Պարզվում է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել: Այսինքն՝ օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթուղթն արդեն իսկ հանգեցրել է ամուր եւ երկարատեւ խաղաղության: Արդյոք իրականում կա՞ն դրա նախադրյալները:
Այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե ո՞ր երկրի հետ ենք մենք «խաղաղություն հաստատել»: Այն երկրի հետ, որն Արցախում ամենօրյա ռեժիմով ոչնչացնում է մեր եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանները: Այն երկրի հետ, որտեղ մանկապարտեզից սկսած ատելություն են սրսկում հայերի նկատմամբ: Այն երկրի հետ, որն իր բանտերում պահում է մեր գերիներին՝ չնայած Թրամփ-Փաշինյան-Ալիեւ հռչակագրում նշվում է՝ «առաջնորդները մերժել են վրեժխնդրության որևէ փորձ եւ անցյալում, եւ ապագայում»։ Գերիներ պահելն ի՞նչ է, եթե ոչ վրեժխնդրություն: «Խաղաղություն ենք հաստատել» այն երկրի հետ, որը զավթել է մեր ինքնիշխան տարածքը, եւ երբեք չի հայտարարել, որ «սահմանազատման արդյունքում» այնտեղից դուրս կգա: Որը որեւէ գրավոր խոստում չի տվել նաեւ, որ Հայաստանին «անխոչընդոտ» տարանցիկ ճանապարհ է տալու դեպի Ռուսաստան եւ Իրան (եթե, իհարկե, Վաշինգտոնում գաղտնի արձանագրություններ չեն ստորագրվել):
Մենք «խաղաղություն ենք հաստատել» այն երկրի հետ, որը որպես նախապայման պահանջում է մեզանից, որ փոխենք մեր սահմանադրությունը՝ չնայած նախաստորագրված փաստաթղթում առկա է միմյանց ներքին գործերին չմիջամտելու կետը: Վերջապես՝ այն երկրի հետ, որը Հայաստանը պաշտոնապես անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»:
Այդ ամենը թույլ է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն իրական, տեւական խաղաղություն չի ուզում: Բայց մոտակա մեկ տարում էսկալացիայի բացակայությունը (որը շատ հավանական է) հնարավորություն կտա Փաշինյանին վերարտադրվելու՝ անընդհատ շահարկելով՝ «սիրելի ժողովուրդը խաղաղություն է ուզում, իսկ Ռուսաստանին ծառայող չարամիտ ընդդիմադիրները մեզ խանգարում են: Եթե նրանք գան, պատերազմ է լինելու»:
Կարդացեք նաև
…Եվ ամենակարեւորը: Ես վստահ եմ, որ առանց ներքին, ներհայաստանյան խաղաղության հնարավոր չէ «արտաքին»՝ հարեւանների հետ խաղաղություն հաստատել: Խաղաղ կարող է ապրել միայն համերաշխ, համախմբված հասարակությունը: Այնինչ Փաշինյանը գրեթե ամեն օր ինչ-որ մի բան է ձեռնարկում՝ մարդկանց թշնամացնելու, իրար դեմ հանելու համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ