Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդի նկատմամբ վարչական ակտը կայացվել էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ

Օգոստոս 20,2025 12:30

Վճռաբեկ դատարանը, 2025 թ. օգոստոսի 12-ի թիվ ԵԴ1/0372/01/24 որոշմամբ, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրերը, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի գործողության նախապայմանը եւ այդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը՝ նրա վարչական պատասխանատվության ենթարկված լինելն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելը կամ վարելու իրավունքը կասեցվելը։

2024 թ. փետրվարի 23-ին տաքսու վարորդ Տիգրան Հայրապետյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի1-ին մասի հատկանիշներով: Մեղադրանքի հիմքում դրված էր այն, որ իբր Հայրապետյանը տեղյակ է եղել, որ զրկված է եղել մեկ տարով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց բացակայելու արգելքը: Անցած տարվա փետրվարի 27-ից գործը Երեւան քաղաքի քրեական դատարանում էր: Տիգրան Հայրապետյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ հիմնական դատալսումների ընթացքում, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել էր ցուցմունք տալ, դիրքորոշում հայտնելուց, խնդրել էր նկատի ունենալ այն հանգամանքը, որ ինքը գիտակցաբար շարունակել է ավտոմեքենա վարել կարիքից դրդված, քանի որ տաքսի ծառայության մատուցմամբ է հոգում իր ընտանիքի կարիքները:

Նա վստահ է եղել, որ իրեն անօրինական են զրկել եւ այդ վարչական ակտը բողոքարկել է դատարան:

Դատարանը ճանաչել էր Տ.Հայրապետյանի անմեղությունը, իսկ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այն, վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 13.01.2023 թ. թիվ 8180240495 եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի 20.02.2023 թ. որոշումները ճանաչվել են անվավեր:

Այս տարվա հունվարից Հայրապետյանի պաշտպանի բողոքը Վճռաբեկ դատարանում էր:

Ըստ բողոքաբեր փաստաբան Տիգրան Ղազարյանի` վերաքննիչ դատարանի դատողություններով ստացվել է մի իրավիճակ, որ ապօրինի որոշման հիման վրա Տիգրան Հայրապետյանն իր կամքից անկախ հանգամանքներով ձեռք է բերել հատուկ սուբյեկտի կարգավիճակ, եւ փաստացի ապօրինի որոշումը պետք է դրվի անձի դատապարտման հիմքում, ինչն իրավաչափ համարվել չի կարող:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մեղադրյալ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թ. հուլիսի 29-ի որոշումը բեկանել է եւ օրինական ուժ տվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թ. հունիսի 4-ի արդարացման դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է՝ իրավաչափ վարչական ակտի հիման վրա։ Հակառակ պարագայում, եթե վարչական ակտը կայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ եւ վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է, քանզի վերանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու պարտադիր նախապայմանը՝ օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկված լինելը։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունն արձանագրելու համար, անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը տրանսպորտային միջոցը վարել է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված լինելու պայմաններում, որպիսի հանգամանքը պետք է հաստատված լինի իրավաչափ վարչական ակտով։

Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտել առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ անձի դատապարտման հիմքում չի կարող դրվել ոչ իրավաչափ՝ օրենքի խախտմամբ ընդունված եւ անձի իրավունքները խախտող վարչական ակտի պայմանները չկատարելու հանգամանքը՝ անկախ նրանից, որ կոնկրետ գործողությունը կատարելու պահի դրությամբ նշված վարչական ակտի ոչ օրինական լինելու հանգամանքը դեռեւս հաստատված չի եղել։ Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն փաստել է, որ վարչական ակտի անվավերության պայմաններում հնարավոր չէ հաստատված համարել, որ տրանսպորտային միջոց վարելիս մեղադրյալը հանդիսացել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձ, այսինքն՝ տվյալ դեպքում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը։ Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տվյալ դեպքում հնարավոր չէ հիմնավոր հետեւության հանգել նաեւ հանցագործության սուբյեկտի առկայության հարցում, քանի որ օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու կամ այդ իրավունքը կասեցված լինելու ուժով է անձը ձեռք բերում տվյալ հանցագործության սուբյեկտին ներհատուկ հատկանիշները։

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, գալով այն հետեւության, որ այս պարագայում էական է անձի դիտավորության ուղղվածության գնահատումը, այն է՝ տրանսպորտային միջոց վարելիս անձը տեղեկացված է եղել, որ ինքը վարորդական իրավունքից զրկված է կամ այն կասեցված է, եւ սույն հանցակազմի առկայությունը փաստելու համար առանցքային դերակատարություն չի կարող ունենալ ծագած վարչական իրավահարաբերության զարգացման գործընթացը, ըստ էության շեշտը դրել է բացառապես հանցագործության սուբյեկտիվ կողմի գնահատման վրա՝ անտեսելով հանցագործության օբյեկտիվ կողեւ սուբյեկտի բացակայության վերաբերյալ գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031