Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազանի կողմից ռազմական հեղաշրջման կոչի փաստական հանգամանքը չի հաստատվում, իրենց ապացույցներն անթույլատրելի են»․ փաստաբաններ

Օգոստոս 19,2025 18:55

«Եկանք հասանք այս փուլին, որ իրենք պետք է իրենց ապացույցներով այս մեղադրանքը հիմնավորեին։ Ամեն իրենց ապացույցը հետազոտելուց հետո մենք ասում ենք՝ լավ, ասեք սրանում որտե՞ղ է ստեղծվել ձեր ապացույցը։ Եթե ձեր ամենասկզբունքային ապացույցը հենց այն հարցազրույցն է, որը հարցազրույց էլ չէ, ընդամենը քննարկում է, եթե համարենք հարցազրույց է, բովանդակային դրանում ասվում է, որ վեց տարի է՝ ես ասել եմ, որ ռազմական հեղաշրջում է պետք, ասել եմ Քոչարյանին, ասել եմ Սերժ Սարգսյանին։ Հիմա ասում ենք՝ ընկերներ, եթե տարիներ շարունակ այդ մասին ասել է, դուք համարել եք, որ սա հանցագործություն չէ, դուք ասում եք՝ հիմա, այս պահին դու կոչ ես անում։ Եթե նախկինը հանցագործություն չէ, ո՞նց կարող է այդ փաստը, որ ինքը պատմում է, հանցագործություն լինել։ Սա այնքան պարզ ու պրիմիտիվ բան է, որ իրենք չունեն սրա պատասխանը»,- Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին ասաց Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստում հետազոտվեցին ապացույցները, դատարանն ուսումնասիրում էր Միքայել սրբազանի հարցազրույցների տեսագրությունները։ Հետազոտվեցին նաեւ Միքայել սրբազանի տան խուզարկության արձանագրությունները եւ քննչական գործողությունների տեսաձայնագրությունները։

Երեմ Սարգսյանն ասաց, որ մնացած ապացույցները խախտումների կույտ են, պաշտպանական թիմը հատիկ-հատիկ ցույց է տալիս, թե ինչ խախտումներ են կատարվել։ «Պրիմիտիվության մակարդակի են այս խախտումները, եւ որեւէ մեկը չի կարող այդ հիմքով մեղադրանքն ապացուցել։ Այս պահին իրենց ապացույցներն անթույլատրելի են, իսկ եթե համարենք, որ բոլորը թույլատրելի են, այդ կոչի փաստական հանգամանքը չի հաստատվում, հետեւաբար չկա մեղադրանք, շինծու է»,- հավելեց փաստաբանը։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ ասաց՝ այս գործի շրջանակներում այնքան քրեադատավարական խախտումներ են տեղի ունեցել, որ սրա մասին նույնիսկ դասագիրք կարելի է գրել։

«Սկսած գլխավոր դատախազի միջամտությունից նախաքննության ընթացքին, վերջացրած խուզարկության ժամանակ ԱԻՆ-ի կողմից դուռը դռելով ծակելով։ Այսինքն՝ խախտումների մի մեծ փաթեթ, որը որեւէ քրեաիրավական գնահատականի մեջ չի տեղավորվում։ Բայց կոնկրետ այդ ԱԻՆ-ի գալը ու դռելով ծակելը, հարց է ծագում՝ որտեղից եկան ԱԻՆ-ի աշխատողները, ի՞նչ ընթացակարգերի շրջանակներում։ Սրա պատասխանը չտրվեց։ Նույնիսկ խուզարկությունը տեսաձայնագրողի անձը չպարզաբանվեց»,- նշեց Մարինե Ֆարմանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031