Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ մեկ հոգին, միայնակ, կայացրեց որոշումներ մեր պետության և բոլորիս ճակատագրի վերաբերյալ. Վահե Հովհաննիսյան

Օգոստոս 22,2025 12:34

Հակակշիռների ինստիտուտը՝ ընդդեմ միայնակ որոշողի

Վաշինգտոնյան փաստաթղթերից հետո մենք հազար տեսանկյունից քննարկեցինք կատարվածն ու կատարվելիքը, բացառությամբ մեկի, որն ըստ իս չափազանց կարևոր է։

Դարձյալ մեկ հոգին, միայնակ, կայացրեց որոշումներ մեր պետության և բոլորիս ճակատագրի վերաբերյալ։

Այլանդակ ավանդույթի համաձայն՝ Հայաստանում պատմական որոշումները, որոնք գծում են մեր երկրի ու ժողովրդի ճակատագիրը, կայացվում են միայնակ, որպես կանոն՝ թաքուն։

Հիշեք նորագույն պատմությունը. միայնակ որոշվել է մի կողմ դնել 20 տարվա բանակցային փաթեթը, միայնակ որոշվել է պատերազմը հոկտեմբերին չդադարեցնել, միայնակ որոշվել է Արցախը հռչակել Հայաստան և հակառակը՝ Ադրբեջան։

Ազգային աղետի բերած բոլոր ճակատագրական սխալների հիմքում որոշում կայացնելու մեխանիզմն է։ Չի´ կարող մեկ հոգին որոշել բոլորիս ճակատագրերը, պետության ընթացքն ու հեռանկարը։

Սա պետք է Հայաստանում մեկընդմիշտ փոխվի։ Եվ սա պետք է լինի հականիկոլ ուժերի նախընտրական կոնսենսուսներից մեկը։

Նույնիսկ ստորագրված, նախաստորագրված փաստաթղթերն են գաղտնի պահվում հանրությունից։

Աղետի բերած ճակատագրական սխալ որոշումներից կարելի կլիներ խուսափել, եթե որևէ փուլում լիներ որևէ զսպող ինստիտուտ։

Հայաստանում մեկընդմիշտ պետք է ավանդույթ ձևավորվի, որ կարևորագույն որոշումների ժամանակ ընդդիմության հետ խորհրդակցելը ոչ թե ամոթ է, այլ՝ պարտադիր, որ սեփական թիմը պետք է ձևավորվի ոչ թե ուսապարկերից, որոնց հետո քննարկելու բան իրոք չկա, այլ՝ կարծիք, գրագիտություն ու փորձ ունեցողներից։  Պետության առաջիկա վերականգնումը ենթադրում է պետական ինստիտուտների էական ուժեղացում, որպեսզի արկածախնդիր որոշումներից առաջ դրանց կայացնողի ձեռքը բռնեն։ Ըստ էության, մենք դա չենք ունեցել։

Հետադարձ հայացքով նայելիս կտեսնենք, որ 1991-ից սկսած՝ Հայաստանը կայացրել է ճիշտ որոշումներ, գտել դժվար-ճշգրիտ քայլեր և արձանագրել հաջողություններ ա´յն ժամանակ, երբ որոշումները կայացվել են հակակշիռների գոյության պայմաններում, լինեին դրանք անհատական թե ինստիտուցիոնալ մակարդակի։ Երբ իշխանության մեջ եղել են կարծիք ունեցող ազդեցիկ անհատներ, երբ գործել են կոալիցիոն համագործակցության խաղի կանոններ, ի վերջո, երբ եղել է ազդեցիկ ընդդիմություն, երբ միայնակ որոշումներ, առավել ևս՝ միայնակ կատաստրոֆիկ սխալ որոշումներ, չեն կայացվել։ Եվ լրիվ հակառակը։

Շատ կարևոր է, որ նոր հետպատերազմյան էլիտան սա հասկանա ու խաղի նոր կանոնը հասցնի սեփական ժողովրդին։ Չի կարող Հայաստանում որևէ մեկ հոգի թաքուն պայմաններում կայացնի բոլորիս համար ճակատագրական որոշումներ։ Դրա հետևանքը մենք, ցավոք, տեսանք։ Նույնիսկ կենցաղային մակարդակով մարդկանց պետք է բացատրել, որ սա նաև վիրավորական ու վտանգավոր է։ Քանի հարյուր հազար մարդ սա ընդունեց, այդքան մարդ էլ պատրաստ կլինի դուրս գալ թե´ փողոց, թե´ ընտրատեղամաս՝ երկրի վերականգնումը համակեցության և խաղի նոր կանոններով սկսելու համար։ Հայաստանում այլևս երբեք կարևոր ու ճակատագրական որոշումները չպետք է կայացվեն մեկ հոգու կողմից։

Ամբողջ պարադոքսն այն  է, որ հականիկոլական դաշտի գործիչների մի զգալի մաս նույնպես սա չի գիտակցում և կարծում է, որ որոշումներ կայացնող մեկ հոգուն մեկ այլ մեկ հոգով փոխարինելն է պայքարի էությունը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խնդրում եմ, նկատեք որ ‘դարձյալ’-ն ու ‘չի կարող’-ը իրար հակադարձ են: Եթե չի կարոլ, ապա ինչպե՞ս է, որ դարձյալ է, և հակառակը: Միայն մեկ բածատրություն կա` հայությունը չունի ‘բոլորիս համար ճակատագրական’ -ի կոնցեպտը: ՍԱ Է ՄԻՇՏ ԵՂԵԼ ՄԵՐ ՀԱՄՐ ՄԵԿ ՆԿԱՐԱԳԻՐԸ` միջին վիճակագրական հայը (քիչ չեն `650000-ը 2021-ին վերարտադրին նիկոլին) իրեն միայն իր անձնական, ‘մարմնային’ պահանջի բավարարումն է հետապնդում ու գոհ է այդքանով: Սա CIA-ի survey-ն է: 7 տարի է հայ մտավորականությունը (որը դուրս է այդ միջին վիճակագրականից) բացի դարձյալ ու դարձյալ վերլուծելուց ու մեկնաբանելուց նիկոլին այլ բան չի արտադրել: Է, մի փաստաթուղթ ալ չենք կարող միասին մշակել: Չնմանվենք 7 տարում անգլերեն չկարոլացած սովորել նիկոլին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031