Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմունիստների օրոք իմ դեմ երեք անգամ կազմակերպեցին տրոցկիստական պրոցեսներ»

Օգոստոս 22,2025 12:30

Բացառիկ հիշողություններ Վան Խաչատուրից

Երեկ արխիվներս էի նայում, երբ ձեռքս ընկավ Հայաստանի մոնումենտալ-դեկորատիվ արվեստի հիմնադիր, ճարտարապետների, նկարիչների միության անդամ, փիլիսոփա Վան Խաչատուրին նվիրված հոդվածս: Այն տպագրվել է «Մոլորակ» օրաթերթում 1997թ. դեկտեմբերի 24–ին («Եթե Հայաստանը պղնձից լիներ, կարելի էր ծախել արտասահմանում» վերնագրով):

Զարմանալի զուգադիպություն. օգոստոսի 19-ը նրա ծննդյան օրն է, նրա 99-ամյակն է: Ու ես հիշեցի մեր հանդիպումները, որոնք «արգելված» նկարչի տուն-արվեստանոցում էին, որը գտնվում էր Կույրերի միավորման շենքի դիմաց…

Մի շատ զգայուն, փխրուն ժամանակ հանդիպեցինք: Նա իր պղնձե քանդակների հարցով պիտի դիմեր դատարան՝ մշակույթի նախարարության դեմ հայցով, պիտի հարցներ՝ իր պղնձե քանդակներն ինչու են անհետացել, կամ ուր են տարվել, որտեղ են գտնվում…

Նա դառնացած էր, ասելիք ուներ:

Նա մեկն էր, որին 1959-ին` կոմունիստների օրոք հեռացրել էին Նկարիչների միությունից, իսկ ապա գործն ուղարկել ՊԱԿ` Պետանվտանգության կոմիտե:

Վան Խաչատուրը խնդրեց, որ իր կյանքի ոդիսականը գրեմ, ինչը նշված հոդվածում տեղ գտավ առանց իսկ տող պակասեցնելու: Նա ասաց. «Ինձ հովանավորող մեծ սերնդի ճարտարապետները լուրջ չընդունեցին իրադրությունը: Անցան տարիներ, ես մտա ճարտարապետության ասպարեզ եւ այստեղ էլ, արդեն, որպես ճարտարապետի, սկսեցին հալածել նոր սերնդի ճարտարապետները, փոխարեն ստեղծագործությամբ կամ տեսությամբ մրցեին իմ դեմ: Իմ հարաբերությունները Կոմկուսի բարձրաստիճան ղեկավարների հետ սրվել էին այն պատճառով, որ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Քոչինյանը Մոսկվայի ճնշման տակ ինձնից պահանջում էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անել ոչ թե Եղեռնին նվիրված քանդակներ, ինչպես նախատեսված էր, այլ վերածննդի, դրանով ուզում էին փոխել հուշարձանի էությունը, բայց ես չէի ենթարկվում»:

Վան Խաչատուրն ինձ պատմեց, որ Հայաստանի ճարտարապետների միությունից` Լենինականի բաժանմունքից ՀՃՄ են ուղարկել երեսունյոթականների ոճով գրված մի զրպարտություն, հակասովետական մեղադրանքներով, որի տակ ստորագրել էր Սաշուր Քալաշյանը:

Խաչատուրը ցավով էր նշում, որ Քալաշյանն իր հետ այդ ժամանակ աշխատում էր Եղեռնի համալիրի վրա, նա այդ ժամանակ Լենինականի գլխավոր ճարտարապետն էր…

Երբ Վան Խաչատուրի դեմ Ճարտարապետների տանը անփառունակ քննարկում է կազմակերպվում, նրան դատափետում են քաղաքական հայացքների համար, Խաչատուրն ասում էր, որ չի մասնակցել իր դեմ կազմակերպված դավադիր դատաստանին, այն կասեցվել է Գերագույն խորհրդի պատգամավոր Սերգեյ Համբարձումյանի կողմից:

Նրա դեմ արշավն ավարտվեց, երբ Գյումրի թատրոնի համար արված պղնձե քանդակները ոչնչացրեցին…

Իր քանդակների ոչնչացման մասին նրան տեղեկացրել էր Լենինականի թատրոնի բեմադրիչ Գրիգոր Մկրտչյանը:

Արթուր Թարխանյանն էլ առաջարկել էր …գոբելեն` ոչնչացված քանդակների տեղում:

Վան Խաչատուրը, երբ այս ամենն ինձ պատմում էր, աչքերից արցունքներ էին հոսում: Ես մեր մեծերից շատերի հետ եմ հանդիպել, ու ծանր եմ տարել նրանց հուզումները, էմոցիաները, որոնք վստահել են ինձ, որի ականատեսն եմ եղել հաճախ:

Նա իր քանդակների ճակատագրի հարցով դիմել էր երկաթե լեդիին` քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանին:

Մեր հանդիպումներից մեկի ժամանակ Վան Խաչատուրը տեղեկացրեց, որ դիմել է նախարար Արմեն Սմբատյանին, կերպարվեստի բաժնի պետ Վարդան Վարդանյանին…

Վան Խաչատուրը, չնայած իր դեմ անընդունելի հարաբերություններին, դուռը փակելուց առաջ ասաց. «Երբ փորձել են հրամայել, թե ինչպես պիտի ապրեմ, ինչ խոսեմ կամ գրեմ, ինչ ձեւով ապրեմ, պատասխանս չի ուշացել»:

Հաճախ էր հայտնվում բուժհիմնարկներում, իրականության հետ անհաշտ ապրողը նյարդերի կծիկ էր դարձել:

Տարիների հեռվից ես կարող եմ ասել, որ հիմա հանգիստ եմ, որովհետեւ մի ծանր ու կարճ ժամանակ նրա կողքին կանգնողներից մեկը եղա…

Վան Խաչատուրը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031