Բագրատ սրբազանի եւ մյուսների՝ ահաբեկչության նախապատրաստման գործով դատական նիստում հանրային մեղադրողն այսօր միջնորդեց նաեւ գործով մեղադրյալ, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով: Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այս անգամ էլ բավարարեց միջնորդությունը:
Մինչ դատարանը կհրապարակեր կալանքի ժամկետի վերաբերյալ որոշումը, Իգոր Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ:
«Մենք մտածելու բան չունենք, դուք մտածելու բան ունեք: Կկատարեք պատվեր, մի օր Ձեր նկատմամբ կտրվի պատվեր: Կդատեք պատվերով, մի օր պատվերով Ձեզ էլ կդատեն: հետո հանկարծ չասեք՝ Աստված ջան, էս ինչ ղալաթ արեցինք: Ուրացող, ստախոս բանսարկու իշխանության իշխանությունը արդեն մոտեցել է իր ավարտին: 7 տարի, 7 ամիս, 7 օրը մոտ է: Գալիս է պատասխան տալու եւ հատուցման ժամանակը»,- ասաց Իգոր Սարգսյանը: Նրան ընդհատեց նիստը նախագահողը քաղաքական հայտարարություններ անելու համար: Բայց Սարգսյանը կրկին շարունակեց:
Կարդացեք նաև
-Բացեք ձեր աչքերը մեղադրողներ, դատավորներ, արդարամիտ եղեք ու իրատես: Մեզ բոլորիս կեղծ խաղաղություն քարոզելով՝ դժոխքի միջանցքով կամ խաչմերուկով տանում են դեպի Դերզորի անապատներ, կանգ առեք,- Սարգսյանի այս ելույթը նորից ընդհատեց նիստը նախագահողը:
Սկսվեց լեզվակռիվ մեղադրյալ Սարգսյանի, նիստը նախագահողի եւ մեղադրյալներից մեկ ուրիշի միջեւ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ