Սկիզբը՝ այստեղ:
Երեւանում իրանական կողմին հավաստիացրել են` «Հայաստանի տարածքից Իրանի նկատմամբ երբեք սպառնալիք թույլ չեն տա»
Վաշինգոտոնում հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից տասն օր անց նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Երեւան: Սա նրա առաջին պաշտոնական այցն էր:
Իրանը Հայաստանի չորրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է, այս տարվա առաջին կեսին Իրանի հետ առեւտրաշրջանառությունը մոտ 343 միլիոն դոլար է կազմել՝ Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրի 3.5 տոկոսը։ Այդուհանդերձ, Հայաստանից հարեւան երկիր արտահանման ծավալներն այս տարի 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով նվազել են:
Կարդացեք նաև
Օգոստոսի 18-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման եւ բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում էր, որ երկուստեք կարեւորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում, ապա ասվում էր, որ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդգծելով առեւտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը:
Օգոստոսի 19-ին Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Դիմավորման արարողությանը հաջորդեց նախ նեղ կազմով հանդիպումը: Փեզեշքիանը Փաշինյանի հետ հանդիպման առիթով X-ում հետեւյալ գրառումն էր արել. «Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքն է՝ պահպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ շարունակել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, եւ մեր մտահոգությունները մեր ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լիովին փարատվեն»:
Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Իրանի նախագահը՝ ընդգծելով՝ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պետք է կառավարումը լինի կովկասյան եւ խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս գտնվող տերություններին տարածաշրջանի իրավիճակն ավելի է բարդացնում»:
Փեզեշքիանն ընդգծեց՝ «Մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք, եւ դա մեր քաղաքականությունն է: Դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը»: Ապա ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղությունն Իրանի համար ունի ստրատեգիական նշանակություն, Մասուդ Փեզեշքիանն ասաց. «Մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության բանակցությունները»:
Փաշինյանն իր հերթին նշեց. «Երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի»: «Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարության առանցքային առաջնահերթություններից են»,- հայտնեց Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանի եւ Իրանի համար երկու պետությունների միջեւ միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն:
«Պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները», – ասաց Փաշինյանը:
Ընդգծելով, որ Ադրբեջանի հետ առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է, Փաշինյանն ասաց. «Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի Հանրապետության եւ Իրանի միջեւ երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջեւան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան եւ ի վերջո՝ դեպի Սեւ ծով։ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը եւ ոչ թե երրորդ երկիր»։
Հարկ է նկատել, որ ըստ ամենայնի հայ-իրանական սահմանին երրորդ երկրի ներկայության վերաբերյալ Իրանի մտահոգությունները Փաշինյան-Փեզեշքիան բանակցությունների արդյունքում չեն փարատվել, որովհետեւ հանդիպումից ու հայտարարություններից հետո Իրանի նախագահը X-ում գրել է, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ընդգծել է Իրանի տեսակետը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման մասին եւ շեշտել է, որ երկու երկրների համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին Թեհրանի մտահոգությունը պետք է ամբողջությամբ փարատվի:
Հայտնի դարձավ, որ մոտ ապագայում Իրանի ու Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ կստորագրվի: Այս մասին նշել է Իրանի արտգործնախարարը: Հարեւան երկրների հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու որոշման վերաբերյալ հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը. «Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի»:
Հայաստանի ու Իրանի կառավարությունները մինչեւ նախագահների հայտարարությունը՝ փաստաթղթեր ստորագրեցին տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Փոխադրումների աճող ծավալը հաշվի առնելով՝ կողմերը պայմանավորվել են՝ հայ-իրանական սահմանին երկրորդ կամուրջ կառուցել: Իրանի ու Հայաստանի ղեկավարները նաեւ համատեղ հայտարարություն ստորագրեցին, որում Երեւանի ու Թեհրանի գործընկերությունը ռազմավարական դարձնելու մտադրությունից բացի՝ անդրադարձել են տնտեսական ու առեւտրային կապերի զարգացմանը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երեւանում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվել է 10 փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ 2025-2027թթ. քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր։ Փաստաթղթեր ստորագրեցին նաեւ Հայաստանի եւ Իրանի այլ գերատեսչությունների միջեւ:
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Միրզոյանն ու Արաղչին կարեւորել են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները եւ քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: ԱԳՆ-ից հայտնեցին, որ ի շարունակություն ղեկավարների մակարդակով կայացած քննարկման՝ Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռվող հնարավորություններին եւ այս հարցում ձեւավորված փոխըմբռնմանը:
Իր հերթին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցիալական իր էջում գրել էր, որ հայ-իրանական քննարկումները տեւել են նախատեսվածից զգալի ավելի, ինչը նշանակում է, որ գոյություն ունի հսկայական օրակարգ. «Կողմերը հատուկ շեշտել են, որ ժամանակն է հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի»:
Ավելի ուշ արտգործնախարար Աբբաս Արաղչին իրանական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է՝ Երեւանից հավաստիացրել են, թե Հայաստանի տարածքից Իրանի նկատմամբ երբեք սպառնալիք թույլ չեն տա: «Հայկական կողմը մանրամասն բացատրություններ է տվել Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ եւ վստահեցրել, որ տեղյակ է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից գծված կարմիր գծերին եւ միշտ ուշադրություն է դարձնելու դրանց։ Այս հավաստիացման հիման վրա Հայաստանը երբեք թույլ չի տա Իրանին իր տարածքից որեւէ սպառնալիք»։
Ըստ Mehr գործակալության՝ Աբբաս Արաղչին նշել է. «Երկու կողմերի միջեւ շատ լուրջ եւ կառուցողական բանակցություններ են տեղի ունեցել։ Մենք մանրամասն քննարկել ենք լայն տնտեսական համագործակցության հարցեր, դրանց թվում՝ առեւտուր, ներդրումներ եւ տեխնիկական ու ճարտարագիտական նախագծերի իրականացում։ Բացի դրանից, այս հանդիպման քննարկման մեկ այլ թեմա էր երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությունը՝ պայմանավորված խոր եւ երկարատեւ մշակութային կապերով։ Կարեւոր քննարկումներ են տեղի ունեցել նաեւ տարանցիկ եւ հաղորդակցության ուղիների ոլորտում»: Աբբաս Արաղչին նաեւ հայտնել է, որ որոշվել է, որ մոտ ապագայում երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ կավարտվի եւ կստորագրվի։
Նախագահ Փեզեշքիանը Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան, այս մասին ասված է Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի արդյունքներով ՀՀ վարչապետի եւ Իրանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ Իրանի նախագահը ՀՀ վարչապետին Իրան այցելելու հրավեր է հղել, որն ընդունվել է Փաշինյանի կողմից։
Փեզեշքիանի պաշտոնական այցից 2 օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հեռախոսազրույց ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Հայաստանի ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Լարիջանին ընդգծել էր, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են՝ հավելելով. «Հայաստան-Իրան երկկողմ համագործակցությունը միշտ դրական արդյունք է ունեցել, եւ որ պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաոլորտ համագործակցության շրջանակներում»: Հայտնի է, որ Ալի Լարիջանին էլ Արմեն Գրիգորյանին է հրավիրել Իրան:
Այսպիսով, Իրանի նախագահը հայաստանյան իր այցը` «մեր մտահոգությունները դեռ պետք է փարատվեն» ուղերձով է ամփոփել: Հարկ է նկատել, որ մինչ այժմ Իրանի համար միանգամայն ընդունելի է եղել ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը:
Խնդիրն առավել քան ակնհայտ է: Ո՛չ Հայաստանի հասարակությանը, ո՛չ էլ շահագրգիռ պետություններին Նիկոլ Փաշինյանը չի կարող բացատրել այն խորը հակասությունը, որը արտացոլված է իր իսկ ստորագրած փաստաթղթում:
Խոսքը վերաբերում է Սպիտակ տանը Փաշինյանի, Թրամփի եւ Ալիեւի եռակողմ հանդիպմանը ստորագրված համատեղ Հռչակագրի 3-րդ կետին, որտեղ ասվում է. «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացման կարեւորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարեւանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։
Ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում ապահովել «ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի համար, եթե մեր երկրի տարածքում Հայաստան պետությունը կորցնելու է վերահսկողություն, ասել է թե` ինքնիշխանություն ու իրավազորություն որեւէ հատվածի նկատմամբ, իրենց պատկերացրած տարբերակով, համաձայն որի` ճանապարհի կառավարումը ստանձնելու է որեւէ ընկերություն՝ 99 տարով:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.08.2025