Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ խաղաղություն չպետք է կառուցվի հայ ժողովրդի մի հատվածի հիմնարար իրավունքների ժխտման հիման վրա. «Սատար Արցախին» միություն

Օգոստոս 21,2025 13:15

«Սատար Արցախին ֆրանսահայ միությունը» վերահաստատում է իր անսասան նվիրվածությունը հայոց Պետության անկախությանը։ Անկախ Հայաստանի ստեղծումը եղել է հիմնարար ուղենիշ և ներշնչման աղբյուր աշխարհի բազմաթիվ սփյուռքահայերի համար։

Հենց այս նվիրվածությունից ելնելով է, որ մենք այսօր խորը վերապահումով ենք արձագանքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնցով արցախահայերին կոչ է արվում հրաժարվել իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքից։

Պետք է հիշեցնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի ծնվել տարածքային հավակնություններից, այլ եղել է արցախահայության արդար պայքարը՝ պաշտպանելու իր հիմնարար իրավունքները՝ Բաքվի իշխանությունների կողմից տարվող խտրականության, բռնությունների և հայատյաց քաղաքականության դեմ։ Այդ իրավունքները ոչ մի կերպ չեն կարող աստիճանակարգվել կամ համարվել երկրորդական։

Մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը պետք է լինեն անկախ ու ինքնիշխան պետության առաջնահերթություններ։ Այդ իրավունքները երկրորդ պլան մղելը ոչ թե զորացնում, այլ էապես թուլացնում է ազգային համերաշխությունը։ Ոչ մի քաղաքական պատճառ չի կարող արդարացնել մարդկանց հիմնարար իրավունքների զոհաբերումը։ Այդ իրավունքները գոյություն ունեն անկախ քաղաքական ռեժիմներից կամ ուժերի հարաբերակցությունից։ Եթե Ադրբեջանը հրաժարվում է հարգել այդ իրավունքները, ապա այդ երկիրն է, որ պետք է համակերպվի միջազգային իրավունքի նորմերին, ոչ թե Հայաստանը հրաժարվի դրանց պաշտպանությունից։

Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի իշխանությունների վրա դրված է ծանր պատասխանատվություն՝ ապահովելու տևական խաղաղություն և արժանավայել վերաբերմունք Արցախի բռնի տեղահանվածների նկատմամբ։ Բայց որևէ խաղաղություն չպետք է կառուցվի հայ ժողովրդի մի հատվածի հիմնարար իրավունքների ժխտման հիման վրա, որոնք հստակ ճանաչվել են Միջազգային արդարադատության դատարանի կողմից։

Սեփական ժողովրդին ծառայող, անկախ և ինքնիշխան հայկական պետության առաջնային առաքելություններից է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները:

Հետևաբար, մենք կրկին հաստատում ենք, որ արցախահայության իրավունքները չեն կարող ի չիք դառնալ։ Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը պահանջում է միջազգային հանրության ուշադրությունն ու գործողությունը։ Հավատարիմ մնալով մեր հանձնառությանը՝ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը և կոչ ենք անում Հայաստանի ու սփյուռքի բոլոր ուժերին միավորել ջանքերը՝ պաշտպանելու Արցախահայերի հիմնարար իրավունքները։

«Սատար Արցախին» միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031