Ամեն օր աղոթող ու սաղմոսներ ընթերցող ՀՀ վարչապետին, այդուհանդերձ, չի հաջողվել ներհայեցողությամբ անդրադարձ կատարել ու զղջալ իր թույլ տված որոշ արտահայտությունների և արարքների համար։ Դա նրան ստիպեց անել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը, ինչպես հայտնի է, միայն երկու դրվագներով էր վարչապետի մոտ վարքագծի կանոնների խախտում արձանագրել։ Այստեղից պետք է ենթադրել, որ վարչապետին ու նրա խոսքերն ու քայլերը կրկնօրինակողներին միայն ստիպողաբար է հնարավոր դարձի բերել, քանի որ այլևս կասկած չկա, որ Ավետարանն ու Սաղմոսը միայն քաղաքական քարոզչության գործիքներ են նրանց համար։
Վերջին շաբաթներում այդ գործիքակազմին փոխարինել են վաշինգտոնյան գործարքները։ Այս թեմայով մանրամասներին չեմ ուզում անդրադառնամ, որովհետև այն արդեն շատ է քննարկվել և ո՛չ ընդդիմությանն է դեռևս հաջողվել հասարակության լայն շրջանակներին հասցնել իրենց ռացիոնալ տեսակետները, ո՛չ էլ, մեծ հաշվով, իշխանություններին է հաջողվել ապացուցել հայ հանրությանը, որ այնտեղ հաշվի են առնվել նաև հայ ժողովրդի շահերը։ Իմ դիտարկմամբ, այն ինչ տեղի է ունեցել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Հայաստանի բարձր ներկայությամբ կնքված գործարքներ են Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի միջև, այլ խոսքով, տպավորությունս այն է, որ Հայաստանը վաշինգտոնյան գործարքներից առանց հաճույքի գոհ է մնացել։ Գուցե դա էլ լավ է, կյանքը ցույց կտա, սակայն ընթացող գործողությունը թմբկահարել որպես վերջնարդյունք՝ ազնիվ քայլ չէ։ Ասածս պատկերավոր դարձնելու համար ասեմ, որ դա նման է նրան, երբ մարդը իր այգում ծառ է տնկում և սկսում է խոսել նրա առատ բերքից ու ինչ որ հաշվարկներ է անում, տնեցիներին բացատրում թե ինչ բարեկեցիկ ու ապահով կյանք է իրենց սպասվում։
Մոռանում ենք, որ թշնամիները դժվարությամբ են բարեկամներ դառնում, մինչդեռ բարեկամները շատ հեշտությամբ թշնամի են դառնում։ Եթե ինչ որ հրաշքով մեր թշնամիները մեզ հետ բարեկամանան, ապա դա լինելու է միայն մեր բարեկամներին մեզ հետ թշնամացնելու հաշվին։ Հայաստանն աշխարհի հետ անարգելք հաղորդակցվելը յուրաքանչյուր գիտակից հայի երազանքն է, սակայն այսօրվա ՀՀ իշխանությունները որևէ կերպ վստահություն չեն ներշնչում իրենց ապազգային ու հակաեկեղեցական քաղաքականությամբ։ Գուցե առանց ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խնդրանքի մի օր էլ ՀՀ վարչապետը լուսավորվի և ներողություն խնդրի Վեհափառ Հայրապետից ու ընդհանրապես բոլոր հոգևորականներից ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեպաշտ հետևորդներից նրանց պատճառած բարոյական վնասի համար, դա էլ չեմ բացառում, սակայն որքան վարչապետի կողմից կատարվող այդ քայլն է այս պահին անիրատեսական թվում, նույնքան անիրատեսական է թվում, որ օգոստոսի 8-ին վաշինգտոնյան փաստաթղթից հայ ժողովուրդը ինչ-որ քաղաքական կամ տնտեսական օգուտներ կարող է ունենալ։
Քանի դեռ ՀՀ քաղաքական իշխանությունները չեն դադարեցրել հալածանքները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, Աստծու բարկությունը չի մեղմվելու նույն քաղաքական իշխանությունների նկատմամբ ու անհնար է լինելու նրանց համար պարզապես հասնել որևէ հաջողության։
Կարդացեք նաև
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ