Նոր ուսումնական տարվան ընդառաջ, ԿԳՄՍ ոլորտի պատասխանատուներն օրեր առաջ օնլայն ձեւաչափով պատասխանեցին ուսուցիչներին հուզող հարցերին, որոնք հավաքագրվել էին նախապես։ Սակայն այդ հանդիպումից հետո նախարարությանն ուղղված հարցադրումները ոչ թե պակասեցին, այլ կրկնապատկվեցին, քանի որ գոնե կամավոր ատեստավորման մասով մանկավարժական համայնքը սպառիչ պատասխաններ չստացավ։
«Ամբողջ ընթացքում անդրադարձ չեղավ դասվարների կողմից ուղարկված հարցերին, նոր ներդրված չափորոշչով դասագրքերը եւ ծրագրային պահանջներն իրականում շատ ավելի հեշտ ու աշակերտին դժվարություն չպատճառող բնույթ են կրում, ավելի մատչելի են դարձել աշակերտի համար, այն խորը գիտելիքը, որը մենք սովորել ենք տարրական դասարանում, եւ դարձել է մեզ համար հիմնասյուն, ներկայում այլեւս չկա, 5 ժամ տալով մի ենթաթեմայի համար, անդադար նույնը լսելով՝ երեխաները ձանձրանում են եւ չեն ցանկանում սովորել. հիմա հարց՝ ինչո՞ւ է դասվարի կամավոր ատեստավորման մեջ ներառված միջին օղակի եւ ավելի բարձր մակարդակի գիտելիք, չէ՞ որ մենք աշակերտին տալիս ենք պարզ, մատչելի ու նրա տարիքին համապատասխան կրթություն տվյալ օղակում։ Առարկա+մեթոդիկա եւ դրան զուգահեռ անորոշ եւ անիմաստ պնդումների փունջ՝ գուշակության տարբերակով եւ միայն միավորի կորստով, որը թույլ չի տալիս ուսուցչին առաջ գնալ ու զարգանալ ոգեւորությամբ եւ սիրով, այլ ընդհակառակը՝ վախենալ կորցնել երկար տարիների վաստակը եւ օրվա հացը։ Դասվարին ներկայացվող պահանջներն անարդար են՝ հանձնելով գրեթե 5 առարկայից ատեստավորում, որն արդեն իսկ շատ բազմածավալ է։ Խնդրում ենք, հարգելի տիկին Ժաննա Անդրեասյան, վերանայել ատեստավորման թեստային պահանջների կառուցվածքը, սա հազարավոր ուսուցիչներիս անհանգստության առիթն է դարձել եւ խնդրանքը», – այսպիսի գրառում էր արել մանկավարժներից մեկը հենց ԿԳՄՍՆ էջում։
Քիչ չեն նաեւ այն ուսուցիչները, ովքեր խնդրում են նախարարությանը՝ էլեկտրոնային ձեւաչափին զուգահեռ, պահպանել նաեւ թղթային տարբերակը։
Մանկավարժների կարծիքով, անհրաժեշտ է տրամադրել հստակ հարցաշարեր կամ շտեմարաններ, որպեսզի իրենք կարողանան ավելի նպատակային եւ արդյունավետ պատրաստվել ատեստավորմանը։ Ուսուցիչները դժգոհ են, որ կամավոր ատեստավորմանն ընդառաջ, իրենց ոչ մի դիտարկում այդպես էլ հաշվի չի առնվել։ «Այդպես էլ ուսուցչական համայնքը չմիավորվեց։ Սիրելի մանկավարժներ, պայքարեք բազային դրույքաչափի բարձրացման համար, ոչ թե այս կամ այն առարկայի առավելությունը մատնանշել։ Պահանջեք՝ բազային դրույքաչափը բարձրացնելուց հետո անցկացնեն կամավոր ատեստացիա։ Հիմա է պահը՝ համախմբվել եւ պահանջել ուսումնական տարվա սկզբին»,- նկատել էր մանկավարժներից մեկը։
Կարդացեք նաև
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: