Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դատախազ գործընկերները բավականին պրոֆեսիոնալ են, բայց այն, ինչ դատարանում ասում էին, իրավաբանության հետ կապ չուներ»

Օգոստոս 21,2025 19:50

«Մեր դատախազ գործընկերներն իրականում բազմամյա փորձ ունեն, բավականին պրոֆեսիոնալ են, բայց այն, ինչ դատարանում ասում էին, իրավաբանության եւ դատավարության օրենսգրքի հետ կապ չուներ։ Ընդ որում, ոչ թե իրենք դա չգիտեն, դրա համար են ասում, այլ ուղղակի վատ դրության մեջ են հայտնվել, չունեն հնարավորություն իրավական հակափաստարկներ ներկայացնելու։

Ստիպված փորձում են ինչ-որ բաներ ասել, որը բացարձակ իրավական չէ»,- Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Անդրադառնալով սրբազանի համակարգչում եղած օրագրին՝ Երեմ Սարգսյանը կասկած էր հայտնել հայտնել, որ բովանդակությունը կարող են փոխած լինել։ «Խնդիրը հետեւյալն է, որ դատարանը պետք է գնահատի արժանապատվության եւ թույլատրելիության ու օրինականության տեսանկյունից։ Եթե դուք առգրավելուց չեք փաթեթավորել, տեսագրություն չկա, որ դա առգրավված է այնպիսի եղանակով, որպեսզի չփոխվի, եթե դուք խուզարկությունից հետո բերել եք զննելու, նորից չեք ապահովել օրենքը, որպեսզի երաշխավորվի, որ դա հենց այն համակարգիչն է, որն առգրավվել է, ուրեմն սա անթույլատրելի ապացույց է՝ անկախ նրանից փոխել են, թե չեն փոխել։ Մենք հիմա ասում ենք՝ այն, ինչ դուք բերել եք, դա կասկածի տակ է եւ ոչ իրավաչափ»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ ասաց, որ լեզվաբան մասնագետները գրավոր կարծիք են հայտնել, որ Միքայել սրբազանի հարցազրույցի տեսանյութում հեղաշրջման ու իշխանությունը զավթելու կոչ չկա։ «Միայն բովանդակային առումով պատմողականությունը, որ ես 6 տարի է՝ անընդմեջ ասել եմ, բազմիցս ասել եմ, այսինքն՝ ասել եմ, ավարտել եմ, փաստում է, որ տարիներ առաջ տեղի ունեցած խոսակցության մասին է խոսքը։ Իսկ այդ իշխանությունը զավթելու կոչն այդ պահին պետք է տեղի ունենա։ Այլ բան է, որ ՀՀ գլխավոր դատախազը հանրային հարթակում սկսում է մեղադրանք հիմնավորել կամ ապացույցների հավաքագրման փուլում սկսում է մեր գնահատմամբ՝ գոյություն չունեցող ապացույցը ապացույց անվանել։ Եվ դրանից հետո արդեն սկսվում է այս հակաիրավական գործընթացը։ Դրա համար ենք մենք հանրային մեղադրողներից ակնկալում, որ ասեն, թե որ արտահայտությունն է իր մեջ պարունակում կոչ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031