Իրավագիտակից քաղաքացի
«Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից:
Կյանքում լինում են իրավիճակներ, երբ քաղաքացիները պետք է ապացուցեն որոշակի հանգամանքներ կամ հաստատեն ինչ-որ փաստ, որն անհրաժեշտ է իրավունքների իրականացման համար։
Բերեմ օրինակ՝ մարդը պետք է ապացուցի, որ ինքը կատարել է որոշակի գործողություններ ժառանգությունն ընդունելու համար։ Որպես այդպիսիք կարող են դիտվել նրա կողմից գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումը:
Կարդացեք նաև
Նման հանգամանքները կամ իրադարձությունները հենց իրավաբանական փաստերն են, որոնց առկայության կամ բացակայության հետ են կապում որոշակի իրավական հետեւանքներ, մասնավորապես՝ քաղաքացիների, կազմակերպությունների, նաեւ պետության համար իրավունքների ու պարտականությունների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Իրավաբանական փաստերի որոշակի տեսակներ հաստատվում են նոտարի կողմից: Այսպես, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխում սահմանված են նոտարի կողմից հաստատվող հետեւյալ փաստերը.
- Նոտարը քաղաքացու խնդրանքով հաստատում է նրա` որոշակի վայրում գտնվելու փաստը:
- Նոտարը կարող է հաստատել անձի ողջ լինելու փաստը:
- Նոտարը հաստատում է քաղաքացու նույնությունը լուսանկարում պատկերված անձի հետ:
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատվում են նաեւ դատարանի կողմից՝ հատուկ վարույթի կարգով։ Այս դեպքում դուք պետք է փաստաբանի աջակցությամբ դիմեք դատարան, եթե տվյալ հանգամանքներն արտադատական կարգով չեն կարող հաստատվել:
Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հատուկ վարույթը:
Հատուկ վարույթի գործերում շահագրգիռ անձանց միջեւ բացակայում է դատարանի քննությանը ենթակա իրավունքի մասին վեճը, հետեւաբար՝ դիմողն այլ անձի չի ներկայացնում որեւէ նյութաիրավական պահանջ:
Այստեղից հետեւում է, որ հատուկ վարույթի դեպքում չկան հակադիր շահերով օժտված կողմեր՝ հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածում սպառիչ կերպով թվարկված են փաստերի հաստատման վերաբերյալ այն գործերը, որոնք քննում է դատարանը:
Դրանք այն գործերն են, որոնք վերաբերում են՝
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում եւ որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն եւ ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի եւ զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ իրավաբանական փաստի հաստատման հարցով կարող եք դիմել «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:
«Առավոտ» օրաթերթ
21.08.2025