«Ամեն մարդ չի կարող կանգնել եւ հանրության առաջ խոստովանել իր սխալը: Ամեն մարդ չի կարող ասել՝ գիտեք ինչ, ժողովուրդ, ես սխալ էի հասկացել՝ հանրության հետ միասին: Ես կանգնում եւ ասում եմ՝ ժողովուրդ, մենք ինչ-որ բան սխալ էինք հասկացել, էն որ մեզ թվում էր՝ մենք էս ենք, էս ենք, էս ենք, էս ենք…Այո, մենք էլի էդ ենք, բայց մեզ խաղացնում էին: Եվ այն, ինչ այսօր անում է Հայաստանի կառավարությունը, հետեւյալն է՝ մենք ուրիշների խաղից դուրս ենք գալիս եւ մտնում ենք մեր պետության շահերից բխող մեր իրական կյանք»,-կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ ստորագրված, հիմա՝ նախաստորագրված և արդյունքում ստորագրված խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն և կարիք չկա», – ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով՝ «մենք ունենք նաև նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ»:
«Մենք հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության նախագծի վրա և երբ պատրաստ լինի, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի, բայց դա որևէ կապ չունի զուգահեռաբար այս գործընթացի հետ, չնայած ռազմավարական առումով կարող է ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա», – ընդգծեց նա:
Հարցին՝ «եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, դա անդրադառնալո՞ւ է խաղաղության պայմանագրի ստորագրման վրա», Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի այն պարագայում, եթե պարզվի, որ դա որևէ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության գործընթացի վրա»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Ճեպազրույցն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ