Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մեկս մեր տեղում և ամեն մեկս մեր ձևով աշխատանք տանենք

Օգոստոս 22,2025 12:38

Հայաստանյան քաղաքական ընդդիմությունը, արտահերթ ընտրությունների կամ վարչապետին անվստահություն հայտնելու մասին քննարկումների ինտենսիվությունը օր օրի նվազեցնելով, ի վերջո, հայ հասարակության ընդդիմադիր հատվածին հանգեցրեց 2026 թվականի հերթական ընտրություններին պատրաստվելու մտքին։ Անշուշտ, երբեք չպետք է բացառել, որ կարող է ստեղծվել ֆորսմաժորային իրավիճակ, և փոփոխություններ տեղի ունենան մինչև հերթական ընտրությունները։

Նկատենք, որ դա քիչ հավանական է, սակայն եթե հաշվի առնենք, որ քիչ հավանականության մեջ նույնպես հավանականություն կա, ապա նման սցենար չեմ բացառում։ Եթե ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին հնչեցրած անհեթեթությունները ինչ-որ տեղ կարելի է պարզապես թողնել Աստծու դատաստանին, ապա քաղաքական մոլորեցնող քարոզչությանը համարժեք գնահատականներ հնչեցնելը, կարծում եմ, պարտադիր է քաղաքական ընդդիմադիր հատվածի համար։ Գրեթե բոլոր բնագավառներում ՀՀ իշխանությունները մեծ վարպետությամբ մանիպուլյատիվ քարոզչություն են իրականացնում, մինչդեռ պառակտված քաղաքական ընդդիմությունը չի կարողանում ազատվել արմատավորված բարդույթներից և, ի վերջո, ճանաչել որևէ մեկի առաջնորդությունն ու համախմբված ու համակարգված դիմադրել ՀՀ իշխանությունների մոլորեցնող քարոզչությանը։

2026 թվականի հերթական ընտրություններում, եթե, անշուշտ, այն տեղի ունենա, ապա ներկայիս իշխանություններին վստահության քվե տվողները, ամենայն հավանականությամբ, բացի քաղաքաբնակ տարաբնույթ աղանդավորականներից, հիմնականում  կարող են լինել նաև Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր բնակվում են Հայաստանի այնպիսի վայրերում, որտեղ հասանելի ամենահեղինակավոր լրատվամիջոցները հիմնականում իշխանությունների վերահսկողության տակ են գտնվում։ Կապ չունի այն փաստը, որ աշխարհում բնակվող հայերի մեծ մասը իր համար արդեն բացահայտել է ներկայիս ՀՀ իշխանությունների ապազգային քաղաքականությունը, բայց ընտրություն կատարողները սփյուռքի հայերը չեն, որոնցից Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արդեն հրաժարվել են այս իշխանությունները, այլ ընտրություններին մասնակցողների մի զգալի մաս են կազմում, ինչպես արդեն նշեցի, հեռավոր գյուղերում բնակվող մեր շատ սիրելի այն հայրենակիցները, որոնց ունեցած տեղեկությունները Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին այն է, ինչ հրամցնում են իշխանության լրատվամիջոցները։

Հետևաբար այս տեղեկատվական պայքարում քաղաքական ընդդիմության գերնպատակը պետք է լինի հայ հասարակության այդ հատվածի հետ շատ ինտենսիվ աշխատանք կատարելը և նրանց հետ ճշմարտության մասին խոսելը։ Դա պետք է անել ո՛չ թե նկարվելու համար, թե տեսեք՝ մենք գործ ենք անում, այլ նվիրվածությամբ ու անձնազոհության պատրաստակամությամբ։ Նման շատ լավ հնարավորություն ունի նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամբողջ հոգևոր դասը, հատկապես հավերժ առաջամարտիկները՝ մեր շատ սիրելի արժանապատիվ Տեր հայրերը, ովքեր անձնվիրաբար իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում Հայաստանի հեռավոր գյուղերում կամ ընդհանրապես հայաստանյան մարզերում։

Ըստ իս, չպետք է սպասել, թե ինչ պետք է բարբաջի հակաքրիստոսի այս կամ այն պաշտոնյան, որպեսզի արձագանքել կամ հակադարձել դրանց։ Անկախ նրանից՝ նրանք դրա մասին բարձրաձայնում են, թե ոչ, պետք է իմանալ, որ նրանք իրենց մեջ կրում են այդ հակաեկեղեցական ախտը, մեղքի ստրուկներ են նրանք և ապաշխարելու մասին բնավ չեն մտածում։ Արդ, միասնաբար ու համակարգված, ամեն մեկս մեր տեղում և ամեն մեկս մեր ձևով աշխատանք տանենք մեր սիրելի հայրենակիցների հետ, որպեսզի նրանք չտրվեն այս ապազգային ու  հակաեկեղեցական իշխանությունների խաբկանքներին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031