Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությանը և համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 126 միլիոն 500 հազար ՀՀ դրամ

Օգոստոս 19,2025 18:25

Օգոստոսի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Վաղ առավոտյան նախարար Սարգսյանը մասնակցել է Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրահանգավորմանը։

Արփինե Սարգսյանը, դիմելով անձնակազմին, ընդգծել է, որ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն էականորեն նվազել են, ինչը վկայում է պարեկների կողմից առավել արդյունավետ հսկողություն իրականացնելու մասին։ Այսուհանդերձ, ՆԳ նախարարը հանձնարարել է կրկնապատկել ջանքերը ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազագույնի հասցնելու համար։

ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի հանցագործությունների թիվը 81-ով նվազել է։ Ընդհանուր պատկերում՝ հիմնականում նվազել են մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցանքները։ Միևնույն ժամանակ, աճել են բնակարանային գողություններն ու համակարգչային հափշտակությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցների իրացման 76 դեպք, ինչը դրական առումով էականորեն տարբերվում է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում քրեական հետապնդում է իրականացվել 80 անձի նկատմամբ, ինչը ևս անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ էականորեն բարձր է։ Ակտիվ աշխատանք է տարվել նաև տնտեսական ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում, ինչի արդյունքում պետությանը և համայնքներին պատճառված վնասից արդեն իսկ վերականգնվել է շուրջ 126 միլիոն 500 հազար ՀՀ դրամ։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի մարզի բաժինների ղեկավարները։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում գրանցվել է 506 դեպք, բացահայտվել՝ 452-ը։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լատենտային բնույթի հանցատեսակների առումով էականորեն աճել են ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության, նվազել՝ ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։ Հաշվետու ժամանակահատվածում աճել են ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշվառումները։

Ընդհանուր պատկերում բացահայտումների առումով առավել դրական արդյունքն արձանագրվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Գրանցված 703 հանցանքից բացահայտվել է 670-ը։ Ընդ որում, բաժնի սպասարկման տարածքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 142-ով քիչ հանցանք։ Նվազումն արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով՝ բացառությամբ տնտեսական գործունեության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների։ Արձանագրվել է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման աճ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման առումով աճ է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում։ Գրանցված ընդհանուր 58 տարատեսակ հանցանքից բացահայտվել է 42-ը։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցանքները, աճել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։ Բաժնի սպասարկման տարածքում նվազել են նաև ընտանիքում բռնության գործադրման դեպքերը։ Միաժամանակ 5 բռնարար հաշվառվել է։

Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 6141 ահազանգ՝ 866-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների  փաստերով Արմավիրի պարեկները կազմել են ընդհանուր 39․230 արձանագրություն՝ 5707-ով քիչ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 774 վարորդ։ Բացի այդ, Արմավիրի պարեկները բացահայտել են 438 հանցանք, այդ թվում՝ 11 ապօրինի թմրաշրջանառության, 2՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք։

Զեկույցների ավարտին նախարար Սարգսյանը, գնահատելով Ոստիկանության ծառայությունների անցած վեց ամսվա աշխատանքը, քննարկման առարկա է դարձրել մի շարք թիրախային հարցեր, որոնց լուծումը կնպաստի հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

ՆԳ նախարարը հանձնարարել է 2-րդ կիսամյակում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը դարձնել առավել առաջնային։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն դարձնել ապօրինի հանքարդյունաբերության դեպքերի բացահայտման ու պետությանը պատճառված վնասների վերականգնման գործընթացներին։

Անդրադառնալով մարզում տեղի ունեցած և հասարակական հնչողություն ստացած որոշ հանցանքների՝ նախարար Սարգսյանն անձնակազմից պահանջել է կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող անձանց շրջանում ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները՝ անկախ նրանց կարգավիճակից ու հասարակության մեջ ունեցած դիրքից։

Կանխարգելման տեսանկյունից ՆԳ նախարարը առանձնացրել է գիշերային շրջիկ ծառայությունների ինտենսիվացումը, օրվա ցանկացած ժամի մարդաշատ ու բակային տարածքներում ոստիկանության ծառայողների պատշաճ ներկայությունը, բնակչության հետ առողջ շփումները։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է գործընկեր կառույցների հետ փոխլրացնող միջոցառումներով այս տարվա երկրորդ կիսամյակում ավելի դրական արդյունք արձանագրել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման ու հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցման առումով։

Հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի ուղղությամբ Արփինե Սարգսյանը կարևորել է նաև վետերան ոստիկանների ներուժի և փորձի օգտագործումը, նրանց հետ մասնագիտական շփումների ակտիվացումը։

Ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը հատկացվել է էլեկտրոմոբիլ։

Նույն օրը ՆԳ նախարարը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Արմավիրի բաժին, հետևել մատուցվող ծառայությունների ընթացքին ու քաղաքացիներից հետաքրքրվել դրանց որակից։

Նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, եղել է նաև Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը, հաղորդակցվել հրշեջ-փրկարարների հետ։

Այնուհետև Արփինե Սարգսյանն այցելել է Մեծամորում ծառայություն իրականացնող ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակ, զրուցել աշխատակիցների հետ, քաղաքացիներից հետաքրքրվել մատուցվող ծառայությունների ընթացքից։

ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Մեծամորի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, զրուցել քաղաքացիների հետ, որոնք գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

Արմավիր կատարած այցի շրջանակներում ՆԳ նախարարն այցելել է նաև Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի Մեծամորի դասակ, շրջել դասակի նոր վերանորոգված վարչական շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու տեխնիկական համալրվածությանը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031