Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղ ժողովուրդը»…

Օգոստոս 20,2025 13:00

Երբ «ժողովրդին» դարձնում են մահակ, քաղաքացին նահանջում է երկրորդ պլան

«Մենք գիտենք, որ դիմել զանգվածին որպես «ժողովրդին»՝ նշանակում է դրդել նրան չար եւ հետամնաց գործերի: Մեր եւ ոչ միայն մեր աչքի առաջ ի՜նչ ասես չէր արվում «ժողովրդի» անունից: Աստծո, մարդկության կամ իրավունքի անունից երբեք նման բան չէր արվի»:

Սա մեջբերում է գերմանացի գրող Թոմաս Մանի «Դոկտոր Ֆաուստուս» վեպից, որը, հիշեցնեմ, սկսել է գրվել 1943 թվականին, երբ, գոնե հեղինակի համար, պարզ էր, որ իր երկիրը պարտվելու է  եւ, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, Թոմաս Մանը հասկանում էր, որ պարտության պատճառներից մեկը «ժողովրդի» անունից չարագործություններ անելն էր:

Ես խուսափում եմ «ժողովուրդ» բառի կիրառությունից, որովհետեւ, թեեւ քաղաքագիտական տեսանկյունից պարզ է, թե դա ինչ է, բայց քաղաքական, հրապարակախոսական եւ սոցցանցային դիսկուրսում այդ եզրույթը կիրառում են ըստ հարմարության: «Սաղ ժողովուրդը գիտի, թե այսինչը կամ այնինչը  ով է»: «Ժողովուրդը ձեզ վաղուց արդեն մերժել է»: «Ժողովուրդն իր խոսքը կասի (ասել է)»: «Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը վիրավորի իմ ժողովրդին»: ՔՊ-ական այս երկացանկը կրկնվում է արդեն 7 տարի: Կուրծք ծեծելը եւ զուգահեռաբար «ժողովուրդ» բառի կիրառությամբ նախադասություններ կազմելը միշտ՝ դարեր շարունակ քաղաքական գործիչների մշտական փեշակն է:

Հակառակ ճամբարն էլ էր կիրառում նույն բառը: «Մեր իմաստուն ժողովուրդն արդեն հասկացել է, թե ուր է իրեն տանում Փաշինյանի ռեժիմը»: Կամ հակառակը՝ «մեր ոչ այնքան իմաստուն ժողովուրդը չի հասկանում, որ մենք մեր պետականությունը կորցնելու ճանապարհին ենք»: Մոտավորապես այդպես է արտահայտվել քաղաքագետ Արթուր Խաչիկյանը եւ, իհարկե, արժանացել է փաշինյանական պրոպագանդիստների  ուժգին գրոհի: Առավել ակտիվ նիկոլականները սկսել են մատնագրեր գրել՝ իբր «պաշտպանում են ժողովրդին»:

Բոլոր դեպքերում համաձայն չեմ  նաեւ դոկտոր Խաչիկյանի՝ «ժողովուրդ» բառի կիրառման հետ: Այս իմաստով Հայաստանում ոչ մի «ժողովուրդ» չկա: Կան քաղաքացիներ, որոնք այս կամ այն ձեւով կողմնորոշված են եւ արտահայտում են իրենց դիրքորոշումը (հաշվի առնենք, որ անտարբերությունը նույնպես դիրքորոշում է): Քաղաքացիների մի մասը գոհ է Փաշինյանից, մյուսը՝ դժգոհ, իսկ գերակշռող մեծամասնությունը խորապես անտարբեր է հասարակական բոլոր հարցերում, այդ թվում՝ պետություն ունենալ-չունենալու խնդրում: Այդ անտարբեր մեծամասնությունը հիմնականում լոյալ է ներկայիս իշխանությունների հանդեպ:

Թվարկած երեք կատեգորիաները ո՛չ «զոմբի» են, ո՛չ էլ «ժողովուրդ»: Նրանք քաղաքացիներ են, որոնց դիրքորոշումը ձեւավորվում է յուրաքանչյուրի ա/ գիտելիքների, բ/ մտահորիզոնի, գ/բարոյական պատկերացումների եւ դ/ փորձի հիման վրա: Ուսումնասիրել այդ բաղադրիչները, իհարկե, անհրաժեշտ է: Բայց կպցնել այդ մարդկանց «ժողովուրդ» բառը եւ. սեփական նախապատվությունից ելնելով, դրական կամ բացասական բնութագրեր տալ այդ «ժողովրդին», ինձ թվում է, արդյունավետ ճանապարհ չէ:  Եթե, իհարկե, խնդիրը քաղաքական քարոզչությունը չէ:

…Իշխանության քարոզչության զոհ՝ փաշինյանական զանգվածը ներկայացնող քաղաքացիներն ինձ գրում են. «Ուրեմն, սաղ ժողովուրդը սխալվում է, միայն դու ես, հա՞, ճիշտ»: Տեսնես, ի՞նչ են հասկանում «սաղ ժողովրդի» տակ:  3 միլիոն քաղաքացինե՞ր: 10 միլիոն հայե՞ր: Ենթադրենք, իմ կարծիքը տարբերվում է 3 կամ 10 միլիոնից: Արդյո՞ք դրանից հետեւում է, որ ես «ժողովուրդ» չեմ:

 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031