Լրահոս
Օրվա լրահոսը

Այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր հարթություն. Փաշինյան

Օգոստոս 21,2025 16:52

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և շնորհավորել բոլորին այդ առիթով, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի և խորհրդարանական խմբակցության մասնակցությամբ մի շարք քննարկումներ են անցկացվել, տեքստի վերլուծություններ են եղել: «Եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել: Եվ ես ուզում եմ կատարված աշխատանքի և աջակցության համար բոլորին շնորհակալություն հայտնել: Պետք է նաև արձանագրել, որ սրանով մեր աշխատանքը ոչ թե ամփոփվում է, այլ սկսվում է: Կա մի այսպիսի երևույթ, երբ սեղանին դրված է մի հարց, որը շարունակաբար չի լուծվում, այդ մի հարցը շարունակում է մնալ օրակարգում: Երբ այդ հարցը լուծվում է, դրա լուծման արդյունքում առաջ են գալիս 10 այլ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և սա նորմալ է, տրամաբանական է, և զարգացումն այսպես է լինում: Այսինքն՝ լուծում ես հարց՝ դրա արդյունքում ի հայտ են գալիս նոր հարցեր, լուծում ես այդ հարցերը, դրա արդյունքում՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, ու այդ հարցերի հետ առնչվելու արդյունքում է, որ տեղի է ունենում զարգացումը: Ես համոզված եմ, որ այս քայլով մենք դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ և նոր հարթություն, և այստեղ մեր աշխատանքի բովանդակությունը և էներգիան, իհարկե, պետք է ավելին լինի, մեր աշխատանքի արդյունավետությունը պետք է ավելին լինի: Առջևում շատ մեջ աշխատանք կա անելու, բայց կարևոր է ընդգծել, որ դա կառուցողական, խաղաղ և ստեղծագործ աշխատանք է, և մենք բոլորս պետք է առավելագույն կենտրոնացած լինենք այդ աշխատանքի վրա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ժողովրդավարական երկրում քաղաքական պաշտոնյա լինելը հանրային, հրապարակային գործունեություն է, որտեղ հանրային հաղորդակցությունն ունի առանցքային նշանակություն. «Մարդիկ, մեր քաղաքացիները պետք է հասկանան՝ մենք ինչ ենք անում, ինչու ենք անում, ինչն է, որ չի ստացվում և ինչն է դրա պատճառը, ինչն է, որ ստացվում է և ինչի արդյունքում է այդ ամեն ինչը ստացվում: Նույնիսկ ամենամեծ ձեռքբերումների պարագայում խնդրահարույց է, եթե այդ հաջողությունների ծագումնաբանությունը հասկանալի չլինի հանրությանը՝ ինչը, ինչու, ինչպես տեղի ունեցավ, և որոնք են այն ենթատեքստերը, համատեքստերը, մոտիվացիաները, որոնք բերում են նման իրավիճակների, արդյունքների: Կարծում եմ, որ առաջիկայում բոլորս, Կառավարության անդամները, հատկապես քաղաքական ներկայացուցիչները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք հանրային հաղորդակցությանը, մեր աշխատանքի նրբությունները, նպատակները, տեքստերը, ենթատեքստերը, համատեքստերը քաղաքացիներին ներկայացնելուն, նրանց հարցերին պատասխանելուն, նրանց մտահոգություններին արձագանքելուն: Եվ, իհարկե, այս ընթացքում մենք կարողանում ենք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, որը, գուցե, պաշտոնական թղթերում, փաստաթղթերում միշտ չէ, որ արտացոլված է լինում կամ այնպես չի արտացոլված լինում, որպեսզի մենք կարողանանք գնահատել տվյալ փաստի կարևորությունը: Համենայն դեպս, այս նոր փուլում՝ խաղաղության ինստիտուցիոնալացման, ստեղծագործ փուլում, մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում»:

Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման ապահովումը

Կառավարության որոշմամբ 9.6 մլրդ դրամ կհատկացվի հանրապետության ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, վերակառուցման, կառուցման, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման, ավարտված շինարարական աշխատանքների (5%) և տեխնիկական և հեղինակային հսկողության մատուցված ծառայությունների, ինչպես նաև ներքոնշյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների վճարման համար: Նախատեսված հիմնանորոգվող, վերակառուցվող, կառուցվող և միջին նորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 115.35 կմ, որից՝ հիմնանորոգվող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 0.9 կմ, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 11.5 կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 42 կմ, իսկ ճանապարհների միջին նորոգման ընդհանուր երկարությունը՝ 60.95 կմ: Տրանսպորտային օբյեկտներից՝ 1 հատ վերակառուցվող հենապատ։

Վարչապետը թվարկել է այն ծրագրերը, որոնք որոշմամբ ֆինանսավորում են. Գյումրի քաղաքից մինչև ՀՀ սահման տանող ավտոճանապարհի 0.9 կմ հատվածի հիմնանորոգում, Վեդի քաղաքով անցնող ավտոճանապարհի 3.8 կմ հատվածի հիմնանորոգում, Արազափից- Արգավանդ տանող ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, Շորժա – Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ջիլ բնակավայր տանող ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող 3․1 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում, Գեղարքունիքի Մարտունի քաղաքից մինչև Ներքին Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ տանող ավտոճանապարհի 3.4 կմ հատվածի հիմնանորոգում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի գյուղ Բերդկունքի կենտրոնական փողոցի 0.7 կմ հատվածի ասֆալտապատում, Մ-3 միջպետական ավտոճանապարհից դեպի Միխայլովկա բնակավայր տանող ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում, Մ3 միջպետական ավտոճանապարհից դեպի Մեծավան և Ձյունաշող բնակավայրեր տանող ավտոճանապարհի 8.5 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 2․3 կմ հատվածի հիմնանորոգում, Գյումրի քաղաքից Այգաբաց բնակավայր տանող ավտոճանապարհի 10.4 կմ հատվածի հիմնանորոգում, Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների 2.4 կմ հատվածի վերանորոգում, Սիսիանից դեպի Աշոտավան և Թասիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհի 10կմ հատվածի հիմնանորոգում, Եղիպատրուշ բնակավայր տանող ճանապարհից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող 3 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 43-րդ կմ-ում փլուզված ստորին հենապատի վերակառուցում, Գյումրուց մոտեցում օդանավակայանին (աջ և ձախ գոտիներ) 3.9 կմ հատվածի միջին նորոգում, Բավրայից դեպի ՀՀ սահման 1.2 կմ հատվածի միջին նորոգում, Չարենցավանից դեպի Գագարին 15.2 կմ հատվածի միջին նորոգում, Գագարինից դեպի Սևան 13 կմ հատվածի միջին նորոգում, Ծովագյուղից դեպի Դիլիջան թունելի 2.4 կմ հատվածի միջին նորոգում, Գեղամասարից դեպի Փոքր, Մեծ Մասրիք և Վարդենիս 19 կմ հատվածի միջին նորոգում, Սարդարապատից դեպի Այգեվան և Լենուղի 6․2 կմ հատվածի միջին նորոգում, Ոսկեպարից դեպի Բաղանիս միջին նորոգում, Բայանդուրից դեպի Գյումրի միջին նորոգում: Նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայություններ՝ Մ-3 ավտոճանապարհի Ռյա Թազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում, Մ-4 ավտոճանապարհի Երևան – Դիլիջան հատվածում լուսավորության համակարգի կառուցում: Ավարտված աշխատանքների վճարում՝ Դիլիջանի ոլորաններից դեպի Դիլիջանի օղակաձև հանգույց 5 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-2-ից Անգեղակոթով դեպի Շաղաթ 8 կմ հատվածի հիմնանորոգում:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, 2025 թվականին արդեն 205 կմ ճանապարհ է ամբողջությամբ ասֆալտապատվել:

Երկրի ղեկավարը նշել է՝ հընթացս որակի հետ կապված պահանջները պետք է ավելի բարձրանան: Նիկոլ Փաշինյանը ճանապարհների կառավարման հարցում կարևորել է քաղաքացիների ներգրավվումը և անդրադարձել համապատասխան հավելվածներին: Վարչապետը կարևորել է դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու անհրաժեշտությունը:

Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին

Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միջոցառման ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 3.5 մլրդ դրամ գումար:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ընդհանուր թիվն այս տրամադրմամբ կկազմի արդեն 6,5 մլրդ դրամ: Ծրագրից օգտվում է 30 հազար շահառու: Ընդհանուր՝ բանկերը վարկավորել են 83 մլրդ դրամ ծրագրի իրականացման համար: «Մենք ծրագիրը սկսել ենք 2022 թվականի հունիսի 1-ից, և այս պահի դրությամբ ծրագիրը դադարեցվել է: Վերջին վարկավորումը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ին՝ ընդհանուր 83 մլրդ դրամ պորտֆելով»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է այն պայմանները, որ ծրագիրն ընդունել են. «Առաջին հարթությունը կապված էր դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հետ, և մենք այն ժամանակ աշխատանքային անունը դրել էինք բնակարանների ռենովացիայի ծրագիր: Մենք այս ծրագրով ուզում էինք ուղղորդել, որպեսզի քաղաքացիները վարկեր վերցնեն և, հատկապես, մարզերում առանձնատները վերակառուցեն: Երկրորդ ուղղությունն ընդհանրապես էներգաարդյունավետություն ապահովելու համար էր, որովհետև էներգաարդյունավետություն ապահովելը նշանակում է փաստացի եկամուտ ապահովել ընտանիքին: Երրորդ ուղղությունն այն էր, որ երբ այս բնակարանների նորոգման մեծ ծրագիրն իրականացնենք, արտագնա աշխատանքի մեկնող մեր բազմաթիվ հայրենակիցների համար կբացվեն աշխատատեղեր»:

Ամփոփելով ծրագիրը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ փաստացի, ստացվում է, որ այս ծրագրերի շրջանակում 30 հազար շահառու վերանորոգել է իր բնակարանը: «Ընդհանուր առմամբ, բյուջեն՝ մոտավորապես 83 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ մենք 2022 թվականից ավելի քան 200 մլն դոլար ներդրում ենք իրականացնել, աջակցել ենք ՀՀ քաղաքացիներին և էներգաարդյունավետություն ենք ապահովել »,- ասել է վարչապետը:

Կներդրվի նոր գործիքակազմ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացում

Կառավարությունը հավանություն է տրվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հստակեցնել և ներդաշնակեցնել օրենքի համապատասխան դրույթները, սահմանել իրավական նորմերի հստակ շրջանակներ, բացառել միանշանակ մեկնաբանության հնարավորությունները և բարձրացնել օրենքի կիրառելիությունը։ Այդ կերպ հնարավոր կլինի ապահովել գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացի կանխատեսելիությունը, արդյունավետությունը և իրավական կայունությունը՝ միաժամանակ ամրապնդելով քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունը։

Ինչպես նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, նախագծով նախատեսվում է, որ Կադաստրի կոմիտեում այսօր կնքվող որոշակի պայմանագրեր, որոնք կնքվում եմ մեր գրասենյակներում, խորհրդատվական կենտրոններում, հնարավոր լինի, որպեսզի էլեկտրոնային համակարգի միջոցով կողմերը՝ վաճառողը և գնորդը, «ԵսԵմ» նույնականացման համակարգով կազմված և ստորագրված պայմանագիրը ստորագրեն իրենց համակարգիչներից, իրենց հեռախոսներից էլեկտրոնային թվային ստորագրությամբ, այնուհետև այդ պայմանագրերը ներկայացնեն իրավունքի պետական գրանցման անմիջապես ստորագրումից հետո: «Այս աշխատանքներն իրականացնելուց հետո համակարգն ինքնաշխատ կիրականացնի գնորդի իրավունքների պետական գրանցում և վաճառողի իրավունքների դադարեցում: Այսինքն՝ սրանով ներդնելու ենք նոր գործիքակազմ, որն աջակցելու է մեզ թեթևացնելու ռեգիստրների աշխատանքային ծավալը, ինչպես նաև արագացնելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը: Այսօր ունենք 2-ժամյա գործընթաց, երբ պայմանագիրը կնքելուց հետո վեցապատիկ վճարի առկայության պարագայում 2 ժամվա ընթացքում ենք կատարում իրավունքի պետական գրանցումը: Այս փոփոխություններով այդ երկու ժամվա գործընթացը և վեցապատիկ վճարի խնդիրը կկարգավորվի այնպես, որ ինքնաշխատ համակարգով իրավունքի պետական գրանցումն իրականացնելուց հետո անմիջապես կգեներացվի պայմանագիրը, մուտք կատարելուց հետո համակարգն անմիջապես կգեներացնի գնորդի սեփականության իրավունքի վկայականը», -նշել է Սուրեն Թովմասյանը:

Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ օրենքի փոփոխությունն իրականացվում է պիլոտային եղանակով. «Մենք այս պիլոտային ժամանակաշրջանում փորձարկելու ենք սահմանափակումների ինտեգրացիան, փորձարկելու ենք համակարգի ինքնաշխատ ալգորիթմը: Եվ, համապատասխանաբար, այս փորձարկումից հետո մենք լիահույս ենք, որ կկարողանանք այս գործիքակազմը տարածել սկզբնական փուլում ստանդարտ պայմանագրերի վրա, հետագայում ավելի համապարփակ թվային լուծումներով տարածել ավելի բարդ պայմանագրերի նկատմամբ՝ իրավունքների պետական գրանցման գործընթացների վրա»:

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքն առցանց եղանակով պայմանագրեր կնքելու մասին է: Նշվել է, որ չզեկուցվող հարցերի շարքում ընդունված մեկ այլ նախագծով՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից նախագծի փաթեթով, նախատեսվում է, որ այն գործարքները, որոնք ունեն հիփոթեքային վարկավորում, այսինքն՝ եռակողմ պայմանագրեր են, որին մասնակցում է բանկը, ապա պայմանագրի բնօրինակը հաստատելուց հետո կողմերը կարող են վիրտուալ միջավայրում կնքել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարին այցելելու:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մեր պլանն այն է, որ մարդն առանց տանից դուրս գալու կարող է տուն ձեռք բերել կամ վաճառել: Վարչապետը հետաքրքրվել է՝ այլ երկրներից ևս կարո՞ղ են առուվաճառք անել, ինչին ի պատասխան Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ դիտարկում են որոշակի գործիքակազմեր. «Բանկը, քանի որ հանդիսանում է հիփոթեքային վարկ տրամադրող սուբյեկտ, կկարողանա այդ նույնականացումն իրականացնել իրենց մոտ առկա մեխանիզմների օգնությամբ: Եվ այն գնորդը և վաճառողը, որը կնույնականացվի այս մեխանիզմի միջոցով, կհամարվի համապատասխան ստորագրություն ներկայացնող մարդ: Եվ դա ևս մեզ համար կլինի ընդունելի»:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ բարեփոխումների այս շղթան պետք է աշխատի, ինչը հավելյալ դրական ազդեցություն կունենա շուկայի վրա:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ առաջարկություններ, դիտարկումներ:

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

Գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի միանվագ փոխհատուցման ձևով: Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Արդյունքում՝ ակնկալվում է տնտեսավարողներին աջակցություն տրամադրելով խթանել կենդանական ծագման հումքի և մթերքի, բուսական ծագման մթերքի և վերջիններիս վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների, օգտագործվող վարելահողերի ավելացմանն, ինչպես նաև պտուղբանջարեղենի և խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների աճին։

Ջրվեժում Համահայկական խաղերի մարզական ավան կկառուցվի

Կառավարությունը հավանություն է տվել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ-ի ներկայացրած՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ ՀՀ սեփականություն հանդիսացող «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասում կառուցապատման նպատակով ներկայացված ներդրումային ծրագրին: Ըստ այդմ՝ ընդունվել է կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու վերաբերյալ որոշում, որը պայմանավորված է Համահայկական խաղերի մարզական ավանի կառուցմամբ: Այն Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր: Կազմակերպությունն առաջին փուլում տեղադրելու է էկո տնակներ, ճաշարան և բժշկական սպասարկման կենտրոն։ Վերոնշյալ կառույցները չեն ենթադրում հիմնական շինություններ։ Հաջորդ փուլերում նախատեսվում են սպորտային տարբեր հարթակների և մարզասրահների կառուցում։ Յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 քմ հողատարածք։ Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 20 մլրդ 900 մլն դրամ։ Ներդրումային ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախատեսված ծրագրային 3 փուլերի ավարտից հետո, ավանի ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում, կստեղծվի շուրջ 1240 նոր աշխատատեղ, ինչպես նաև կտնկվի շուրջ 20,000 ծառ։

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ` միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում ի հայտ եկած և օրենսդրական կարգավորում պահանջող հարցերն ու խնդիրները: Նախագծերով առաջարկվում է ամրագրել մի շարք փոփոխված և նոր կարգավորումներ, մասնավորապես՝ վերանայել «պետական պարտք» հասկացությունը՝ դրանում բացառելով կենտրոնական բանկի արտաքին պարտքն ու պետական երաշխիքը և ներառելով համայնքների պարտքը, ըստ այդմ՝ ամրագրելով համայնքի պարտքի կառավարման հետ կապված ընդհանրական կարգավորումներ և սահմանելով, որ համայնքը փոխառու միջոցներ կարող է ներգրավել միայն ներքին աղբյուրներից, սահմանել «հանրային հատվածի պարտք» հասկացությունը և դրա կազմում ներառել պետական պարտքը, հանրային հատվածի ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքը, վերանայել պետական պարտքի ներգրավման նպատակները, ինչպես նաև պետական պարտքի կառավարման հիմնական նպատակը՝ նոր կարգավորումներին և միջազգային լավագույն փորձին համահունչ և այլն:

Կառավարության հավանությանն է արժանացել ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման և կառավարման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ: Մասնավորապես, նախատեսվում է օրենքում սահմանել, որ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները ենթակա են նախնական գնահատման լիազորված մարմնի կողմից, ինչպես նաև հստակեցնել, որ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները նույնպես ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում: Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական գործիքակազմ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի մասով, դրանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման իրավական պահանջներ և հիմքեր:

Հավանության է արժանացել Կլիմայի մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի վերաբերյալ» օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է սահմանել կլիմայական քաղաքականության շրջանակը, կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում պետական, տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը, կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի կարգավիճակը, կլիմայական ֆինանսավորման մեխանիզմները, կլիմայական քաղաքականության կարգավորիչ գործիքները, չափումները, հաշվետվողականությունը և հավաստագրումը, կլիմայական քաղաքականության իրականացման շրջանակներում միջազգային համագործակցությունը, կլիմայական տեղեկատվության հրապարակայնությունը և մատչելիությունը, կլիմայական գիտությունների ոլորտում կրթությունը և գիտությունը, ինչպես նաև պատասխանատվությունը կլիմայական օրենսդրությունը խախտելու համար: Ըստ հիմնավորման՝ օրենքը պետք է իրավական հիմքեր ապահովի երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, դրանց ուղղված ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայի, ոլորտային քաղաքականությունների մեջ կլիմայական նկատառումների ներկառուցման, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգում կլիմայական ֆինանսների ինտեգրման, այդ գործընթացների համակարգման, հսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորման ու զարգացման, ինչպես նաև ոլորտի համար անհրաժեշտ իրավական զարգացումների ուղղորդման համար:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կկառուցվի շոկոլադի և հրուշակեղենի արտադրության նոր գործարան

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Վելլար գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է ներմուծվող սարքավորումներով կառուցել նոր գործարան շոկոլադի և հրուշակեղենի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 8 մլրդ դրամի ներդրում, որից 100 մլն դրամը շինարարական աշխատանքների իրականացման համար, 6 մլրդ դրամը հիմնական միջոցների ձեռքբերման, 1 մլրդ դրամը ենթակառուցվածքների կառուցման և 900 մլն դրամը այլ ծառայությունների համար։ Ներկայումս առկա է 110 աշխատատեղ 598 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 900-ի՝ 353 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 553 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 51 մլն դրամ։

«Ռոսե գարդեն» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզում կառուցել ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերի գերակշիռ մասը նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, 2.1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը), 60 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 57 մլն դրամ:

2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2025թ. 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 603 անձնագիր: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (264 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (339 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Այլ որոշումներ. կստեղծվի Երևան համայնք նոր ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան

Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրին հավանություն տալու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Երևանի Էլեկտրատրանսպորտի վարչական մասնաշենքը կառուցվել է 1950-ական թվականներին և առ այսօր չի հիմնանորոգվել: Շենք-շինությունները գտնվում են անմխիթար վիճակում: Հիմնավորման համաձայն՝ քաղաքային էլեկտրատրանսպորտի զարգացման, նոր տրոլեյբուսների և էլեկտրաբուսների ներկրմամբ ազգաբնակչության տրանսպորտային պահանջները էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներով ապահովելու համար` անհրաժեշտ է ստեղծել նոր ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան։ Մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 955,276.5 հազար դրամ:

Գործադիրը հաստատել է միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը: Ըստ այդմ՝ ներկայացվում են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների երթուղիները, ինչպես նաև Անդրեվրոպական ճանապարհային ցանցի ճանապարհների և Ասիական ավտոմոբիլային մայրուղիների պայմանանիշները։

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031