Լրահոս
Օրվա լրահոսը

Մյուսները շահել են ամեն ինչ, իսկ նա շահել է այն, որ մնա իշխանության. Վահագն Մելիքյան. «Հրապարակ»

Օգոստոս 22,2025 10:51

Հայաստանի պաշտոնական փաստաթղթերում, Նիկոլ Փաշինյանի ելույթներում թվերի ու  փաստերի խառնաշփոթ է, ընդ որում, ամենաառանցքային պետական արձանագրումներում, ինչպիսին է, ասենք, Հայաստանի Հանրապետության տարածքը: Այսպես, մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում, ասելով. «29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է»: Այս թիվը բազմիցս է հնչել: Իսկ, ասենք, 2023 թվականին Բրյուսելում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո նույն Փաշինյանը այլ թիվ է հնչեցնում. «Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը»: Այն գրված է նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական կայքում. «Հայաստանի Հանրապետությունը ունի 29 հազար 800 կիլոմետր տարածք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենիքն է»:

Թե ինչպես է 29 հազար 743-ը դառնում 29 հազար 800, ոչ ոք չի բացատրում:

Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, Արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը պատասխանում է. «Եթե նա կարողանում է ասել զոհերի մասին «պլյուս-մինուս հիսուն», տարածքը ինչ է, որ պլյուս-մինուսով չխոսի: Ինձ զարմացնում է, որ բոլորը ընկնում են այն ծուղակը, որը նա սարքում է: Սա կոչվում է օրակարգ թելադրել: Վաղը նա կարող է ուրիշ թիվ ասել, մյուս օրը՝ մեկ այլ բան, առավոտյան՝ մի բան, գիշերը՝ մեկ այլ բան: Ու այս մանիպուլյացիաների հետեւից պետք չի գնալ: Այսօր նա ասում է մեր 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների մասին, վաղը կարող է, ասում է՝ այդ 200 քառակուսի կիլոմետրն էլ Հայաստանին չեն տալու»:

– Լավ, մեկ այլ հարց: Փաշինյանն ասում է, որ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանները ճանաչել են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Բայց Ալմա-Աթայի հռչակագիրը արդեն ուժը կորցրել է, որովհետեւ ըստ այդ հռչակագրի, օրինակ, Ղրիմը ուկրաինական է: Այսինքն՝ ինչպես կարող է միջազգայնորեն ընդունված փաստաթուղթը մի երկրի դեպքում գործի, մյուսի դեպքում՝ ոչ: Միջազգային իրավունքում նման բան կարո՞ղ է լինել:

– Իհարկե, ոչ: Այստեղ ամեն ինչ գալիս է նրանից, թե պետության ղեկավարն ինչպես է իր պետության շահերը պաշտպանում: Այստեղ ոչ մի պաշտպանություն չկա, մի սպասեք, չի էլ լինելու, իսկ Խաղաղության օրակարգ կոչվածի մասին մինչև մյուս տարվա հունիս խոսելու է, մինչև ընտրությունները, իհարկե, եթե մինչ այդ բան չփոխվի: Նա արդեն մտել է ագրեսիվ քարոզչական փուլ: Նա վաղը պետք է Սահմանադրություն փոխի, չէ՞: Եւ պետք է բոլորին համոզի, եւ նա արդեն «ստարտը» տվեց: Նա արդեն ասաց՝ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը գիտի, որ վաղը խաղաղություն է լինելու, չի քվեարկի Սահմանադրության օգտին: Վերջ, նա արդեն սկսել է Սահմանադրության փոփոխության քարոզչությունը: Նա ասելու է՝ եթե սա չանեք, լինելու է պատերազմ: Այդ կուտը վաննաներով, ցիստերով լցրել է ժողովրդի առաջ: Այդ թուղթը, որը Վաշինգտոնում ստորագրել է, ես դրան ասում եմ՝ Փաշինյանի երկարակեցության թուղթ, դրանից է նա բռնվել, դա նրա իշխանության մնալու թուղթն է: Նա այդ թուղթը ստացել է Վաշինգտոնից: Մյուսները շահել են ամեն ինչ, իսկ նա շահել է իրեն, որ մնա իշխանության, որովհետեւ դա դառնալու է նրա լակմուսի թուղթը ընտրություններից առաջ, նա այդ թղթով է գնալու ընտրության: Իսկ թե ինչ կփաթեթավորի դրա տակ, քանի կիլոմետր, կարևոր չի: Ամեն ինչ կառուցվում է իր երկարակեցության, ավտորիտարիզմի վրա:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031