Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացեք, վտանգված է հայցային վաղեմության ժամկետների հաշվարկումը

Օգոստոս 21,2025 13:00

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանի, նույն ինստիտուտի արդի հայերենի բաժնի վարիչ Թ. Ասոյանի ստորագրությամբ այս տարվա հուլիսի 15-ի գրությամբ Երեւան Զարոբյան փողոցի 60 տան բնակիչ Կարեն Ասոյանին (Ասոյանը ՌԴ-ում ՀՀ նախկին առեւտրային ներկայացուցիչն էր ԵԱՏՄ-ում-Ռ.Մ.) հայտնվել է. «Ի պատասխան Ձեր հարցման` պարզաբանում ենք, որ «Դեռեւս 2015 թվականի մայիսին` գումարը վերադարձնելուց անմիջապես հետո, անձը պետք է բավարար միջոցներ ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն» եւ «Գումարը վերադարձնելու պահից անձը պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին» նախադասություններն ունեն նույն բովանդակությունը, արտահայտում են նույն միտքը»:

Ինչու է Ասոյանը դիմում Լեզվի ինստիտուտին

Նախ, դատական գործընթացի մասին, որի սկիզբը դրվեց 2018թ. հուլիսի 6-ին, երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը ծանոթանալով հայցվոր Արթուր Գասպարյանի ներկայացուցիչ Դ. Վարդանյանի կողմից ներկայացված հայցադիմումին՝ ընդդեմ պատասխանողներ Կարեն Ասոյանի եւ նրա կնոջ՝ Ազնիվ Ասոյանի` 4,000,000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին փաստաթղթերին, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարեց՝ հայցագնի` 4,000,000 ՀՀ դրամ գումարի չափով. արգելանք դրեց Ասոյաններին պատկանող գույքի՝ Երեւանի Զարոբյան փողոցի 60 տան վրա, որը մինչ օրս արգելանքի տակ է:

Այս տարվա մայիսի 30-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղպալատը որոշում կայացրեց գործն ուղարկել վերաքննիչ քաղաքացիական դատարան, խախտելով հայոց լեզվի ոճաբանության կանոնները, դիմելով ըստ Կ.Ասոյանի` խեղաթյուրման եւ բառակապակցությունների մանիպուլյացիայի:

Նշված նույնաբովանդակ նախադասությունների միջոցով ՀՀ վերաքննիչ  քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ /12882/02/18  քաղաքացիական գործով 22.12.2023 որոշման տարբեր հատվածներում ընդգծել է այն փաստը, որր հայցվոր Արթուր Գասպարյանը խախտել է հայցային վաղեմության ժամկետը: Սակայն Վճռաբեկ դատարանի մայիսի 30-ի որոշման մեջ դատավորներ Ա.Մկրտչյանը, զեկուցող դատավոր Ս. Մեղրյանը, Ն.Հովսեփյանը, Է.Սեդրակյանը, Վ. Քոչարյանը, խեղաթյուրել են հայոց լեզվի ոճաբանության կանոնները եւ նշած որոշման մեջ ցիտելով ՀՀ վերաքննիչ դատարանի վերը նշված երկու նախադասությունները գրել են բառացի. «Այսինքն, վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար միանշանակ եզրակացության չի եկել, որոշման մեջ նշելով Արթուր Գասպարյանի կողմից եւ` բավարար միջոցներ չձեռնարկելու, եւ` պարտավոր էր իմանալու մասին, որպիսի պայմաններում հիմնավոր համարելով հայցային վաղեմության միջնորդությունը, գործի լուծման համար եկել է սխալ եզրակացության»:

Մենք Կարեն Ասոյանի գործի մասին գրել ենք:

Տասը եւ ավելի տարի առաջ շինարարական աշխատանքներ են կատարվում նրա հայրական տանը:  Ասոյանը, գտնվելով ՌԴ-ում, գումարներ է ուղարկում շինարարին, իսկ երբ գալիս է Հայաստան, բացահայտում է, որ պատվիրատուից ստացված գումարների դիմաց որոշ աշխատանքներ ընդհանրապես Գասպարյանը չի կատարել, իմիտացիա է որոշ դեպքերում ստեղծել, օրինակ, պատի մեջ սվաղով «ամրացրել է» ոչ մի տեղ չգնացող էլեկտրական լարեր, խողովակներ: Երբ այս ամենը բացահայտվում է, շինարարական աշխատանքներ կատարողը դիմում է փախուստի:

Իրավապահ մարմիններին տված հաղորդման հիման վրա Գասպարյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ` Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից` խոշոր չափերով խարդախության առիթով:

Քրեական գործում առկա են ապացույցներ անձի կողմից ստացված բոլոր գումարները հաստատող, նրա իսկ կողմից ստորագրված պայմանագրերի, ստացականների մասին, վարույթի ժամանակ նա տալիս է խոստովանական ցուցունք, որ ինքը կվերադարձնի անորակ եւ չկատարված աշխատանքների համար 70 000 ԱՄՆ դոլար:

Շինարարի համար զանգում են Ասոյանին մի շարք մարդիկ, այդ թվում՝ դատավոր ներկայացած Արթուր անունով մեկը (ողջամիտ կասկած կա, որ Արթուր Աթաբեկյանն է  եղել, մեր տրամադրության տակ է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 2024թ. նոյեմբերի 27-ի գրությունն ուղղված Ասոյանին, նրա հաղորդման կապակցությամբ-Ռ.Մ.), ով առաջարկում է հանդիպում: Ասոյանն ասում է` միակ տարբերակը` իրենից հափշտակած գումարների վերադարձն է:

Հարկայինը` ՊԵԿ-ն իր հերթին հարուցում է քրեական գործ, պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով):

2016-ին Գասպարյանի կողմից գումարը վերադարձնելուց 9 ամիս հետո ՊԵԿ քննիչը որոշում է կայացնում պետությանը պատճառած վնասի չափը պարզելու նպատակով դատաշինարարական եւ դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին: Ըստ ՊԵԿ ՕՀ աշխատակազմի՝ պարզվում է վնասը կազմում է  205.794.873 ՀՀ դրամ, իսկ  ՊԵԿ քննիչի` 87.346.476 ՀՀ դրամ:

Այս գործով Կարեն Ասոյանն ուշադրություն է հրավիրում նաեւ եզրակացության վրա, քննիչը ստանում է շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացությունը, սակայն շրջանառվում է դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանաքագիտական փորձաքննության եզրակացություն անվամբ:

Հետագայում քննիչը կարճում է այս քրեական գործը, հանգելով հետեւյալին` առանձնատան կառուցման ընթացքում կատարված ծախսերն ավելին են, քան Ա.Գասպարյանի կողմից պետությանը պատճառված վնասը հաշվարկելու համար ձեռք բերված ելակետային տվյալները` պատվիրատուի կողմից Ա.Գասպարյանին վճարված գումարների հիմնավորումները:

Ասոյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց` «Հնարավոր է քննիչը նոր գյուտ է կատարել հայոց լեզվի ոճաբանության ոլորտում»…

Գումարը վերադարձնելուց չորս ամիս հետո Գասպարյանը դիմում է դատարան՝ Ասոյանից 4 միլիոն դրամ բռնագանձելու հայցով, որը հետագայում լրացվում է, դառնում 70 000 ԱՄՆ դոլարի հայց:

Երկու դեպքերոմ էլ` սկզբնական հայցի եւ հայցի լրացման ժամանակ անձը պետտուրքի վճարումից ազատվում է:

Ասոյանն ասում է, որ դատական գործընթացի մասին իմացել է պատահական, հետագա դատական գործընթացներին պատասխանողները տեղեկացված չեն եղել, երկու տարի առաջ դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել է Գասպարյանի հայցն ամբողջությամբ եւ հաջորդ օրն անցել պատվավոր թոշակի:

Վերաքննիչ դատարանը կիրառում է հայցային վաղեմություն, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է` «Նախաքննության մարմնի կողմից ձեռնարկված միջոցներն ուղղված չեն եղել հայցվորի խախտված իրավունքների պաշտպանությանը, այլ ուղղված են եղել նրա կողմից պետությանը պատճառված վնասը պարզելուն, հետեւաբար, ՀՄ եզրակացութունը ձեռք բերելու պահը չի կարող նույնանալ հայցվորի իրավունքի խախտման մասին իմանալու հետ»:

Վճռաբեկ դատարանն այս տարվա մայիսին առանց դատավոր Ա.Աթաբեկյանի որոշում է կայացնում բեկանել, գործն ուղարկել վերաքննիչ դատարան՝ մասնակի բավարարելով հայցվոր շինարարի բողոքը:

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Արսեն Սիմոնյանը վերջերս` օգոստոսի 4-ի գրությամբ հայտնում է Երեւան Զարոբյան փողոցի 60 տան բնակիչ Կարեն Ասոյանին. «Ի պատասխան վարչապետի աշխատակազմի` 2025 25 14.01/14.57/24463-2025» գրությամբ արդարադատության նախարարություն վերահասցեագրված Ձեր դիմումի` հայտնում ենք, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ,  որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ուստի՝ Ձեր դիմումում բարձրացված հարցերի լուծումը դուրս է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հավելվածի 3-րդ կետում  սահմանված` արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից»:

Ասոյանը Վճռաբեկ դատարանի որոշումից դժգոհ է, ըստ նրա՝ նրանք անթաքույց որոշել են օգնել հայցվորին, նրան օժտել են պայծառատես գուշակի շնորհով, որը դեռեւս տասը տարի առաջ գուշակել էր, որ կհարուցվի քրեական գործ, իր կողմից պետությանը հասցված վնաս պատճառելու առթիվ, ապա ինն ամիս հետո այդ քրեական գործի շրջանակում կնշանակվի փորձաքննութուն: Դատարանը արժանահավատ է համարել  չհիմնավորված ցուցմունքը:

Ըստ Ասոյանի` Վճռաբեկ դատարանի կողմից հայցվորի գուշակի շնորհով օժտելը, որն ինչպես գրված է որոշման մեջ, ունեցել է ակնկալիք եւ դրա հետեւանքով խախտել է հայցային ժամկետի վաղեմությունը, կարող է վտանգել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետները, դառնալով  մյուս դատարանների համար հայցային վաղեմության ժամկետները հաշվարկելիս անձանց իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տալու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031