Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրանք, թե իրականություն». Օպերան իր թատերաշրջանը և առաջին միջազգային փառատոնը մեկնարկում է մարզում

Օգոստոս 22,2025 11:34

Փառատոներն ինչպես աշխարհում, այնպես էլ մեզանում, աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ: Եվ ահա մի փառատոնի, այն էլ միջազգային, սկիզբ է դնում Երևանի օպերային թատրոնը: Վերջինիս ֆեյսբուքյան էջից օրերս տեղեկացանք (մեջբերում ենք առանց միջամտության)

Սիրելի՛ հանդիսատես,

Օպերային թատրոնը մեկնարկում է իր 93-րդ թատերաշրջանը «ԱՐԵՆԱ ԼՈՌԻ» արվեստի միջազգային փառատոնի շրջանակում

Այս տարի Օպերային թատրոնի նոր թատերաշրջանի բացումը տեղի է ունենալու Ստեփանավանում

Օգոստոսի 28 19։30

Արամ Խաչատրյան «Դիմակահանդես» բալետ

Օգոստոսի 29 19։30

Արմեն Տիգրանյան «Անուշ» օպերա

Հանդիպում ենք Ստեփանավանում՝ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում

 

Ի դեպ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Aravot.am-ը կապվեց Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մովսիսյանի և աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի պետ Գայանե Ղալաչյանի հետ, որոնք մեզ հետ զրույցում փոխանցեցին հետևյալը:

Հասմիկ Մովսիսյան. «Ստեփանավան համայնքում մեկնարկում է մշակութային մի իրադարձություն, որն իր բացառիկ և աննախադեպ բնույթով մեծ ոգևորություն է առաջացրել քաղաքի բնակչության շրջանում։

ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 93-րդ թատերաշրջանի մեկնարկը հենց Ստեփանավանից ազդարարելը մեծ պատիվ է և միաժամանակ հզոր մշակութային շունչ համայնքի համար։

Ստեփանավանը մշտապես աչքի է ընկել իր հարուստ մշակութային անցյալով և արվեստասեր հասարակությամբ։ Եվ ահա, երկար սպասումից հետո, մեր քաղաքը վերածվում է բեմի՝ պատրաստ ընդունելու բարձր արվեստը։

Օգոստոսի 28-ին և 29-ին Ստեփանավանի հանդիսատեսն ու հյուրերը հնարավորություն կունենան վայելելու Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Այս ներկայացումներով համայնքում մեկնարկում է մշակութային նոր ալիք։

Այս իրադարձությունը իրականացվում է համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի և Օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի միջև ծավալված նախաձեռնող և արդյունավետ համագործակցության արդյունքում։ Եռակողմ այս համագործակցությունը հզոր թափ կհաղորդի Ստեփանավանում նոր և լուավոր մշակութային էջի մեկնարկին:

Մարզերում մշակութային նման ծրագրերն ունեն բացառիկ նշանակություն՝ հոգևոր վերածննդի, ազգային ինքնության ամրապնդման և համայնքային համախմբման տեսանկյունից։ Որպես համայնքի քաղաքացի՝ խորապես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով և ջանքերով հնարավոր դարձրին մեր քաղաքի մշակութային կյանքի վերածնունդը։

Սա պատրանք չէ։ Սա իրականություն է, որը մեր աչքի առաջ դառնում է պատմություն»:

Գայանե Ղալաչյան. «Օպերային թատրոնի նոր՝ 93-րդ թատերաշրջանի մեկնարկն այս տարի տրվելու է Ստեփանավան քաղաքում, ինչը մեծ իրադարձություն է մեր տարածաշրջանի համար՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետ, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերա, այն էլ՝ բաց երկնքի տակ: Հազարավոր մարդիկ անհամբերությամբ և մեծ ոգևորությամբ են սպասում ակնդրելու և ունկնդրելու այս մշակութային գլուխգործոցները: Ինչ խոսք, այս միջոցառումները յուրովի կաշխուժացնեն մեր քաղաքի մշակութային կյանքը, և համոզված եմ, որ ոչ միայն մեր քաղաքից, այլ հանրապետության այլ քաղաքներից շատ հանդիսատես կունենանք»:

Հավելենք, որ Օպերային թատրոնը՝ իր տանը, 93-րդ թատերաշրջանի առաջին ներկայացմամբ՝ Տիգրանյանի «Անուշ», հանդես կգա սեպտեմբերի 4-ին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031