Բագրատ սրբազանի եւ մյուսների ՝ ահաբեկչության նախապատրաստման գործով դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց Տիգրան Թոփալյանի կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով՝ պահպանելով կիրառված սահմանափակումները:
Պաշտպանը առարկեց՝ նկատելով, որ առկա չէ հիմնավոր կասկածը, մեղադրանքի օրինականությունը կալանքի ընտրման ժամանակ չի ստուգվել, առկա է Թոփալյանի արարքի քրեաիրավական որակման խնդիր, Թոփալյանին մեղսագրված արարքը բավարար չափով հստակեցված չէ, տրված է ընդհանրական բնորոշում՝ պատճառաբանելով, թե խմբի կազմում ենթադրյալ արարքի հետ գործ ունենք:
Պաշտպանի խոսքով՝ այն գործողությունները, որոնք մեղսագրվում են Թոփալյանին, հավանության չարժանացած քննարկման մակարդակի խոսակցություններ են, չունեն օբյեկտիվ իրականացման հիմք,ընդամենը ենթադրում են հավաքների ազատության իրավունքի իրացման վերաբերյալ քննարկումներ. «Ստացվում է` մարդկանց կողմից հավաք կազմակերպելը դիտարկվել է հանցավոր»:
Պաշտպանը խնդրեց կիրառել այլընտրանքային խափանման միջոց մինչեւ 10 միլիոն դրամի չափով գրավի դիմաց:
Կարդացեք նաև
Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց Թոփալյանի կալանքի ժամկետը եւս երկարաձգել եւս երեք ամսով:
Այսօր դատարանը երեք ամսով երկարաձգեց նաեւ գործով մեկ այլ մեղադրյալ Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքի ժամկետը: Վերջինս այս գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն էր:
Հանրային մեղադրողը դիրքորոշում հայտնեց, որ առկա են Օկումուշյանին կալանավորելու բոլոր հիմքերը, պաշտպան Վահագն Բաբայանը առարկեց՝ ասելով, որ առնվազն վարույթի քննությանը խոչընդոտելու ռիսկը չի կարող նվազած չլինել, քանի որ գործն արդեն գտնվում էր դատարանում: Պաշտպանը նաև միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց ընտրել՝ տնային կալանք՝ համակցված 1.5 մլն դրամի չափով գրավով: Դատարանը, սակայն, որոշեց կալանքի ժամկետը երկարաձգել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ