Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում շարունակվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Դատարանը շարունակում է հետազոտել ապացույցները։ Պաշտպանական կողմը ներկայացնում է ապացույցներ, որ նախկինում Գլխավոր դատախազությունը հանցանք չէր գտել Միքայել սրբազանի խոսքում։
Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, Միքայել սրբազանի՝ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» վերնագրով հարցազրույցում իրավապահ մարմինները հանցակազմի հատկանիշներ իրավացիորեն չէին գտել: Այս հարցազրույցը Միքայել սրբազանը տվել էր 2023 թվականին սեպտեմբերին։ Բայց դրանից հետո Միքայել սրբազանի հայտարարություններում արդեն հանցակազմ են տեսել։ «Իրենք պատկերացմամբ՝ սա իշխանությունը բռնի զավթելու կոչ է։ Եկեք պատկերացնենք, որ նույն բառերը տարբեր ժամանակներում ասվել են, հիմա տեսնենք՝ նախկինում սա քննչական մարմինն եւ դատախազությունը դիտարկե՞լ են որպես իշխանությունը բռնի զավթելու կոչ, թե՞ ոչ»,- ասաց նա։
Երեմ Սարգսյանը նշեց, թե դատախազությունը եզրակացրել էր, որ 2023-ի այդ տեսանյութում չկա իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ «Հետեւաբար՝ պետք է հարց ծագի, թե ո՞նց է լինում, որ նախաքննական մարմնի եւ նույն դատախազության համար նույնաբնույթ հայտարարությունը կոնկրետ պահին իշխանությունը բռնազավթելու կոչ չէ, որտեղ ասվում է, որ «ռազմական հեղաշրջում» պետք է կատարվի, բայց այստեղ, որ սրբազանը պատմում է, որ ինքը նախկինում նման բան է ասել, սա արդեն կոչ է ու հանցագործություն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ