««Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։ Այս իրողությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճված լինեին փոխզիջումների գնով»:
Սա մի հատված է ՀԱԿ՝ 2016թ. դեկտեմբերի 17-ի համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից:
Եվ թվում է՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի հեղինակ, հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մեծ ջատագով առաջին նախագահը պետք է գնահատեր օգոստոսի 8-ին տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ արված հսկայական քայլը, կամ առնվազն խոսեր կայացված համաձայնությունների դրական և (առկայության դեպքում) բացասական կողմերի մասին:
Այնինչ այս տասը օրերի ընթացքում Տեր-Պետրոսյանը խոսել է երեք անգամ, որոնցից առաջին անգամը տարակուսել է, թե ինչու է լռում Ռուսաստանը, երկրորդ անգամ անդրադարձել է երկու տարի առաջ ծավալված և ավարտված «Հայո՞ց պատմություն, թե Հայաստանի պատմություն» թեմայով բանավեճին՝ հերթական անգամ Փաշինյանին անվանելով գավառական: Իսկ երրորդ անգամ արդեն տարակուսանք է հայտնել, թե ինչու են լռում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները, ինչու չեն անում զանգվածային ցույցեր, փակում փողոցներ:
Կարդացեք նաև
Չէ՞, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի երևակայության մեջ կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում արցախցիներին (սա մերկապարանոց սուտ է): Տպավորություն է՝ Ռուսաստանին և արցախցի մեր հայրենակիցներին հրավիրում է մի որոշ մի բանով օգնելու:
Չեմ բացառում, որ լինեն չորրորդ և հինգերորդ փորձերը, և այս անգամ գոնե մի բան ստացվի: Մի բան, որ առաջին իսկ փորձից ստացվեց հարևանների հետ խաղաղություն հաստատելու համար ջանք չխնայած Ժիրայր Լիպարիտյանի մոտ: Բայց առայժմ մնում է թեթև տխրությամբ և երբեմն իսպանական ամոթով հետևել առաջին նախագահի «ստատուս ափդեյթներին» և հանգել եզրակացության, որ իրեն պետականամետ հռչակած Տեր-Պետրոսյանը չի կարողանում ներել Փաշինյանին:
Եվ ոչ թե չի ներում պարտությունը 2020թ. պատերազմում, այլ հաղթանակը 2018թ. հեղափոխության ժամանակ: Չի ներում այն, որ Փաշինյանն ավարտին է հասցրել իր սկսած ու ձախողած հեղափոխությունը: Եվ առավել ևս չի ներելու, երբ Փաշինյանը նաև վերջնական ավարտին հասցնի իր սկսած և ձախողած խաղաղության գործընթացը և արժանանա մեր սերունդների գնահատանքին և երախտիքին:
Մի հարցում կարող է հանգիստ լինել առաջին նախագահը: Ողջախոհության ճրագը Փաշինյանի վստահելի ձեռքերում է, և վերջինս մինչև վերջ այն բարձր կպահի: Չէ՞, որ նա վերջին վհատվողն է»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան