Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Վարչապետի աշխատակազմը 1 մլն դոլար է ուզում բյուջեից Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում իր շահերի պաշտպանության համար։ Սա այս գործով հարկատուների հաշվին բյուջեից գումարներ մսխելու դեռ միայն սկիզբն է, ՀԷՑ-ի դեմ սկսված անօրինական գործողությունների բոլոր հետևանքները ՀՀ քաղաքացիներն են կրելու։
Հետաքրքիր է, որ այսօր առավոտյան ստացանք նաև մեր գրությանը Կառավարության պատասխանը, որով խնդրել էինք 2025-2026թ.թ. բուհեր ընդունված բռնի տեղահանված արցախցի ուսանողների ուսման վարձավճարներին աջակցել, սակայն տեղեկացանք, որ նման փոփոխություններ չեն կարող արվել։
Սեփական սխալներից պաշտպանվելու համար միլիոններ հատկացնելու և ծառայողական շքեղ մեքենաներ գնելու համար գումարների խնդիր չունի պետությունը, բայց երիտասարդների կրթության համար այդ գումարները չկան…»:
Նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը այս տարվա երկրորդ կիսամյակում 1,093,750 դոլարին համարժեք դրամ կստանա (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)՝ Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար։ Այս հարցն ընդգրկված էր կառավարության այսօրվա՝ օգոստոսի 21-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈԻՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Arnold & Porter ընկերությանը, վերջինիս հետ 3,250,000 ԱՄՆ դոլար (չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել և 2025 թվականի ընթացքում մատուցվող փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2025 թվականին հատկացնել 1,093,750.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)՝ Հայաստանի Հանրապետության 2025թ․ պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)։
2.«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման առարկան ձեռք է բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի օգոստոսի 18-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Ըստ նախագծի հիմնավորման՝(28-րդ հարց) կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովմամբ։
«Սույն արբիտրաժային գործով հայցվորները ս․թ․ հունիսի 30-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) են ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին ծանուցում, որին հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթին (Emergency Arbitration) առնչվող գործընթացներ։ Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը ս․թ․ հուլիսի 22-ին ստանալուց հետո Գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։ SCC վեճերի լուծման կարգավորումների համաձայն՝ արտակարգ արբիտրաժային վարույթի շրջանակներում որոշումը ստանալու պահից 30-օրյա ժամկետում կողմը կարող է ներկայացնել արբիտրաժային ծանուցում։ Իրավաբանական ընկերությունների թեկնածուների ուսումնասիրման ընթացքում՝ ս․թ․ օգոստոսի 12-ին Գրասենյակը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից տեղեկացվել է արբիտրաժային ծանուցման մասին, որով արդեն իսկ սահմանվել են ընթացակարգային սեղմ ժամկետներ։
Ուստի, իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն մատուցող ընկերությանը ներգրավելու հրատապությունը պայմանավորված է արբիտրաժային վարույթի շրջանակներում սահմանված ժամկետներում պատշաճ իրավական դիրքորոշումների ներկայացման և ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմամբ»,- նշված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացված հիմնավորման մեջ ։