Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան
Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառն ըստ Փաշինյանի
2025թ. օգոստոսի 18-ին՝ ժողովրդին ուղղված ուղերձով դիմելու ժամանակ, Արցախի Հանրապետությյունն օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով…»:
Մեջբերումից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում նշված կոնֆլիկտի ծագման իրական պատճառին:
Կարդացեք նաև
Իսկ եթե երկրի ղեկավարը չի տիրապետում կոնֆլիկտի, տվյալ դեպքում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման սկզբնապատճառին, ապա նա չի կարող լուծել այդ կոնֆլիկտն անգամ մեծ ցանկության պարագայում:
Հարկ է նշել, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի սկսվել ո՛չ հումանիտար և ո՛չ էլ մշակութային հարցերի արծարծմամբ:
Կոնֆլիկտի ծագման պատճառի մասին իր հուշերում գրել է 1918թ. հուլիսի 22-ից մինչև 1919թ. հունիսի 5-ը Արցախի ժողովրդական կառավարության զինվորական գործերի առաջին կառավարիչ (մերօրյա տերմինաբանությամբ՝ պաշտպանության նախարար) Հարություն Թումյանը:
Այսպես, 1918թ. սեպտեմբերի սկզբներին Կովկասի իսլամական բանակը հայոց ցեղասպանության դահիճներից մեկի՝ Էնվեր փաշայի կրտսեր եղբոր՝ Նուրի փաշայի հրամանատարությամբ գրավում է Բաքուն և այնտեղ իրականացնում 30.000-ից ավելի հայերի կոտորած:
Բաքուն գրավելուց հետո, Նուրի փաշան Կովկասի իսլամական բանակը կենտրոնացնում է Արցախի սահմանների մոտ: Սեպտեմբերի 4-ին թուրքական հրամանատարությունը վերջնագիր է ուղարկում Արցախի ժողովրդական կառավարությանը՝ պահանջելով հինգ օրվա ընթացքում զենքը վայր դնել, թույլ տալ թուրքական զորքերի մուտքը Շուշի և ճանաչել Ադրբեջանի իշխանությունը:
«Սա Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական հավակնության դրսևորման առաջին փաստն էր և թուրքերից ստացված առաջին վերջնագիրը» – գրել է Հ. Թումյանը:
Մեջբերումը վկայում է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառը ոչ թե հումանիտար, կամ մշակութային հարցերի արծարծումն է եղել, ինչպես կարծում է Արցախն Ադրբեջան անունով օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, այլ՝ թյուրքերի և կովկասյան թաթարների՝ 1936 թվականից ադրբեջանցիներ հորջորջվածների, ծավալապաշտությունը, որն, ի դեպ, շարունակվում է մինչ օրս՝ արդեն 107 տարի:
Ստեփան ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ