«Ես ակնկալիք չունեմ, որ այս կարգավիճակով, այս ձևի փաստահավաք հանձնաժողովի զեկույցն այն նշանակությունը կունենա, որը կարող էր ունենալ այն հանձնաժողովը, որը սկզբում որոշված էր, որ ձևավորվելու է ԱԺ-ի կողմից»,-Aravot.am-ի հարցին՝ փաստահավաք հանձնաժողովի աշխատանքը արդյունավետ կլինի՞ այսպես պատասխանեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Հիշեցնենք՝ ՀՀ Կառավարությունն իր՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց սահմանել փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի, դեպքերը և իրադարձությունները ներառում են՝ համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր, հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր:
ՀՀ-ում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումն ուղղված է նախևառաջ 1991-ի սեպտեմբերից՝ 2023 թվականը տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների հետևանքով մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը:
Փաստահավաք հանձնաժողովը կստեղծվի Հանրային խորհրդի կազմում։
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցը հիշեցրեց՝ ի սկզբանե փաստահավաք կամ ճշմարտության հանձնաժողովը նախատեսված էր ստեղծել ԱԺ-ի կողմից․ «Դա ընդգրկված էր դատաիրավական բարեփոխումների առաջին ռազմավարության մեջ և դրա նպատակն էր, որ իրապես գնահատական տրվեր մինչև 2018-ը պետության զավթման ժամանակահատվածում մարդու իրավունքների շարունակական ու անպատիժ խախտման դեպքերին։ Խոսքը վերաբերում է 2019-2022 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը։ Դա անցումային արդարադատության գործիքներից մեկն էր, որը պետք է ստեղծվեր ԱԺ-ի կողմից, նախագիծը նույնիսկ ռազմավարության մեջ էր ներառված, 9 հոգանոց հանձնաժողով պետք է ստեղծվեր, ԱԺ-ն պետք է ընտրեր այդ հանձնաժողովի կազմը, հետո այն պետք է երեք տարի աշխատեր, բացահայտեր այդ մեխանիզմերը և ներկայացներ ԱԺ-ին։
Այս ամենի փոխարեն հիմա առաջարկվում է, որ Հանրային խորհրդի կողմից ձևավորվի փաստահավաք հանձնաժողով։ Սա բոլորովին այլ բան է։ Ինստիտուցիոնալ տեսակետից ԱԺ-ի, որը բարձրագույն ներկայացուցչական օրենսդիր մարմինն է, նրա կողմից ձևավորված փաստահավաք հանձնաժողովի կարգավիճակը և Հանրային խորհրդի կողմից ձևավորվող հանձնաժողովի կարգավիճակները խիստ տարբեր են։
Պարզ է, չէ՞, որ 2019-ին ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, երբ ընտրեին հանձնաժողովի կազմում հանրությանը հայտնի մարդկանց, իրավունքի բնագավառում ճանաչված անձանց, անկախ կողմ, թե դեմ քվեարկելուց, բայց ինքը կունենար այլ կարգավիճակ։ Եվ բոլորը կընդունեին, որ անհրաժեշտ է, որ իրապես տրվի իրավական գնահատական մարդու իրավունքների շարունակական ու անպատիժ խախտումների համար։ Հիմա սա դառնում է կառավարության կողմից ձևավորված Հանրային խորհրդի կողմից ստեղծվող փաստաբանական հանձնաժողով․ խիստ տարբեր բաներ են»։
Արթուր Սաքունցը մտահոգված է՝ եթե փաստահավաք հանձնաժողովը ձևավորվեց Հանրային խորհրդի կողմից, ո՞նց են ընտրելու անդամներին, կամ ո՞վ է դիմելու․ «Իհարկե, փաստահավաք հանձնաժողովի կազմում ընդգրկված մարդկանցից է կախված՝ ինչքանով կլինեն սկզբունքային։ Կապ չունի՝ այսօրվա՞, թե նախորդ իշխանությունների կողմից է խախտումը եղել։ Բայց անցումային արդարադատության ինստիտուտի տեսակետից ինքն արդեն այն կարգավիճակը չէ, որը նախատեսվում էր, և մենք ժամանակին առաջարկել էինք»։
Մեր այն դիտարկմանը՝ նախորդ տարվա հունիսյան դեպքերն աչքի առաջ ունենալով, երբ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվեց, այս իշխանությունները կկարողանա՞ն բացահայտել մարդու իրավունքների խախտումները, օրինակ՝ խաղաղ հավաքների ժամանակ հենց իրենց իշխանության ժամանակահատվածի համար, Արթուր Սաքունցն արձագանքեց․ «Իհարկե, չես համեմատի այսօրվա իշխանության իրավիճակը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, նախորդ իշխանության հետ։ Սա այն սովորական փաստահավաք հանձնաժողովը չէ, որ Սերժ Սարգսյանը ստիպված էր ստեղծել մարտի-1-ի իրադարձությունների հետ կապված, որն էլի աշխատեց ու բավականին լուրջ զեկույցներ ներկայացրեց։ Կախված է հանձնաժողովի կազմից և անդամներից, որոնք իրականացնելու են։ Եթե հանձնաժողովի անդամները լինեն սկզբունքային, իշխանությունն ինչո՞ւ պետք է ճնշում գործադրի, եթե իշխանությունը ճնշում գործադրեր, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա ճնշում կգործադրեր, որ ասենք՝ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բարեվարքության խախտում։ Կարող էին, չէ՞ անել»։
Արթուր Սաքունցի համար նաև անհասկանալի է՝ փաստահավաք հանձնաժողովն իր պատրաստած զեկույցն ո՞ւմ է ներկայացնելու․ «Հանրային խորհրդի՞ն, իսկ սկզբում նախատեսված էր, որ փաստահավաք հանձնաժողովը կամ ճշմարտության հանձնաժողովը երեք տարվա աշխատանքից հետո զեկույցը պետք է ներկայացնել ԱԺ-ին»։
Մեր հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ սա այս իշխանությունների քաղաքական կամքի դրսևորման խնդի՞ր է, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Եթե լիներ քաղաքական կամքի խնդիր, չէին ստեղծի այդ հանձնաժողովը, բայց այն ստեղծվել է, կամ կարգը հաստատվել է։ Սակայն խնդիրն այն է, որ իմ համոզմամբ՝ անցումային արդարադատության նշանակությունը կամ դերը լրջորեն չի գիտակցվել։
Դա սովորաբար արվում է նման անցումներից անմիջապես հետո, օրինակ՝ դա պետք է արվեր 2018-ի ԱԺ-ի արտահերթ ընտրություններից հետո շատ կարճ ժամկետում՝ 2019-ի ընթացքում։ Եթե առաջին դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ ստեղծված լիներ հանձնաժողովը, այդ գնահատականը տրված լիներ, դա հնարավորություն կունենար բացահայտել մեխանիզմներ, որոնք հանգեցրել են մարդու իրավունքների խախտմանը, նաև մեխանիզմները, որոնք երաշխավորել են անպատժելիությունը, նաև այն մարդիկ որոնք պատասխանատու են եղել՝ վերևից ներքև։
Այդ պարագայում նաև կարձանագրվեին խախտում կատարողները, և դրա հիման վրա վեթինգ կարվեր՝ ոստիկան, դատախազ, դատավոր, ինչը չարվեց։ Ավելին, նաև ցույց կտրվեր, թե ինչպիսին չպիտի լինի կառավարումը, համակարգը, որը հանգեցնում է նման խախտումների։ Բա ասում ենք՝ դատաիրավական բարեփոխումներ, քանի որ դատական իշխանության անկախությունը երաշխավորված չէ, քանի որ ունենք այս ձևի դատական իշխանություն, որտեղ ով ասես՝ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին է ազդում դատական իշխանության վրա, իշխանությունն իր հերթին է կարողանում ազդեցություն ունենալ․ չկա դատավորի անկախություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ