Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր խնամքի տակ գտնվող վանքերով ու եկեղեցիներով անցեք ու նկարահանեք և կտեսնեք ձեր իրական պատկերը. Տեր Արտակ քահանա Միրզոյանի պատասխանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին

Օգոստոս 21,2025 15:02

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Որ ասում ենք Աստծո տունը վերածել եք չուլանի, աղբ եք պահում… Իսկ մոմի բիզնեսը կառուսելի եք վերածել: Մարդը գա, փողը տա, մոմը դնի, կեսը մնա ջրի տակ ու հավաքեք, նորից ծախեք, նորից գա, նորից ծախեք, հետո նորից գա, նորից ծախեք, ծախեք, փող գա, փո՛ղ, փո՛ղ:

Արա, բա շորերներդ էիք ճղում, Տավուշի մի եկեղեցու կողքով սահման էր անցնում, հիշեցիք, վազեցիք նկարվելու: Բա էն ֆեյսբուքյան հավատացյալները, որ մի օր կաթոլիկ ֆրանկ են, մի օր ուղղափառ են, իսկ նկարների տեղը խաչ ու եկեղեցի է, բա դրանք ո՞ւր են:

Ինչո՞ւ վերջապես քաղաքական միտինգներ անող ու դատարանների դիմաց հավաքվող, անիծող և գլուխ կտրող քահանաները երթով չեն գնում Տավուշ, հետները սպիտակ շապիկով ու կեպկայով մի քանի մարդ տանեն, իրանց ձևով մաքրեն Աստծո տունը:

Ո՞ւր է Կտրիճ Ներսիսյանը:

Էս ինչի՞ եք վերածել մեր եկեղեցին:

Մատթէոս 21:13. «Գրուած է. Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. իսկ դուք անոր դարձուցիք ավազակներու որջ»:

Հաղարծնի վանք. 10-րդ դարի հայկական վանական համալիր, Հայաստանի Տավուշի մարզում:
Տեսանյութը՝ 26.07.2025թ.»:

Հաղարծին վանքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արտակ քահանա Միրզոյանի պատասխանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Դուք մեր Սուրբ Եկեղեցով մտահոգ չեք, իբրև ձեր Մայր Եկեղեցու, այլ փորձում եք սևացնել, թուլացնել և իբրև ժամկետ ձեր առջև դրել եք 2026թ․ ընտրությունները «Ասում ենք, ասում ենք, ասում ենք․․․»․ ի՞նչ եք ասում, մինչև օրս Ամենայն Հայոց Հայրապետին դիմելու ձև ու պահվածք չունեք, ինչ էլ ցանկանում եք ասել, ձեր իրական ցանկությունը երևում է ձեր ճղճիմ հրապարակումների տակ տեղ գտած ձեր ֆեյքերի ֆաբրիկայի քոմենթներից։

«Եկեղեցին պիտի հարկվի․․․»․ բազմիցս ասվել է, որ եկեղեցին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում է։

Աստծո տունը ոչ ոք չուլանի չի վերածել, ձեր հրապարակած տեսանյութը Պայծառակերպության տոնի նախորդ օրվա է․ ըստ ձեզ՝ եթե ճիշտ է, և մտահոգ եք, «զավա՛կ եկեղեցու», ինչո՞ւ չհրապարակեցիք հենց նկարահանման օրը։ Կամ՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի մոտենալ ինձ և մտահոգությունդ հայտնել, թե՞ թեժ մնալու համար ցանկացաք Ազգընտիր Հայրապետիս 74-րդ տարեդարձին հրապարակել։

Այն, ինչ նկարահանել եք, անգամ այստեղ եք մանիպուլացնում կամ չեք հասկանում, որ տարբերակեք եկեղեցին գավիթից։

Այս գավիթում առկա է վեց մոմակալ, իսկ ինչո՞ւ կադրերում մյուսները չկան․ վստահ եմ՝ աշխատակցուհու աշխատանքի ընթացքում եք նկարահանել, և քանի որ մյուսները մաքուր էին, ձեր կողմից պատրաստվող նյութը արժեք չէր ունենա։

Ձեր գործերից հստակ երևում է, որ դուք եկեղեցով մտահոգ չեք, իբրև ձեր Մայր Եկեղեցու, այլ փորձում եք սևացնել, թուլացնել և իբրև ժամկետ ձեր առջև դրել եք 2026թ․ ընտրությունները։
Շատ լավ գիտեք՝ ամեն մի մոմի վաճառքից և ազնիվ բարերարների (որոնց կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի իշխանություններն են ձերբակալում) նվիրատվությամբ են պահպանվում եկեղեցիներն ու վանքերը։

Ձեր խնամքի տակ գտնվող վանքերով ու եկեղեցիներով անցեք ու նկարահանեք և կտեսնեք ձեր իրական պատկերը։

Փառք ենք տալիս Աստծուն, որ ՀՀ հպարտ քաղաքացիների հերոս հարկատուների հաշվին չենք գոյատևում, ինչպես այդ հերոս հարկատուների տված հարկով վայելում եք կյանքը դուք և ձեր մերձավորները։

Չգիտեմ՝ «արա»-ով ում եք դիմում, դե, դուք ձեզ հետ եք խոսում, այդ պատճառով չեմ պատասխանում, բայց եթե օրվա մի մասը ՀՀ Ազգային ժողովի նախագահ եք, մի մասն էլ՝ փողոցի տղա, հստակեցրեք, որ շփման մեջ ձեզ դիմելու ձևը հստակեցնենք մեզ համար։

Տավուշի ձեր մատնանշած «մի եկեղեցին» Ոսկեպարի 7-րդ դարի Սբ․ Աստվածածին եկեղեցին է, որի մուտքից հարավ, ընդամենը 15 քայլ այն կողմ, կանգնած է ձեր սիրելի Ադրբեջանի զինվորը, սակայն, այդ ամենով հանդերձ, եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ, և մեր ժողովրդին հաղորդակից ենք դարձնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Իսկ եկեղեցու հանդեպ այդ անուղղակի խոսքը՝ «Տավուշի մի եկեղեցի», ոչինչ է ձեր իշխանության կողմից հարյուրավոր վանքեր և սրբատեղիներ կորցնելուց հետո։

Սուրբ Մատթեոս Ավետարանչի 21:13․ «Գրված է․ Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն դարձրեցիք ավազակների որջ»։ Այո, թող ների Աստված, եթե 26.07.2025թ․-ին այստեղ եղել եք շատ անձանցով և մեր աչքից աննկատ։

Իսկ եթե ձեր բուն գործառույթներին անդրադառնանք, երբ գրեթե մեկ ամիս առաջ եք եկել Հաղարծին վանք, ապա չտեսա՞ք այն ճանապարհների վիճակը, որը հարկատուների հաշվին պիտի վերանորոգվի կամ վերակառուցվի, բայց ոչինչ չի արվում, թե՞ ձեր մեքենաները այդպիսի փոսերը չեն «նկատում»։

Հստակեցրեք ձեզ համար՝ ով եք․ եթե իրոք Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եք, ինչպես որ ասում եք, մոտեցեք, խոստովանվեք և ապաշխարեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031