«Մի բան պարզ է, որ ցանկացած իշխանություն առաջին հերթին պիտի սահմանի իր ժամանակահատվածում կանոնները, որոնք չպետք է խախտվեն։ Միաժամանակ դիտարկելով նաև նախորդ իշխանությունների ժամանակ կատարված հանցագործությունները՝ նաև թույլ չպիտի տա, որ իր իշխանության ժամանակահատվածում տեղի ունենան մարդու իրավունքների աղաղակող խախտումներ։
Այդ կամքը դեռևս չեմ տեսնում»,-Aravot.am-ի հարցին ի՞նչ ակնկալիք ունեք փաստահավաք հանձնաժողովի աշխատանքից և որքանո՞վ է իրատեսական, որ ներկայիս իշխանությունը, որի իշխանության օրոք անցյալ տարի հունիսին խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվեց կկարողանա բացահայտել նախորդ և նաև իր իշխանության տարիներին մարդու իրավունքների խախտումները, այսպես պատասխանեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ Կառավարությունն իր՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց սահմանել փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը։
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի, դեպքերը և իրադարձությունները ներառում են՝ համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր, հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր:
Կարդացեք նաև
ՀՀ-ում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումն ուղղված է նախևառաջ 1991-ի սեպտեմբերից՝ 2023 թվականը տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների հետևանքով մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը:
Փաստահավաք հանձնաժողովը կստեղծվի Հանրային խորհրդի կազմում։
Զարուհի Հովհաննիսյանը դժվարացավ կարծիք հայտնել, թե ինչ ձևաչափ է, ինչ կարգ են սահմանել և ինչ նպատակ է դա հետապնդում իրականում։
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է սպառել ամբողջ ժամանակահատվածում մարդու իրավունքների իրավախախտումների բացահայտումը 1991-2023 թվականը ժամանակահատվածում, իրավապաշտպանը պատասխանեց․ «Պետք է մեթոդաբանությունը նայել, բայց չեմ կարող ասել՝ ինչ մեթոդաբանությամբ են փորձելու անել։ Եթե մեթոդաբանություն հստակ լինի, կարող է հնարավոր լինի դիտարկել»։
Հետաքրքրվեցինք՝ իրավապաշտպան դաշտի հետ կա՞ համագործակցություն այս հարցում, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Իմ դեպքում չկա։ Հիմա իրավապաշտպանական դաշտն այդքան միատարր չէ, որ քաղհասարակությունը՝ բոլորը մեկ մարդու պես կանգնեն։ Չեմ կարող ասել՝ ում հետ ինչ համագործակցություն է եղել։ Հնարավոր է՝ եղել է, հնարավոր է՝ ոչ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ