Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու կառավարության 850-ն որոշումը, որը փոխարինելու է ԿԳՄՍ նախարարի 79-ն հրամանին: Թե ինչ է դա նշանակում, կրթության հարցերով անկախ փորձագետ Վանո Կարապետյանն ասում է, որ կառավարության նոր որոշումը հարմարեցվել է նախկինում եւ այժմ էլ գործող կառավարության 216-ն որոշմանը, որով հստակեցված են հաստիքացուցակները հանրակրթական ուսումնական հաստատություններում։
«Ֆինանսական նորմատիվների հետ կապված՝ էական փոփոխություններ չկան, բայց, այդուհանդերձ, մի քանի փոփոխություն կա, ինչպես, օրինակ, սա` հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողները, եթե դասաժամեր են պարապում ԲՏՃՄ ուղղվածության առարկաների դեպքում, այլեւս չեն ստանալու հավելավճար, բացառությամբ մաթեմատիկայից, ինչն անարդար է: Հիմնական հիմնավորումն այն է, որ դպրոցներում մաթեմատիկայի ժամերը շատ են, համեմատած կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի եւ քիմիայի, դրա համար այդպես են արել, որն իբրեւ թե շահագրգռում է ուսուցիչներին, որպեսզի մոտիվացվեն եւ դպրոցներ մտնեն հենց այդ մասնագետները»:
Ինչպես նկատում է Կարապետյանը, դպրոցներում նաեւ հաստիքային կրճատումներ են իրականացվում։ «Կառավարության 216-ն որոշմամբ նախատեսվում է՝ եթե դպրոցն անցնում է նոր կառավարման համակարգի, ապա դաստիարակչական աշխատանքների համակարգողի հաստիքը եւ տնօրենի մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալի հաստիքը սեպտեմբերի 1-ից վերանում է հանրակրթական ուսումնական հաստատություններից: Սակայն խոսքը վերաբերում է միայն այն դպրոցներին, որոնք անցել են նոր կառավարման համակարգի, եւ չի վերաբերում այն դպրոցներին, որոնք մինչեւ 2026-ը փակվելու են: Այս օրերին արդեն ծանուցումներ պետք է ստանան այդ հաստիքը զբաղեցնող անձինք, դրա փոխարեն կառավարության 216-ն որոշման մեջ նախատեսվում է լրիվ նոր հաստիք` կրթական աջակցությունների եւ դաստիարակչական աշխատանքների համակարգողի հաստիք: Գործառութային առումով այդ նոր հաստիքը զբաղեցնող անձն այն երկու հաստիքի միավորված գործառույթներն է իրականացնելու»,- նկատում է զրուցակիցս:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: