Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձգտում ենք «Մերիդիանը» դարձնել համալիր հարթակ, որտեղ հանդիպում են մշակույթը, բիզնեսը, կրթությունը, նորարարությունը, առաջադեմ մտածողությունը…»

Օգոստոս 20,2025 16:30

Aravot.am-ի հարցերին պատասխանում է «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպոկենտրոնի տնօրեն Սամվել Մանուկյանը

Պարոն Մանուկյան, գործունեության 12 տարիների ընթացքում «Մերիդիան»-ը դարձել է բազմաթիվ միջոցառումների պահանջված հարթակ: Թեև էքսպոկենտրոնն ի սկզբանե ավելի շատ կապվում էր դիզայնի և արհեստների, մասնավորապես՝ ոսկեգործության հետ։ Ոլորտները, որոնք ներկայում ցուցահանդեսների, գիտաժողովների, տարաբնույթ այլ միջոցառումների տեսքով ներկայացվում են շատ ավելի բազմազան են։

– Միգուցե նման կերպ մտածելու պատճառն այն է, որ «Մերիդիան»-ն ի սկզբանե ստեղծվել էր որպես ոսկերչության ոլորտը խթանող ազատ տնտեսական գոտի: Օրինակ, տարիներ առաջ «Մերիդիան»-ում կայացավ Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովը (CIBJO):

Հետագայում, պահանջարկը, և, ինչու չէ, նաև բիզնես հեռանկարները հաշվի առնելով, այն դարձավ ցուցահանդեսային հաջողված հարթակ և այդ կարգավիճակով էլ այսօր շարունակում է իր գործունեությունը:

Այսօր «Մերիդիան»-ը կայացել է որպես համագործակցության, այդ թվում՝ միջազգային համագործակցության, մշակութային և մասնագիտական երկխոսության կենտրոն։ Մեր տեխնիկական հագեցվածությունը, ցուցասրահները, համաժողովային սրահները, անվտանգության և հյուրընկալության համակարգերը համապատասխանում են ամենախստապահանջ պատվիրատուների չափանիշներին։

Մեր հարթակում պարբերաբար անցկացվում են միջազգային գիտաժողովներ, մասնագիտական սեմինարներ, կրթական ֆորումներ և արդյունաբերական ցուցահանդեսներ։ Դրանք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, զբոսաշրջության զարգացմանը, ձեռնարկատիրությանը, կրթությանը, առողջապահությանը, մշակույթին ու կրոնին, քաղաքային պլանավորմանը, շինարարությանը և այլ բնագավառների։

Մեր էքսպոկենտրոնի տարբերվող կառուցվածքը, դահլիճների տարածքներն ու հյուրերին տեղավորելու հնարավորությունները, շենքային ժամանակակից ենթակառուցվածքները և մուլտիմեդիայի առաջադեմ միջոցները թույլ են տալիս անցկացնել ամենաբարձր մակարդակի ցանկացած ձևաչափի միջոցառում:

«Մերիդիանը» առաջարկում է դահլիճների և տարածքների լայն ընտրություն, սպասարկման բարձր որակ և լրացուցիչ ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչը երաշխավորում է կյանքի կոչել ցանկացած գաղափար:

Այսինքն, «Մերիդիան»-ը բազմաֆունկցիոնալ բիզնես հարթակ է ցանկացած մակարդակի միջոցառումներ՝ ոլորտային, ազգային և միջազգային խորհրդակցություններ, կոնֆերանսներ, թրեյնինգներ, պաշտոնական միջոցառումներ, պրեզենտացիաներ, ֆորումներ, վեհաժողովներ, համագումարներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև համերգներ, բեմադրություններ, ներկայացումներ և կորպորատիվ տոնակատարություններ անցկացնելու հնարավորությամբ:

-Արդյո՞ք «Մերիդիանը» նաև մասնագիտական երկխոսության վայր է։

– Մենք ձգտում ենք «Մերիդիանը» դարձնել համալիր հարթակ, որտեղ հանդիպում են մշակույթը, բիզնեսը, կրթությունը, նորարարությունը, առաջադեմ մտածողությունը… Սա մի վայր է, որտեղ կարող են տեղի ունենալ և՛ ցուցահանդեսներ, և՛ մասնագիտական, հոգևոր ու մշակութային հավաքներ ու գիտաժողովներ, և՛ բիզնես ֆորումներ։ Այս բազմաշերտությունն էլ մեր ամենամեծ առավելություններից մեկն է։

Գաղտնիք չեմ ասի, եթե նշեմ, որ «Մերիդիանը» բիզնես նախագիծ է, այսինքն՝ շահույթ հետապնդելու նպատակ ունի: Եւ մենք պատրաստակամությամբ համագործակցում ենք բոլոր այն իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, ովքեր գործում են և գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, մեր երկրի իրավական դաշտին համապատասխան՝ անկախ ազգային պատկանելությունից, մաշկի գույնից, լեզվից, uոցիալական ծագումից, կրոնական դավանանքից:

Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած, բոլորին նայում ենք հավասար աչքով: Նաև սա հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ «Մերիդիանը» դարձել է բիզնեսի, մշակույթի, գիտական-կրթական միջավայրերի և հասարակության տարբեր շերտերի շփման հարթակ ու կամուրջ։

Սիրով բոլորին հրավիրում եմ այցելել «Մերիդիան»՝ բացահայտելու այն, ինչի ունակ են ստեղծարար ոգին, երևակայությունը, միտքն ու աշխատանքը:

Այս տարվա մեր միջոցառումների շարքը բավականին հարուստ ու բովանդակալից է: Անցած ամիսների ընթացքում արդեն իսկ տեղի են ունեցել տասնյակ միջոցառումներ:

Վերջում խնդրում ենք տեղեկացնել կայանալիք առաջիկա միջոցառումների մասին:

 -Առաջիկայում սպասվում են նորերը, այդ թվում՝

սեպտեմբերի 5-7-ը կանցկացվի TOON EXPO 2025-ը՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ու մասշտաբային ցուցահանդեսը տարածաշրջանում:

Սեպտեմբերի 19-21-ը տեղի կունենա MedMeet 2025 միջոցառումը բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են առողջապահության ապագայով:

Սեպտեմբերի 28-ին մեր կենտրոնում տեղի կունենա Հայ կրթական հիմնարկության կողմից հայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու արարողությունը։

Հոկտեմբերի 10-12-ը կանցկացվի DigiTec 2025-ը։ Ի դեպ, DigiTec-ը կնշի իր 20-ամյակը:

Հոկտեմբերի 23-25-ը էքսպո կենտրոնում տեղի կունենա «Երևանի Նորաձևության Շաբաթ Yerevan Fashion Week 2025» նույնպես հերթական միջոցառումը, որի ծրագիրը ներառում է անմոռանալի ցուցադրություններ, քննարկումներ և այլն:

Դեկտեմբերի 17-21-ը «ՄԵՐԻԴԻԱՆ»-ում կանցկացվի Ամանորի ամենամեծ Big Christmas Market 2025-2026 ցուցահանդես-տոնավաճառը Հայաստանում:

 

Զրույցը՝ Սամվել Դանիելյանի

Լուսանկարները՝ «ՄԵՐԻԴԻԱՆ»-ում կայացած միջոցառումներից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031