Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր վաշինգթոնյան գործընթացի տապալման մասին. Իշխան Սաղաթելյան

Օգոստոս 20,2025 12:35

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր վաշինգթոնյան գործընթացի տապալման մասին: Ինչո՞ւ։

1.Ադրբեջանի հետ «հարատև խաղաղության» հաստատման ու «կոնֆլիկտի էջը փակելու» մասին հայտարարություններից ընդամենը մի քանի օր անց Փաշինյանը, քաջ գիտակցելով, որ այդ հայտարարությունները թողնում են տպավորություն, որ այլևս ավարտված է մեր ժողովրդի ու երկրի հաշվին նոր զիջումներ իրականացնելու փուլը, ստիպված էր ուղիղ եթերում խոստովանել, որ դեռևս կան ադրբեջանական նոր պահանջներ, որոնց կատարման շուրջ ինքն այժմ բանակցում է: Հենց այդ նոր զիջումներին նախապատրաստելու համար էին հայտարարությունները, որ մեր վերահսկողության տակ դեռևս կան ադրբեջանական տարածքներ: Այսինքն՝ Փաշինյանը, իր իսկ խոսքերով, «դարի պայմանագիրը» նախաստորագրելուց ընդամենը ժամեր անց ստիպված էր հայտարարել, որ դրանով մեր զիջումները չեն ավարտվում:

2.Ավելին, Փաշինյանն, ըստ էության, հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը դուրս չեն գալու օկուպացված տարածքներից: Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ վարչախմբի ներկայացուցիչները հայտարարում էին, որ այդ հարցը լուծվելու է սահմանազատման ու սահմանագծման շրջանակներում: Սակայն, հայտարարելով, որ հայկական վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, Փաշինյանը փակեց ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը՝ դուռ բացելով նոր տարածքային զիջումներ համար:

3.Չնայած իրականացված տեղեկատվական ահաբեկչությանը, չնայած Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հարցեր բարձրաձայնողներին «պատերազմ տենչողներ» պիտակավորելուն ու սեփական ժողովրդին նոր պատերազմով սպառնալուն, Փաշինյանը ստիպված էր խոստովանել, որ հանրությանը խաբել, խոշոր հաշվով, չի ստացվել, և մարդիկ տալիս են պարզ հարցեր՝ «ինչպե՞ս ենք խաղաղություն հաստատում, երբ
– մեր գերիները չեն վերադարձել,
– երբ ադրբեջանական զորքը ՀՀ տարածքում է,
– երբ չի քննարկվում Արցախի հայերի իրավունքների հարցը, որից էլ ծագել է այս ամբողջ հակամարտությունը»:

Սրանք ամենաբնական հարցերն են, որոնք առաջինն են առաջանում մարդկանց մտքերում, երբ հայտարարում են, որ բացվել է «խաղաղության դարաշրջան»:

Սակայն, քանի որ այս հարցերին պատասխաններ չկան, վարչախմբի ներկայացուցիչները միայն պիտակավորում են հարցեր տվողներին և շարունակում վախեցնել մեր ժողովրդին:

4.Փաշինյանը նաև փորձեց ներկայացնել, որ իր գործունեության վերաբերյալ որևէ ընդվզում չկա, ուստի բոլորը համաձայն են դրանց հետ: Մինչդեռ բաց է մնում հարցը, եթե մեր երկրում իր վարած քաղաքականության դեմ ընդվզում չկար, 2022 թ.հունիսի 3-ին ինչո՞ւ կրակեցին ժողովրդի վրա, 42 անձ կալանավորեցիք, ինչո՞ւ նույնն արեցիք 2024 թ.հունիսի 12-ին՝ մարմնական վնասվածքներ պատճառելով 101 քաղաքացու, կալանավորելով 18-ին, եթե ընդվզում չկա` այսօր Սրբազան պայքարի ընկերների դատն ինչի՞ մասին է:

Իրականում այս պայմանավորվածությունները ձեռք բերելու համար Փաշինյանը ստիպված է եղել Հայաստանում բանտերը լցնել քաղբանտարկյալներով, արշավ իրականացնել եկեղեցու, ընդդիմադիր բոլոր ուժերի և կառույցների նկատմամբ:

Միշտ կարելի է ուժային ռեսուրսներով ճնշել բողոքի խաղաղ գործողությունները, բանտերը լցնել ընդդիմախոսներով ու հայտարարել, որ քո վարած քաղաքականության դեմ բողոք չկա: Ուստի այս փաստարկը ևս որևէ քննադատության չի դիմանում:

5.Փաշինյանը, իհարկե, լռեց այն մասին, որ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Ալիևը կրկնեց ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջի մասին՝ այն անվանելով Փաշինյանի «տնային աշխատանք»: Լռեց նաև այն մասին, որ Ադրբեջանում մեկ վայրկյան չդադարեցին Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու պահանջները:

Փաշինյանի ուղերձը ըստ էության հաստատումն էր ընդդիմադիրների և փորձագետների լուրջ մտահոգությունների, որ այս կերպ մենք պարզապես չենք կարող ունենալ խաղաղություն, անկախ այն բանից՝ քանի անգամ կօգտագործվի խաղաղություն բառը:

Ուստի չափազանց կարևորում եմ այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների, փորձագիտական դաշտի, լրագրողների կողմից իրականացվող հետևողական աշխատանքը, որի շրջանակներում մեր ժողովրդին ներկայացվում է ճշմարտությունը: Այս ուղերձը հաստատումն է, որ այդ աշխատանքը տալիս է իր արդյունքները:

Ուստի պետք է առանց հոգնելու շարունակել իրականացնել այդ չափազանց կարևոր առաքելությունը՝ թույլ չտալով Փաշինյանին` կրկին խաբել ժողովրդին և հերթական զիջումը ներկայացնել իբրև բաղձալի ձեռքբերում: Հենց դա է հանդիսանալու իրավիճակի փոփոխության գլխավորը նախադրյալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031