Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ոչ թե հայցերը հետ վերցնել, այլ դիմել Միջազգային դատարան՝ Ադրբեջանի իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ ցեղասպանություն են գործել»

Օգոստոս 20,2025 14:25

«Եթե Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերը հետ վերցվեն, դա հակասում է մեր ժողովրդի շահերին։ Ընդհակառակը, պետք է ոչ միայն հայցեր ներկայացնել, այլ նաեւ դիմել Միջազգային դատարան՝ Ադրբեջանի իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ Ադրբեջանը ցեղասպանություն է գործել։ Եվ Կոնվենցիան բոլոր պետություններին է պարտավորեցնում հետամուտ լինել ցեղասպանության կանխարգելմանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 15-րդ հոդվածում նշվում է․ «Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև գոյություն ունեցած խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում»։

Ռաֆայել Մարտիրոսյանն ասում է, որ մտահոգություն չունի Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ներկայացվող հայցերի առումով, քանի որ այդ ի՞նչ հայցեր պետք է ներկայացնեն ադրբեջացիները, որ կարողանան իրենց ձեռնտու արդյունքն ունենալ։ Իսկ հայկական կողմի հայցերը հիմնավոր են։

«Հայաստանի կողմից ներկայացված հայցերը հիմնավոր են, եւ ես կարծում եմ, որ Ադրբեջանի ճնշման հետեւանքով է հայցերից հրաժարվելու այդ կետն ամրագրվել նախաստորագրված փաստաթղթի մեջ, որովհետեւ Ադրբեջանն ակնհայտ վտանգներ է տեսել։ Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, որ Արցախի շարժումն իրավաչափ շարժում է, եւ իրենց կողմից էթնիկ զտման գործողությունները՝ զուգորդված ցեղասպանությամբ, միանշանակ ավելի վտանգավոր հետեւանքներ կառաջացնեն Ադրբեջանի համար, քան, օրինակ, իրենց կողմից ներկայացված հայցերը»,- հավելեց փաստաբանը։

Անդրադառնալով հարցին, որ արցախցիների վերադարձի իրավունքի հարցերը մնում են չլուծված, իսկ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անիրատեսական համարեց վերադարձի հարցը, արդյոք այս գործողություններով Արցախի հարցը փակվո՞ւմ է, Ռաֆայել Մարտիրոսյանը  պատասխանեց․

«Արցախցիների վերադարձի իրավունքը  միայն արցախցիներին չի պատկանում։  Այն պետությունը, որը ճանաչում է արցախցիներին փախստականի կարգավիճակում, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, պարտավորված է վերադարձի հետ կապված քաղաքական գործընթացներ ձեռնարկել, որովհետեւ դա իր պետության պարտականությունների մեջ է մտնում։ ՀՀ-ն եւ Արցախն ունեն փոխադարձության հարաբերություններ։ Եվ եթե Փախստականի մասին ՀՀ օրենքն ուսումնասիրում ենք, ապա ակնհայտ է, որ փախստականը, գտնվելով ՀՀ տարածքում, պետությունը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ վերադարձի հարցի քննարկման ուղղությամբ»։

Նա նշեց, որ այդ նախաստորագրված համաձայնագրի նախաբանում ձեւակերպումը հիմնվում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության վրա։ Իսկ ՄԱԿ-ի կանոնադրությունը նաեւ ենթադրում է ինքնորոշման իրավունքի ապահովում։

«Հետեւապես, այստեղ կան այնպիսի վերլուծությունների հնարավորություններ, որոնք ենթադրում են, որ պետք է նաեւ ինքնորոշման իրավունքը գործի»,- ընդգծեց Մարտիրոսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031