«Կխնդրեմ քաղբանտարկյալների գոյության խնդիրը չդարձնենք ընդդիմության՝ իրար մեջ մուննաթի առարկա։ Այս խարանը մեր երկրի վրա է»,- իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նկատեց՝ վերջին մեկ-մեկուկես տարվա քաղաքական խոսույթի մեջ է նաև դժգոհությունը ոչ միայն իշխանությունից, այլև դժգոհություն ընդդիմությունից սերիալը. «Ես շատ ավելի շատ թերություններ, խնդիրներ կասեի, քան մամուլը լուսաբանում է։ Բայց անկեղծ խոսենք, որ քաղբանտարկյալների առկայությունը մեր երկրում այս պահին առավել գերակա հարց է, քան ընդդիմության աշխատանքների հետ կապված քննադատությունը»։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ եթե Բագրատ սրբազանի հետ լուսանկար ունեցող, նրան բարևել տենչող մարդկանց գոնե 5 տոկոսը հավաքվի դատարանի դահլիճում կամ ֆեյսբուքում գրառում անի, ակցիա կամ պիկետ անի, վստահ է, որ Բագրատ սրբազանին ու բոլոր մյուս անարդար դատվողներին հանրության ճնշման ներքո արագ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի բաց թողնել․ «Իրենցից առաջացած պրոբլեմներն ավելի շատ կլինեն, քան նստելու պրոբլեմը։ Սա հիասթափություն է մեզնից, բայց ազնիվ պետք է ասել»։
Անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին գրառմանը՝ Արմեն Աշոտյանն ասաց․ «Մարդն ասում է՝ 13 հոգի Լուկաշենկոն բաց է թողել, մենք բանակցում ենք ևս 1300 բելառուսական քաղբանտարկյալի ազատության մասին։ ԱՄՆ-ն ունի հնարավորություն անգամ այս պահին ավելի ավտորիտար իշխանությունների հետ բանակցել ու մարդ ազատել։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ հայ քաղբանտարկյալների գործը չի հայտնվում Թրամփի օրակարգում, իսկ Բելառուսինը հայտնվում է։ Հարցի պատասխանը գիտեմ։ Ինչո՞ւ չենք աշխատում ամերիկյան ինստիտուտների հետ հասարակական ճնշումով՝ դեսպանի վրա։ Չէ՞ որ Թրամփը քրիստոնյաների պաշտպան է դիրքավորվել։ Բա ինչո՞ւ այս հարցը մենք չենք տանում առաջ, որ հնագույն եկեղեցու երկու բարձրագույն հոգևորական նստած է։ Քրիստոնյաների պաշտպան պարո′ն Թրամփ, հայացքդ նետի նաև Ադրբեջանի ու Ալբանիայի արանքում գտնվող երկրի վրա»։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցն ավելի վատն էր, քան նախորդ տարիներինը․ «Այո, մատնանշված են խնդիրներ, բայց շատ ավելի քիչ է գրված, քան եղել է․ և′ բռնաճնշումներ, և′ քաղաքական կալանավորումներ, և′ ապօրինի ձերբակալվածներ»։
Արմեն Աշոտյանի համար անընդունելի է, որ Միքայել Սրբազանի, Սամվել Կարապետյանի դատերին ավելի քիչ մարդ է հավաքվում, քան նրանք ֆինանսական, հոգևոր, բարերարական աջակցություն են տրամադրել մարդկանց։
Արմեն Աշոտյանը ցավով նշեց․ «Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, կարո՞ղ է աշխարհի ամենաապերախտ ժողովուրդն ենք դառնում։ Այս հարցերը մեզ պետք է տանք՝ կարո՞ղ է ամենակարճ հիշողություն ունեցող ազգն ենք, թե՝ ոչ, աշխարհի ամենաուրաց՝ հայրենիք, արժեքներ ուրացող ժողովուրդն ենք, թե՝ ոչ։ Կարո՞ղ է մեր ակնկալիքները հին են, նոր Հայաստանում նոր էթնիկ հոգեբանություն ունի մեր ժողովուրդը»։
Անդրադառնալով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի՝ BBC-ին տված հարցազրույցում հնչեցված այն կարծիքին, որ Ուկրաինան չպետք է Ռուսաստանին տարածքներ զիջի ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, ՀՀԿ փոխնախագահն ասաց․ «Այդ տիկինն ասում է՝ գիտե՞ք՝ Ուկրաինան խաղաղության խաթր ՌԴ-ին տարածքներ չպիտի լուծի։ Լո՞ւրջ։ Ինչ ուզում եք, այնտեղ արեք․ իմ գործը չէ, բայց ՀՀ-ի դեպքում, երբ ՀՀ-ն ինչ ասես, զիջել է, դուք ողջունում եք, Ուկրաինայի դեպքում ասում եք՝ չպիտի զիջի՞։ Բա, եթե լավ լուծում է դա, եթե սաղ տալ, պրծնելը լավ բան է, որ Նիկոլի գլուխը շոյում եք, ՀՀ-ի գլխին ամպեր բերում, բա տարեք, Ուկրաինայում էլ արեք։
Բա էդ ինչո՞ւ Ուկրաինայի դեպքում չի կարելի զիջել ոչ մի բան, բայց Հայաստանի դեպքում՝ ինչ լավ է, որ զիջել եք։ Լո՞ւրջ։ Տիկին Կալասը կարծում է, որ ամենամեծ երաշխավորը Ուկրաինայի անվտանգության ուկրաինական բանակն է։ Լո՞ւրջ։ Բա հայկական բանակը, որ կազմաքանդում են, մեզ ասում են՝ ձեզ բանակ պետք չէ, այնտեղ ասում են՝ ուկրաինական բանակը։ Այս ցինիզմը, որ Նիկոլը մեզ վրա վաճառում է, ունի արտաքին հովանավորներ, բայց գնորդը մենք ենք։ Մերժեք այդ կեղտոտ ապրանքը, այդ խաղաղությունը որդնած, փտած, կեղծ ու թունավոր է, այդտեղ չկա խաղաղություն, այլ այդտեղ կա երկարատև, փուլային մահ պետության, մարդկանց և արժանապատվության»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ