Լրահոս
Օրվա լրահոսը

Սա սողացող ու շարունակական կապիտուլյացիայի սկիզբը ազդարարող գործընթաց է. Արմեն Խաչատրյան

Օգոստոս 20,2025 13:10

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

ՔՊ-իստ դեպուտատուհիներից մեկը հիշել է նախագահ Տեր-Պետրոսյանի 2016թ․ դեկտեմբերի 17-ի ելույթից մի հատված։ Մասնավորապես՝ «Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։ Այս իրողությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճված լինեին փոխզիջումների գնով»։

Մեջբերումից հետո տիկին դեպուտատուհին տարակուսում է, թե ինչու Նախագահը չի խոսում «հաստատված խաղաղության» մասին, այլ քննադատական հրապարակումներ է անում այլ թեմաներով։
Ուզում եմ ոչ այնքան տիկին դեպուտատուհուն, այլ այն մարդկանց, ովքեր կարող են մոլորության մեջ ընկնել, բացատրել տիկնոջ գրառման աբսուրդը։

Ելույթը եղել է 2016թ․, հաջորդելով ապրիլյան պատերազմին։ Ելույթից հետո իր կուսակցությունը որդեգրել է «ոչ մի թիզ հող», «ոչ մի փոխզիջում» քաղաքական գծին։

2018թ․ նույն տիկնոջ ներկայացրած քաղաքական ուժը եկել է իշխանության եւ դավանել «նոր պատերազմ, նոր տարածքներ», «բանակցություններ նոր կետից» եւ այլ, եւ ի վերջո «Արցախը Հայաստան է եւ վերջ» անհեռատես, արկածախնդիր քաղաքական գծով։

Արդյունքում, անտեսելով 2016թ․ (ոչ միայն) հորդորը, տիկնոջ ներկայացրած քաղաքական ուժը, իրեն դուրս դնելով միջազգային դիվանագիտական ընդունված սկզբունքներից, ըստ էության 2019թ մերժել է համանախագահների (Վաշինգթոն, Մոսկվա, Փարիզ) ներկայացրած խնդրի կարգավորման պլանը, հայտարարելով Արցախը Հայաստան, փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից, երկիրը տարել է պատերազմի, ինչի արդյունքում տվել է 5000 զոհեր ու հազարավոր վիրավորներ, տարածքային կորուստների եւ փաստացի պարտության արդյունքով երրորդ երկրի միջամտությամբ կանգնեցվել է պատերազմը։

Այնուհետ՝ վարած ոչ կոմպետենտ հետագա կառավարման արդյունքում ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ են անցել ՀՀ սուվերեն տարածքից ավելի քան 200 կմ քառակուսի տարածքը։
Այնուհետ՝ իշխող ուժի քաղաքականության արդյունքում ամբողջությամբ հայաթափվեց Արցախը։
Ու հիմա էս քաղաքական ուժի դեպուտատուհիները ու դեպուտատները սպասում են օվացիանե՞ր, սպասում են, որ իրենց արձանիկները պետք է կանգնեցնենք մեր սենյակներում ու դիմացները խնկարկենք։

Սա խաղաղության պայմանագիր չէ, սա ողջախոհությունը, տրամաբանությունը, խելամտությունը բռնաբարելու եւ իրենց մեծամտության, պոռոտախոսության ու տգիտության արդյունքում վրա հասած պարտությունը ամրագրող կապիտուլյացիայի պայմանագիրն է։ Ավելին, սա դեռ պայմանագիր էլ չէ, սա սողացող ու շարունակական կապիտուլյացիայի սկիզբը ազդարարող գործընթաց է եւ դեռ ընթացքը ցույց կտա, թե ինչ գին է պահանջվելու մեզանից՝ այդ փաստաթղթի տակ ստորագրություններ ունենալու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031