«Դատարանին միջնորդում եմ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) դատական նիստի ընթացքում հայտարարեց մեղադրող դատախազը։
Որպես հիմնավորում՝ նա նշեց․ «Իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներ են ներկայացվել առ այն, որ ներկայացվող առերևույթ հանցավոր արարքների կատարման մեջ ամենաակտիվ դերակատարությունը հենց մեղադրյալինն է եղել, և մի շարք գործողություններ համաձայնեցվել և հարմարացվել են մեղադրյալի կարծիքին։ Դրանով պայմանավորված՝ կարծում եմ դատարանը պետք է ուշադրության կենտրոնում պահի նաև մեղադրյալի ակտիվ դերակատարումը։ Մեղադրյալի գտնվելու վայրը դատարանին մշտապես պիտի հայտնի լինի։ Դա միտված է վարույթի՝ անխոչընդոտ ընթացքն ապահովելուն»։
Մյուս հիմնավորումը ըստ դատախազի՝ փախուստի դիմելու վտանգն է։ Նա վստահեցրեց՝ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն լինելու ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը՝ հաշվի առնելով, որ նրա դերակատարությունը մեղսագրվող արարքներին ամենաակտիվներից է։
Կարդացեք նաև
Դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել Բագրատ սրբազանի կալանքի ժամկետը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց․ «Կալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել։ Խոչընդոտելու ու հանցանք կատարելու ռիսկերը վարույթի սույն փուլում բարձր են, և այլ խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը»։
Բագրատ սրբազանը դատավորին շնորհակալություն հայտնեց այդ որոշման համար. «Ես գետնի տակ կանցնեի, եթե Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգվեր, իսկ ես ազատության մեջ լինեի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ