Շահառու որեւէ ավիաընկերություն դիմում չի ներկայացրել՝ Կառավարության ավիացիոն աջակցության ծրագրից օգտվելու համար, «Առավոտին» փոխանցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։
Համատեքստ
Ըստ գործադիրի՝ ապրիլին ընդունած ծրագրի՝ հայաստանյան եւ Հայաստանում բազավորված արտասահմանյան ավիաընկերությունները դեպի Երեւան նոր ուղղություններ սպասարկելու պարագայում կստանան յուրաքանչյուր ուղեւորի համար 20 հազար դրամ օժանդակություն, դեպի Գյումրի նոր ուղղությունների համար՝ 15 հազար դրամ օժանդակություն։ Ծրագրի նպատակն է՝ խթանել օդային ուղեւորափոխադրմանը եւ զբոսաշրջությանը։
Ծրագրից օգտվելու համար պահանջվում է առնվազն մեկ նոր ուղղությամբ չվերթներ իրականացնել դեպի Գյումրի քաղաք։
Կարդացեք նաև
56 անգամ պակաս թռիչք-վայրէջք Գյումրիում՝ Երեւանի համեմատ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից մեզ փոխանցեցին՝ վերջին տասը տարիներին Գյումրու չվերթների մեծամասնությունը իրականացվել է դեպի Ռուսաստան։
Ավելին, 2022-ին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Գյումրիում գործում է միայն մեկ ռուսական ավիաընկերություն, միայն մեկ կանոնավոր ուղղությամբ չվերթով՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։
Եթե 2024-ին մայրաքաղաքից թռիչք-վայրէջքների ընդհանուր թիվը 39.168 է, հայրաքաղաքից այդ թիվը պակաս է ավելի քան 56 անգամ՝ 694 թռիչք եւ վայրէջք։
Հաշվի առնելով Գյումրու՝ որպես ավիացիոն ուղղություն, սահմանափակ գրավչությունը թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա փոխադրողների համար՝ աջակցության ծրագրից օգտվելու համար առնվազն մեկ նոր ուղղությամբ դեպի Գյումրի չվերթներ իրականացնելու պահանջը դժվարըմբռնելի է։
Եթե փաստացի դիտարկենք, ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն «Շիրակ ավիան» եւ մոլդովական FlyOne ավիաընկերության հայկական մասնաճյուղ «Flyone Armenia»-ն։ Հոկտեմբերին երկու ավիաընկերությունների շարքը կհամալրի «Զվարթնոցում» բազա հիմնող հունգարական «Wizz Air» ուլտրա-բյուջետային ավիաընկերությունը։
Wizz Air-ը պատրաստվո՞ւմ է մտնել «Շիրակ»
«Առավոտի» թղթակցի հարցման պատասխանում ՏԿԵ նախարարությունից չմանրամասնեցին՝ «Գյումրու պահանջը» կամայակա՞ն դրույթ է, թե՞ կա կոնկրետ հաշվարկ, որ ծրագրի շահառու հանդիսացող ընկերությունները, օրինակ՝ հունգարական Wizz-ը, Գյումրու օդանավակայանից գործունեություն ծավալելու մտադրություն ունեն։
Չնայած 2024-ին «Շիրակ» օդանավակայանի նորոգմանը, երեք ընկերություններից ոչ ոք դեպի Գյումրի թռիչքներ չի իրականացնում։ Մայիսին Երեւանում տված մամուլի ասուլիսի ժամանակ Wizz Air-ի տնօրեններից Ռոլանդ Թիշները՝ պատասխանելով Aravot.am-ի՝ Գյումրուց թռիչքներ սպասարկելու հնարավորության մասին հարցին՝ առանց մանրամասներ հայտնելու, նշեց՝ ուսումնասիրում են այն։
Նախարար Դավիթ Խուդաթյանը օգոստոսի 13-ին լրագրողներին տեղեկացրեց ավիաընկերություններից մեկի հետ սուբսիդավորման աջակցության ծրագրի շրջանակներում դեպի Գյումրի չվերթներ իրականացնելու պայմանավորվածության մասին։ Ուղղությունը, հավանաբար, կլինի Եվրոպայում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ շահառու ավիափոխադրողը կլինի Wizz Air-ը։
Գյումրի մուտք գործելու վերաբերյալ մեր հարցմանը Wizz Air-ից անպատասխան թողեցին։
Հայկական ավիաընկերությունները դեռ «սեւ ցուցակում» են
Չմոռանանք նաեւ, որ հայկական ավիաընկերություններին արգելված է թռչել Եվրոպա, ինչը կարող է անհավասար առավելություն տալ Հայաստանում բազավորվող, բայցեւայնպես օտարերկրյա, Wizz Air-ին։
Ըստ ՔԱ կոմիտեից ստացված պատասխանի՝ կառույցը կատարել է ուղղիչ գործողություններ։ Եվրոպացիները սեպտեմբերին գնահատողական այցելությամբ կգտնվեն ՀՀ-ում։ Արդյո՞ք հայկական ավիաընկերությունները վերջապես կհեռացվեն եվրոպական «սեւ ցուցակից», որտեղ գտնվում են արդեն հինգ տարի, առայժմ վաղ է գուշակել։
Գյումրու համար «եվրոպական խոստումներ» նախկինում հնչել են
Այնուամենայնիվ, սա առաջին դեպքը չէ, երբ եվրոպական բյուջետային ավիաընկերության հետ Հայաստանը Գյումրի մուտք գործելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերում։ 2020-ին Ryanair-ը հայտարարեց Մեմինգեն-Գյումրի-Մեմինգեն եւ Աթենք-Գյումրի-Աթենք չվերթների մեկնարկի մասին։
Ryanair-ը ոչ միայն չեղարկեց Գյումրու հետ կապված մտադրություններն, այլ ընդհանրապես լքեց հայկական շուկան։
Իհարկե, նախորդ ամիս, առանց ժամկետների հստակեցմամբ, հայտարարվեց Մին Վոդի-Գյումրի-Մին Վոդի եւ Սոչի-Գյումրի-Սոչի թռիչքների մասին, սակայն փոխադրողները ռուսական են եւ, հետեւապես, ծրագրի շահառու չեն հանդիսանում։
Մենք նաեւ փորձեցինք կապ հաստատել «Շիրակ ավիայի» հետ՝ հետաքրքրվելու համար, թե ինչո՞ւ Գյումրին հետաքրքիր չէ որպես ավիացիոն ուղղություն։ Կարճ զրույցի մեր խնդրանքներն անարձագանք մնացին։
Ծրագիրը կծառայի՞ իր նպատակին
Պատմության ընթացքում հայկական ավիաընկերությունները նախընտրել են գործունեություն ծավալել «Զվարթնոց» օդանավակայանից։
2017-ից «Շիրակ» օդանավակայանից ուղեւորափոխադրումներ իրականացրած «Տարոն ավիայի» գործունեությունը բավականին կարճ տեւեց՝ մեկ տարուց մի փոքր ավելի։
Այսպիսով՝ որքա՞ն «բերքառատ» կլինի գործադիր մարմնի աջակցության ծրագիրը, եթե Գյումրին ավիացիայի համար հրապուրիչ չէ, նոր ուղղությունների հնարավորություններն էլ՝ սահմանափակ. հարցի պատասխանը ներկայում մշուշոտ է մնում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվում Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մեկնման եւ ժամանման նոր սրահները, 18-ը դեկտեմբերի, 2024թ.
«Առավոտ» օրաթերթ
21.08.2025