Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանին վերագրված ենթադրյալ հանցավոր արարքներն այնպիսին էին, որ չէին կարող որեւէ հանցավոր եկամուտ գեներացնել». պաշտպան

Օգոստոս 21,2025 20:25

ՀԿԴ-ում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ Գորիսի նախկին քաղաքապետ Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին այսօրվա դատական նիստում հայցվոր կողմի ներկայացուցիչը միջնորդեց հայցի հիմքը լրացնելու վերաբերյալ՝  Սահմանադրական դատարանի հանրահայտ որոշման լույսի ներքո:

Պատասխանող կողմը այդ առիթով ներկայացրեց որոշակի հարցադրումներ:

Սուրիկ Խաչատրյանի պաշտպան Մարգարիտա Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Նախ, Սուրիկ Խաչատրյանի գույքի նկատմամբ ուսումնասիրությունը սկսվել էր այն հիմքով, որ վերջինը մեղադրյալ էր ներգրավվել քրեական գործի շրջանակներում, ընդորում, Սուրիկ Խաչատրյանին վերագրված ենթադրյալ հանցավոր արարքներն այնպիսին էին, որ չէին կարող որեւէ հանցավոր եկամուտ գեներացնել: Այսինքն, տնտեսական եկամուտ գեներացնելու հնարավորություն այդ ենթադրյալ հանցավոր արարքները չունեին:

Հիմա իրավասու մարմինը ներկայացնում է միջնորդություն, որով խնդրում է լրացնել հայցի հիմքը նրանով, որ այստեղ կա կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ՝ Սուրիկ Խաչատրյանը 1996 թվականից զբաղեցրել է Գորիսի քաղաքապետի պաշտոնը:

Այսինքն, որպես պաշտոնատար անձի է դիտարկվում նրա գույքն ու եկամուտը: Մենք խնդրեցինք ժամանակ, որպեսզի մեր առարկությունները գրավոր ներկայացնենք: Իհարկե, առարկությունները վերաբերում են այն հանգամանքին, որ չի կարող գործի դատական քննության փուլում ուսումնասիրության հիմքը եւ նպատակը լրացվել: Հիմքը եւ նպատակը փոխկապակցված են եւ իրավասու մարմինը այդ հիմքն ու նպատակը պետք է որոշեր ուսումնասիրությունը սկսելու մասին որոշումը կայացնելիս եւ ոչ թե հիմա փորձի դատական քննության փուլում հիմքերը լրացնել:

Ինչ վերաբերում է դատախազության այն դիրքորոշմանը, որ Սահմանադրական դատարանի որոշումն ըստ էության նոր իրողություն է եւ դրա հիման վրա պետք է վերանայվեն իրավասու մարմնի դիրքորոշումները, ապա դրա մասով չենք կիսում դատախազության դիրքորոշումը, որովհետեւ ՍԴ որոշումը հղում է կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այնպիսի վճիռների, որոնց մենք մեր առարկություններում մշտապես հղում էինք կատարում: Այսինքն, ՍԴ որոշումն ըստ էության նորություն չէր ոչ դատարանի եւ ոչ էլ իրավասու մարմնի համար: ՄԻԵԴ-ի այդ դիրքորոշումները երբեւէ հաշվի չեն առնվել, չնայած, մեր բոլոր պնդումներին»:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 19-ին, ժամը 11:30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031