Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել է թե՝ մենք պետք է հավատանք Ալիևի խոսքին. ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք». Վահե Հովհաննիսյան

Օգոստոս 20,2025 12:49

Մակրոնն ասում է, որ «Ռուսաստանի խոսքին չի կարելի հավատալ, այն գիշատիչ է Եվրոպայի մատույցներում, և Ուկրաինային պետք է տրվեն անվտանգության իրական երաշխիքներ, անվտանգության իրական մեխանիզմներով, որպեսզի վստահ լինենք, որ Ռուսաստանը կրկին չի հարձակվի»։

Հայաստանին ոչ ոք անվտանգության երաշխիքներ չի ուզում տալ, չի ուզում նույնիսկ դրա մասին խոսել։ Ասել է թե՝ մենք պետք է հավատանք Ալիևի խոսքին, որը, երևի, գիշատիչ չէ։

Գիտե՞ք ինչու է այդպես. որովհետև մենք՝ Հայաստանը, իր անվտանգության երաշխիքների հարցը չի դնում կոշտ՝ որպես նախապայման, որպես հիմնական առանցք, առանց որի չի ստորագրի ոչ մի թուղթ և չի դառնա ոչ մեկի համար «Նոբելյան մրցանակի» մատերիալ։

Հա՜, մոռացանք, Թրամփն ասել է, որ եթե հարց լինի՝ զանգեք։ Ու մի ամբողջ ժողովուրդ ապրում է նման սառույցի վրա գրված անվտանգության երաշխիքների հույսին։ Մի ամբողջ ժողովուրդ ապրում է խաղաղության բլեֆի արյունոտ ստվերի տակ։

Ավելին, այդ երկրի հականիկոլական ընդդիմությունը չի կարողանում այս խնդիրը (անվտանգության երաշխիքները) ձևակերպել որպես քաղաքական օրակարգ, որի վրա կկառուցի իր բովանդակությունը, ցույց կտա իր պատկերացրած անվտանգության համակարգը։ Եվ սա հնարավորություն է տալիս Նիկոլին, երկիրը վարի տալուց հետո, դառնալ «խաղաղության օրակարգի» սիմվոլ։

Վիետնամի երկարատև հակամարտությանը վերջ տալու նպատակով 1973 թվականի հունվարի 27-ին ստորագրվեց Փարիզի խաղաղության համաձայնագիրը, որն իբր պետք է վերջ տար պատերազմին։ Դրանից հետո պատերազմը նոր ու արյունալի թափ ստացավ, իսկ Հյուսիսային Վիետնամը ոչ միայն չհանեց իր զորքերը Հարավային Վիետնամից, այլև անցավ լայնածավալ հարձակման։
Փարիզյան խաղաղության համաձայնագրի համար ամերիկյան և վիետնամական պատվիրակությունների ղեկավարները՝ Հենրի Քիսինջերը և Լե Դաք Թհոն արժանացել են խաղաղության Նոբելյան մրցանակի։ Վերջինս, սակայն, իր մրցանակից հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ խաղաղություն չի հաստատվել։

Հայաստանը կարիք ունի լրջության, ոչ թե շոուների, Հայաստանը կարիք ունի քաղաքական լիդերության, ոչ թե իներցիոն շքախմբերի, Հայաստանը կարիք ունի ներսում մթնոլորտի էական փոփոխության, որ ունակ մարդիկ գտնեն մասնակցության ձևաչափը, Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031