Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների մեծ մասն անհաշտ է այս իրողության հետ, եւ դրսեւորումը վաղ թե ուշ լինելու է. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»

Օգոստոս 20,2025 10:11

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ուղերձը համատեղ է՝ ոչ միայն Փաշինյանինը, այլեւ Բաքվի բռնապետինը՝ Ալիեւինը։ Անիմաստ, անհիմն բառերի կույտի տակ, Հակոբյանի խոսքով, Փաշինյանը մի նպատակ ունի՝ շանտաժ անել սեփական ժողովրդին․ «Նախ՝ եթե ինձ հետ համաձայն չեք, հեղափոխություն արեք, շատ լավ հասկանալով, որ առնվազն հինգ տարի ժողովուրդը պարբերաբար հայտնել է իր անհամաձայնությունը, ցավոք, իրենից բացի որեւէ երկրորդ ուժ չի կարողացել տիրապետել փողոցի տեխնոլոգիաներին, այդ պատճառով էլ հեղափոխություն չի եղել։ Շանտաժ էր նաեւ այն, որ, ինչպես ինքն ասաց, Արցախի մասին խոսելը կվնասի ՀՀ-ին, հարատեւ խաղաղությանը։ Մինչդեռ մարդն ունի բնական իրավունք՝ ապրել իր բնօրրանում, այցելել նախնյաց  շիրիմներին, ապրել բնականոն կյանքով»։

Եթե Հայաստանի ղեկավարն է այսպես մտածում, ապա ի՞նչ ակնկալել այլ պետություններից։ «Աշխարհի նման պահվածքն ինչ-որ տեղ հասկանալի է դառնում, բայց միեւնույն ժամանակ աշխարհը չի կարող մերժել, չընդունել քո բնական իրավունքը, մենք էլ չենք կարող հետ կանգնել մեր բնական իրավունքներից, ինչն առնվազն ինքնաոչնչացում կնշանակի։ Մյուս կողմից՝ ունես երկրի ղեկավար, որը բացահայտ հայտարարում է, որ բռնաճնշումների կարող են ենթարկվել այն  անձինք, ովքեր կխոսեն իրենց բնական իրավունքների մասին»։

Հարցրինք՝ արցախցիներին այդ բռնաճնշումների վա՞խն է հիմա հետ պահում բնական իրավունքների համար պայքարից, որովհետեւ ամիսներ առաջ իրենց վարկերի համար Արցախի ներկայացուցչության դռները կոտրող մարդիկ հիմա կառավարության դռան մոտ անգամ չեն կանգնում։ «Ինձ պես մտածող մարդիկ քիչ չեն, բայց, ցավոք սրտի, այլ ձեւաչափերով են պայքարում, ինչու ոչ՝ մի մասն անհասկանալի վիճակում է, դուրս չի գալիս շոկից, մի մասը վախենում է այսպիսի սպառնալիքներից, ոմանք տեղավորվել են իշխանությունների հովանու ներքո, իսկ  այս իշխանությունների եւ նրանց մերձավորների կողմից ուղղորդված արցախցիների գործողությունները, որոնք, ինչպես Դուք նշեցիք, ներկայացուցչության դարպասներն էին կոտրում, կապ չունեն արցախցու իրավունքների համար պայքարի հետ, դրանք ցուցադրական քայլեր են՝ հօգուտ իշխանությունների, որով փորձում են տպավորություն ստեղծել, թե արցախցին վերադարձի  նպատակ չունի, իր խնդիրը Հայաստանում մեծ փորով կուշտ ապրելն է։ Բայց ես վստահեցնում եմ՝ արցախցիների մեծ մասն անհաշտ է այս իրողության հետ, եւ դրսեւորումը վաղ թե ուշ լինելու է, մենք գնալու ենք մեր իրավունքների հետեւից, եւ եթե այդ ճանապարհին կան խոչընդոտներ, ապա դրանք անպայման վերացվելու են, եթե այդ խոչընդոտը ՀՀ իշխանություններն են, իրենք պետք է հեռանան։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031