Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում շարունակվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Դատարանը շարունակում է հետազոտել ապացույցները, հետազոտվեց Միքայել սրբազանի օրագրի արձանագրությունը, դատախազը դրվագներ ընթերցեց օրագրից։
«Իշխանության յուրացման դիտավորությունն ապացուցվում է։ Սրանով վերահաստատվում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքը»,- ասաց դատախազը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Միքայել սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց․ «Դատախազի կողմից նշվեց, որ իշխանության յուրացման դիտավորությունն ապացուցվում է, ընթերցվեց օրագրից հատվածներ, այստեղ առանձնացված տողեր կան, եւ որեւէ կերպ որեւէ տողում, որեւէ բառում մենք չենք հանդիպում հանցակազմի ապացուցմանն ուղղված բառ։ Այսինքն՝ յուրաքանչյուր ընթերցված եւ մգեցված տողում սրբազանը խոսում է իր հարցազրույցների դիտումների քանակի մասին։ Յուրաքանչյուր ողջամիտ մարդ, իր ասած ողջամիտ խոսքը կամ հորդորը իհարկե կկարեւորի, որ իրեն հանրությունը լսի։ Դա դժվար ընկալելի բան չէ։ Իսկ որ սրբազանը հեղաշրջման կամ իշխանության զավթման որեւէ կոչ չի արել, սրբազանը տեսագրության մեջ պարզաբանել է, որ՝ ես իշխանության զավթման կոչ չեմ արել։ Այստեղ իսպառ բացակայում է իշխանության յուրացման զավթման կոչը»,- ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպան Երեմ Սարգսյան էլ ասաց, որ ոչ միայն այս արձանագրությունն է անթույլատրելի, այլ նաեւ խուզարկության արդյունքում ձեռք բերվածը։ «Կարան օրագրի մեջ մի հատ էլ գրեն, որ սրբազանը մարդ է սպանել, ուզում եմ ասել՝ էս ամեն ինչն ապացույցի հատկանիշներին չի բավարարում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ». «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Դատական նիստերի դահլիճում նստած հետևում եմ ընթացքին և պարզվում է, որ Միքայել Սրբազանին դատում են ոչ միայն խոսելու, այլև մտածելու և իր օրագրում այդ մտքերը զետեղելու համար:
Ցանկանում եմ ներողություն խնդրել ինձ հետևող մարդկանցից, քանի որ բազմիցս նշել էի, թե նրան դատում են հարցազրույց տալու՝ այսինքն՝ խոսելու համար։ Իսկ այժմ այդ ամենին ավելացել է նաև «մտածելը»։ Հետևաբար շտկում եմ իմ նախորդ գնահատականը և պնդում, որ Միքայել Սրբազանին դատում են մտածելու և խոսելու համար»: