Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչն իր փնթի աշխատանքի արդյունքում ինձ դրդում է վրեժխնդրության. Էջմիածնում սպանված երիտասարդի մայրը դիմում է Փաշինյանին. Shamshyan.com

Օգոստոս 20,2025 13:38

Shamshyan.com. Այս տարվա ապրիլի 23-ին Էջմիածնում առանձնակի դաժանությամբ ծեծի են ենթարկում 22-ամյա Պարգև Հակոբյանին, ինչի հետևանքով նա ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվում:  Երբևէ քրեական պատմություններով աչքի չընկած 22-ամյա երիտասարդը մոտ 10 օր գտնվելով կոմայի մեջ՝ գիտակցության չգալով մահանում է:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ, սակայն սպանվածի հարազատները, տեսնելով, որ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչի կողմից ցուցաբերվում է մասնագիտական ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, աղմուկ են բարձրացնում, ինչից հետո քրեական վարույթը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե:

Սպանվածի հարազատները, սակայն արդեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչից էլ հույս չունեն, որ քննությունը տարվում է օբյեկտիվ, ծնողները նույնիսկ լուրջ թերություններ են նկատել վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչի համար էլ դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրենց հսկողության տակ վերցնեն, որ քննչական կոմիտեի քննիչը կատարի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ու չփորձի հանցանքը վերաորակել ավելի թեթև, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկաններն էլ «ուղտի ականջում չքնեն» ու հայտնաբերեն կասկածյալներից հետախուզման մեջ գտնվողին, ում մասին ամբողջ Վաղարշապատը խոսում է, որ նա գիշերային ժամերին, առանց վախենալու կամ էլ վստահ լինելով, որ ինքն ու իր ընտանիքը պրոբլեմներ չունեն, այցելում է հարազատներին, այն դեպքում, երբ Վաղարշապատի ոստիկանությունն ու կասկածյալների տունը մի 2 կմ հեռավորության վրա են:

Երեկ՝ օգոստոսի 19-ին, Գագիկ Շամշյանի հետ զրույցում սպանված տղայի մայրն ասում էր.

«Շատ բաներ կան ասելու, պարզապես Վաղարշապատի քննչականից մեր ընտանիքը հիասթափված է, քանի որ քննությունը կատարում են մակերեսորեն: Հավատացինք ՀՀ քննչական կոմիտեին, ու մեր բարձրացրած աղմուկից հետո գործը փոխանցվեց այդ կառույց, սակայն հիմա էլ ավելի ենք հիասթափված ու զարմանում ենք, թե ինչու է Քննչական կոմիտեի քննիչը ցուցաբերում շտապողականություն ու մեզ ստիպում է, թե եկեք գործի նյութերին ծանոթացեք, ես էլ ժամանակ չունեմ, պիտի ուղարկեմ դատախազին՝ հաստատի, բայց, որ գործը 180 աստիճան Քննչական կոմիտեի քննիչի կողմից տակնուվրա է արվել, ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, դա ակնհայտ է:

Հիմա ստիպված որպես մայր դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով.

«Դուք միշտ նշել եք, որ Հայաստանում հակաօրինական գործողություններ կատարողներ չպետք է լինեն, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, որ արդարությունը ինչքան էլ հիվանդանա, չի մահանա, բայց հիմա ՀՀ քննչական կոմիտեի քննիչի պատճառով ինձ՝ որպես որդեկորույս մայր դրդում են դիմել վրեժխնդրության:

Թե՛ ես, թե՛ մեր ընտանիքը միշտ առաջնորդվել ենք Աստվածաշնչյան պատվիրաններով, այդ թվում՝ մի սպանիր, բայց Քննչական կոմիտեի քննիչն իր փնթի աշխատանքի արդյունքում ինձ դրդում է հանցագործ դառնալ:

Եթե արդարությունը չհաղթանակի, ես ստիպված դիմելու եմ վրեժխնդրության ու այդ ժամանակ չասեք, թե արդարությունը հիվանդանում ու չի մահանում:

Մեր ընտանիքը վստահ է, որ, որպես վարչապետ, Ձեր մի հանձնարարականը, որ Քննչական կոմիտեն կատարի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, բավական է, որ մեղավորները իրական պատիժ ստանան»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031