Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերախումբը կարևորում է, որ իրենց վերածնունդը նշանավորվի Արցախի բարբառով խաղալով. Հայաստանի թատերական դաշտում մի նոր կոլորիտ ու մի նոր խոսք

Օգոստոս 20,2025 11:48

Օգոստոսի 19-ին Երևանում Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանն ընդունեց Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին։ Հանդիպման ընթացքում 2 կազմակերպությունների միջև կնքվեց հուշագիր՝ միտված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերագործակցմանը։

Ներկա էին թատրոնի դերասաններ՝ գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանի գլխավորությամբ։ Իր ողջույնի խոսքում ՀԹԳՄ նախագահ Հ․ Ղազանչյանը ներկայացրեց «Դիալոգ»-ի նախագահ Յ․ Նավոյանին, կարևորեց նրա հայրենասիրական գործունեությունը՝ միտված հայ մշակութային, մասնավորապես, արցախյան խմբերին աջակցելուն։ Նշեց՝ չնայած բազում խոչընդոտների, որ Մոսկվայում առաջ են գալիս Ադրբեջանի դեսպանատան կողմից, Նավոյանը հաղթահարում է դրանք։ Արցախի բռնի հայաթափումից հետո հանրապետության մշակութային ավանդական կառույցների գործունեությունը կամ դադարել է, կամ աշխատում են ոչ լիարժեք։

Հ․ Ղազանչյանը տեղեկացրեց՝ Յ․ Նավոյանի աջակցությամբ, արդեն ակտիվ գործում է «Արցախ» ջազը, և հանդիպման նպատակը Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի պահպանումն է՝ վերածնունդը։ Իսկ դա կախված է նաև թատերախմբի աշխատանքից, ու հույս հայտնեց առաջին ներկայացումը լինելու է հաջողված, իր ղեկավարած միությունն էլ կօգտագործի բոլոր լծակներն աջակցելու համար։ Հավելեց նաև՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցում, իր ղեկավարությամբ, գործելու է առանձին կուրս հատուկ արցախցի երիտասարդների համար, որտեղ դասախոսելու է Ռուզաննա Խաչատրյանը։

Իր խոսքում Յ․ Նավոյանը մեծ պատիվ համարեց հանդիպումը թատերական գործիչների հետ։ Նշեց՝ Արցախի հետ կապված է աշխատանքային բազում ծրագրերով։ Դեռևս ՀՀ ԿԳ նախարարությունում Սփյուռքի բաժնի ղեկավար աշխատելու տարիներից է կապ հաստատել Արցախի կրթական ու մշակութային կառույցների հետ։ Արդեն 7 տարվա պատմություն ունեցող «Դիալոգ»-ի ղեկավար լինելով՝ աշխատել է նաև Արցախի քաղաքական ղեկավարության հետ։ 2023թ․ տեղի ունեցած ողբերգությունից հետո կարևորում է մշակութային կառույցների հետ աշխատելը, աջակցելը։

Տեղեկացրեց՝ «Դիալոգ»-ի աջակցությամբ, Երևանում բացվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակը։ Թեմի մատենաշարով արդեն տպագրվել է «Արցախ․ վտանգված ժառանգություն» ալբոմի առաջին հատորը։ Ընթացքի մեջ է երկրորդ հատորի տպագրությունը։ Շուտով նույն թեմայով կկայանա լուսանկարների ցուցահանդես։

Անդրադարձավ Արցախի ջազ նվագախմբի վերականգնման իրողությանը։ Այս տարվա ապրիլի սկզբին «Արցախ» ջազի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանի հետ սկսել է իրականացնել խմբի գործունեությունը, և մայիսի 2-ին Երևանում տեղի է ունեցել առաջին համերգը։ Այնուհետև 2 համերգ, չնայած ադրբեջանցիների խանգարումներին, կայացել է Մոսկվայում։ Մոսկովյան հաջող ելույթներից հետո արցախցի ջազի վարպետները հուլիսի 31-ին ելույթ ունեցան Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային տան բաց դահլիճում։ Տեղեկացրեց նաև «Դիալոգ» մատենաշարով արցախցի գրողների գրքեր են հրատարակվել։

Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակազմավորման գաղափարը տեղի է ունեցել՝ կարդալով ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի գրառումը՝ «․․․Ինչո՞ւ չի գործում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան փառահեղ թատրոնը․․․»։ Եվ այս խնդրի լուծմամբ 2025թ․ մայիսին հանդիպել է Հ․ Ղազանչյանի և Ռ․ Խաչատրյանի հետ։ Եվ այսօր արդեն իրողություն է դառնում փառահեղ թատրոնի վերածնունդը։

Կայացած իրողության համար Ռ․ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց՝ թատրոնի վերակազմավորումը համարելով կարևոր քայլ, որն ապրեցնելու է անձնակազմին։ Նշեց՝ առաջին խաղը լինելու է բարբառով, որը դերասաններին ավելի է ոգևորելու։ Վստահեցրեց՝ իրենք կարդարացնեն 2 կառույցների ղեկավարների հույսերը։

Ելույթներից հետո Հ․ Ղազանչյանն ու Յ․ Նավոյանը կնքեցին հուշագիրը, որը մեծ աջակցություն է արցախյան մշակութային կառույցներից մեկին։

Յ․ Նավոյանը հուշագիր կնքեց նաև «Գալյա Նովենց» թատերական դպրոցի հիմնադիր դերասանուհի Մարիամ Ղազանչյանի հետ։

Այդ առթիվ Յ․ Նավոյանն ասաց․ «Սա երկու նպատակ ունի՝ նախ արցախցի տաղանդավոր երիտասարդներին ներառել թատերական կրթության ոլորտ, և երկրորդ՝ դրանով կերաշխավորվի Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվ․ դրամատիկական թատրոնի հետագա համալրումը երիտասարդ դերասաններով արդեն Երևանում։ Եվ կարևոր է, որ դասարանը ղեկավարելու է Հակոբ Ղազանչյանը՝ ընդգրկելով Հայաստանում ճանաչված թատերական գործիչների։ Լավ է նաև, որ ուսանողների հետ աշխատելու է Ռ․ Խաչատրյանը, իսկ «Դիալոգ»-ը վճարելու է 15 ուսանողի ուսման վարձը»։

Հ․ Ղազանչյանի հետ կնքած հուշագրի առթիվ Յ․ Նավոյանն ասաց․ «Ստորագրված հուշագիրն արդեն հանրայնացրեց մոտ մեկ ամիս ընթացքի մեջ եղած աշխատանքը։ Թատրոնի դերասաններին Ռ․ Խաչատրյանի շուրջ համախմբելու և մեկ պիես բեմադրելու համար արդեն որոշվել է՝ դա Մուրացանի «Ռուզան» կամ «Հայրենասեր օրիորդ» գործն է։ Թատերախումբը կարևորում է, որ իրենց վերածնունդը նշանավորվի Արցախի բարբառով խաղալով։ Սա իրենց համար հոգեբանական մեծ նշանակություն ունի և հավելյալ ինքնավստահություն է տալու։ Ես սա համարում եմ Հայաստանի թատերական դաշտում մի նոր կոլորիտ ու մի նոր խոսք․ ինձ հետ համաձայն է նաև պարոն Ղազանչյանը։ Մոտավորապես 1-2 ամիս անց թատերախումբն այս պիեսով բեմ կբարձրանա։ Շատ կարևոր է, որ թատերախմբի գործունեությունը, չնայած բոլորն էլ արհեստավարժ դերասաններ են, տեղի ունենա Թատերական գործիչների միության հետ համախորհուրդ։ Դա հավելյալ երաշխիք է, որ ամեն ինչ լավ է ընթանալու»։

Հ․ Գ․Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնը կազմավորվել է 1932թ․ Կարո Ալվարյանի ղեկավարությամբ։ Բացումը կայացել է օգոստոսի 11-ին՝ Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսի բեմականացմամբ։ Մինչև 1989թ․ կոչվել է Մաքսիմ Գորկու, այնուհետև Վահրամ Փափազյանի անունով։ Թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Հովհաննես ԱբելյանըԺասմենը, Ի․ Ալիխանյանը, Վահրամ ՓափազյանըԱրուս ՈսկանյանըՀրաչյա ՆերսիսյանըԱվետ Ավետիսյանը, Բաքվի հայկական, Երևանի Սունդուկյանի անվան թատրոնների կոլեկտիվները։

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031