին կան մարդիկ, որոնք մեր օգնության կարիքն ունեն։ Եվ մենք իրավունք չունենք երես թեքելու»։

Արտաքին օգնության աննախադեպ մեծածավալ կրճատումների եւ աշխարհում սրացող ճգնաժամերի պայմաններում չափազանց կարեւոր է ճանաչման արժանացնել տեղում մարդասիրական աշխատանք իրականացնողների խիզախությունն ու նվիրումը, համախմբել համաշխարհային ջանքերն՝ արձագանքելու անընդհատ աճող իրական կարիքներին։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ գրեթե 190 միլիոն մարդ այսօր աշխարհում ապրում է կյանքի համար վտանգավոր պայմաններում, իսկ 2014 թվականից ի վեր բռնի տեղահանված անձանց թիվն ավելի քան կրկնապատկվել է՝ 59 միլիոնից հասնելով 123 միլիոնի։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն նրանց, ովքեր արձագանքում են տառապանքին, այլեւ նրանց, ովքեր ոգեշնչում են մյուսներին՝ գործելու։ «Ավրորայում» մենք լույս ենք սփռում այն անհատների վրա, որոնք գործում են այնտեղ, որտեղ հաստատությունները ձախողում են: Մերօրյա այս հերոսները մարդասիրական գործի հետեւակային զինվորներն են, որոնք աշխատում են տեղում եւ հաճախ մնում անտեսանելի»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։ «Մեր առաքելությունն է նպաստել եւ աջակցել նրանց կենսական աշխատանքին եւ հիշեցնել աշխարհին, որ նույնիսկ ճնշող կարիքի պայմաններում խիզախությունն ու կարեկցանքը շարունակում են մնալ դրական փոփոխության հզոր շարժիչ ուժ»։

Մարդասիրության համաշխարհային օրն «Ավրորան» վերահաստատում է իր հավատարմությունը «Երախտագիտությունն՝ ի գործ» սկզբունքին։ Սա խթան է` ի պատասխան բարիք գործելու, երբ ժամանակին մեկ ուրիշն է քեզ օգնել իր խիզախ արարքով։

«Այս աշխատանքն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կհայթայթեն միջոցներ։ Մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կպատմեն մեր պատմությունները։ Մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կպաշտպանեն նրանց, ում փրկել ենք։ Մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կպայքարեն այնտեղ, որտեղ մենք մուտք չունենք»,- ընդգծեց «Ավրորայի» մերօրյա հերոս, Նիգերիայում «Մորաքույր Լանդայի Բեթել» հիմնադրամի (Aunt Landa’s Bethel Foundation) հիմնադիր Յոլանդա Ջորջ-Դեյվիդը։ Նա «Ավրորա» համայնքի անդամ է եւ իր ողջ կյանքը նվիրել է սեռական բռնության, մարդկային թրաֆիքինգի եւ գենդերային բռնության զոհերի վերականգնմանն ու աջակցությանը։

Հիմնադրումից ի վեր՝ «Ավրորան» ավելի քան 3.5 միլիոն մարդու կյանք է բարեփոխել 63 երկրում եւ տարածքում իր գլխավոր՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) եւ մարդասիրական մյուս ծրագրերի միջոցով։ Նախաձեռնությունը խրախուսում է անհատներին եւ կազմակերպություններին առաջադրել բացառիկ մարդասերների «Ավրորա» մրցանակին՝ բարձրացնելու համաշխարհային իրազեկության մակարդակը եւ աջակցելու տեղում աշխատող եւ ողջ աշխարհում շոշափելի ազդեցություն գործող համայնքային մարդասիրական ջանքերին։ 2025 թ. նոյեմբերի 6-ին Նյու Յորքի Էլիս կղզում կանցկացվի 2025 թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը՝ արժանին մատուցելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ նշելով ազդեցության մի ամբողջ տասնամյակ։ Միջոցառումը կհամախմբի մերօրյա հերոսներին, բարերարներին եւ փոփոխության առաջամարտիկներին, այդ թվում՝ Նոբելյան եւ Պուլիցերյան մրցանակի դափնեկիրների եւ առաջնորդների, որոնք «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում են։

Լուսանկարում՝ Ջուլիեն Լուսենգեն ԿԴՀ-ում օգնում է 40 երեխայի՝ վերագտնելու իրենց ապագան։ Նախագիծն իրականացվում է 2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Դենիս Մուկվեգեի տրամադրած դրամաշնորհով։ Լուսանկարը տրամադրել է SOFEPADI կազմակերպությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը խթանում է մարդասիրական գործունեությունն աշխարհի տարբեր անկյուններում՝ բացահայտելով եւ աջակցելով մերօրյա հերոսներին։ «Ավրորան» ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Անցած տասը տարում այն աջակցել է մարդասիրական ճգնաժամերից տուժած ավելի քան 3.5 միլիոն մարդու։ Ֆինանսական աջակցություն տրամադրելով աշխարհի տարբեր անկյուններում մարդասիրական աշխատանք իրականացնողներին՝ այն օգնում է մարդասիրական արժեքների եւ գործի տարածմանը նաեւ ապագայում։ Ավելին իմանալու համար այցելեք АuroraHumanitarian.org։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031