Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմարդկային վերաբերմունքը զինծառայողի նկատմամբ շարունակվում է». ՀՔԱՎ

Օգոստոս 21,2025 19:30

Սույն թվականի հուլիսի 29-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝  հուլիսի 24-ին առողջական լուրջ խնդիրներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված Կ. Շ.-ի խնդրով։ Կ. Շ.-ն մանուկ հասակից ունի հոգեկան առողջության, մտավոր և խոսքի զարգացման խնդիրներ, ինչի պատճառով դպրոց է հաճախել իր հասակակիցներից մեկ տարի ուշ և ընդգրկվել ներառական կրթության ծրագրում՝ պարբերաբար ստանալով հոգեբանական և լոգոպեդի աջակցություն։

Դպրոցական ավելի բարձր տարիքում Կ. Շ.-ն բազմիցս կատարել է ինքնավնասումներ և ինքնասպանության փորձեր․ վնասել է ձեռքերի երակները, կոտրել է լուսամուտներ և փորձել դրանցից ցած նետվել բարձր հարկերից, շենքի նկուղում կախվելով ինքնասպանության փորձ է կատարել։

Ներկայումս, զինվորական ծառայության ընթացքում, մոր հետ հեռախոսազրույցների ժամանակ Կ. Շ.-ն հայտնել է, որ պատրաստվում է հերթական անգամ ինքնավնասում կատարել։

2018 թ.-ին ՀՀ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում Կ. Շ.-ի մոտ ախտորոշվել է «Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն վարքային խանգարումներով և դիզարթրիայով»։  2025 թ.-ին Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքում արձանագրված է Կ. Շ.-ին տրված ախտորոշումը՝ «Միջին աստիճանի մտավոր հետամնացություն, վարքի խանգարումներով, դիզարթրիա, օնիխոֆագիա»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2018թ․-ի N 404-Ն որոշման 1-ին հոդվածի «Ա» կետով փորձաքննվում են «Մտավոր հետամնացության (սակավամտության) չափավոր, խորը և ծանր արտահայտված տեսակները, ինչպես նաև վարքային խանգարումներով ուղեկցվող թեթև աստիճանի, մտավոր այլ և չճշտված հետամնացությունները»։

Զինծառայողի մտավոր հետամնացությունը վարքային խանգարումներով ուղեկցվելու փաստն ակնհայտ է թե՛ նրա առողջական վիճակի հետազոտության փաստաթղթերում արձանագրված ախտորոշումներից, թե՛ վերջինիս պահվածքից, որը նկատում են նաև զորամասում։

Մինչդեռ ՀՀ կառավարության 2018 թ N 404-Ն որոշման 1-ին հոդվածի «Ա» կետով փորձաքննելու և զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչելու փոխարեն զինծառայողը 2025 թ. ամառային զորակոչին փորձաքննվել է մեկ այլ՝ 7-րդ հոդվածի «Գ» կետով՝ ճանաչվելով սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։

Այսօր՝ օգոստոսի 21-ին, զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է։ Նա Կապանի զորամասից տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ հետազոտման նպատակով, սակայն հոսպիտալում հրաժարվել են զինծառայողին ընդունել ստացիոնար հետազոտման, պատճառաբանելով,  իբր «բացակայում են համապատասխան փաստաթղթերն այն մասին, որ զինծառայողը մանկուց ունի լուրջ առողջական խնդիրներ»։

Փաստորեն, բացի ՀՀ կառավարության 2018թ․ N 404-Ն որոշման դրույթները խախտելը և զինծառայողին անօրինական կերպով զինվորական ծառայության զորակոչելը, այժմ խախտվում է նաև զինծառայողի բժշկական օգնություն ստանալու իրավունքը։ Քիչ առաջ ՀՔԱՎ-ի հետ կապվել է զինծառայողի մայրը։ Վերջինս ահազանգել է, որ մտավոր և հոգեկան առողջության լրջագույն խնդիրներ ունեցող որդուն Կապանից Երևան երեքժամյա ճանապարհ տեղափոխելուց հետո այժմ նույն կերպ հետ են ուղարկում զորամաս՝ արդեն իսկ շատ ավելի վատթարացած ու սրված առողջական վիճակով։

Վերստին դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին անհապաղ քայլեր ձեռնարկել զինծառայող Կ. Շ.-ին շտապ հոսպիտալ տեղափոխելու, վերջինիս իրական առողջական վիճակին համապատասխանող ախտորոշում տրամադրելու և  զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրելու հարցով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031